ՄԱՐԴԻԿ ՄՆԱՑԻՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը, սակայն ԱԺ է հասել մեկ օր ուշ: Համենայն դեպս, երբ ՄԻՊ գրասենյակից հայտնեցին Պաշտպանի հրաժարականի մասին, ԱԺ-ից տեղեկացրեցին, որ այդ օրը, ժամը 18:00-ի դրությամբ, իրենք ՄԻՊ-ից հրաժարականի դիմում չեն ստացել: Կարեն Անդրեասյանն իր ֆեյսբուքայն էջում շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս հայտնել (ոչ թե վստահություն, ի դեպ), որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության եւ հասարակության առաջնահերթությունը (տեսնես այդպես ե՞րբ է եղել): Կարեն Անդրեասյանը շեշտել է, որ այս կապակցությամբ այլ մեկնաբնություններ չեն լինելու: Ափսոս, նկատի չունենք, որ պարոն Անդրեասյանը հեռացավ իր պաշտոնից, այլ այն, որ մեր երկրում պաշտոնից հեռացողները հարկ չեն համարում մեկնաբանել, թե ինչու են հեռանում: Ի դեպ, արդեն իսկ շրջանառվում են հաջորդ ՄԻՊ-ի թեկնածուների անուններ, դրանցից առանձնացնենք հատկապես մեկին. ըստ որոշ «քաջատեղյակ» աղբյուրների, վարչապետ Աբրահամյանն իր շրջապատում ասել է, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «հրաշալի ՄԻՊ» կլինի: Մի՞թե: |