ՀԱՅԵՐՍ ԵՎ ՆԱՐԻՆՋԸ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ Հետամանորյա «պատմաբանասիրական» ուրվագիծ Տարաշխարհիկ մրգերն այսօր հայ մարդու համարՙ Հայաստանում թե այլուր, բարեբախտաբար ավելի քան սովորական, առօրյա երեւույթ են։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում հայաստանցու համար դրանք հազվագյուտ էին։ Անգամ ցիտրուսային պտուղները դժվար գտանելի, բաղձալի համադամներ էին, հատկապես չքավոր եւ սահմանափակ կենցաղով ապրող խորհրդահայի համար, որի աչքին ոչ միայն անանասն ու բանանը, այլեւ նարինջը լիության, փարթամ կյանքի էանիշ էր (հիշենք, թե ինչպես 1990-ականների սկզբին ՀՀ առաջին նախագահի «նարինջ ուտողներ» արտահայտությունը վրդովմունք առաջացրեց սփյուռքահայերի եւ շատ հայաստանցիների մեջ): Նարինջը համարվում է չինական մրգատեսակ (գիտական անվանումըՙ citrus sinensis` չինական ցիտրուս, իսկ ռուսերեն ՈտպսՖրՌվ բառն առաջացել է գերմաներեն ապֆել սինՙ չինական խնձոր բառից)։ Բառը հայոց լեզու մուտք է գործել արաբերենից (նարանջ)։ Պատմության ընթացքում այն քիչ թե շատ ծանոթ կուլտուրա է եղել Կիլիկիայի հայության համար, իսկ մերձարեւադարձից հեռու ապրող լեռնաբնակ հայության մեծ մասի համար եղել է անմատչելի մի բան։ Այս առումով հիշենք մի ուշագրավ դեպք հայոց պատմությունից։ Հայտնի է, որ Մեծ եղեռնից հետո հայրենասիրությամբ տոգորված արեւմտահայ մնացորդացն իր հարսանիքների ժամանակ սկսել է հանգանակություններ կատարել եւ դրանք նվիրաբերել հայ որբերին, Կարմիր խաչին եւ հայոց բանակին` 1920 թվականին Ադաբազար քաղաքում Պետրոս Աֆեյանի հարսանիքին եւս աճուրդ է կազմակերպվել, որից գոյացել է 40 ոսկի գումար` «Հազիւ վերջացեր էր աճուրդը, երբ հանդիսականներէն մէկը նարինջ մը նուիրեց Հայ բանակին. ժողովուրդը սիրով ընդունեց սիրազեղ այդ նուէրը եւ աճուրդի դրաւ» (տես Սօս Վանի, Նարինջ մը նուէր` Զանգեզուրի հայ առիւծներուն, «Ճակատամարտ» թերթ, 29.01.1920)։ Խորհրդային տարիներին եւս տասնամյակներ շարունակ նարինջը եղել է ապրանքային դեֆիցիտ (անգամ շփացած Մոսկվայի համար, էլ ուր մնացՙ փոքրիկ ծայրագավառ Հայաստանի)։ Եթե հարեւան Վրաստանից պակաս հարգի մանդարինը հասնում էր Հայաստան, ապա նարինջը մնում էր հազվագյուտ դելիկատես, որը հաճախ Մոսկվայում կամ Լենինգրադում գտնվող կամ այցելող հայաստանցիները ծանրոցով ուղարկում էին Հայաստանի իրենց հարազատներին։ Եվ տարօրինակ էր թվում, որ թեեւ նարնջի հազվագյուտ լինելունՙ Խորհրդային Հայաստանում արտադրվում էր նարնջի ծամոն (որի անվանումը տպվում էր վրիպակովՙ ՆԱՐՆԶԻ…)։ Եվ մեր խնայող ու հնարամիտ տնտեսուհիները անգամ նարնջի կեղեւներն էին օգտագործումՙ դրանից մուրաբա պատրաստելով, ինչը այսօր ոչ հայաստանցիներին ու նաեւ մեր նոր սերունդներին չափազանց տարօրինակ է թվում… Խորհրդահայ իրականության մեջ նարնջի հազվագյուտ բնույթն արտացոլվել է Յուրի Երզնկյանի «Մեր թաղի ձայները» ֆիլմից (1959-1960) դուրս մնացած մի տեսարանում։ Ֆիլմի պատանի հերոսն իր առաջին աշխատավարձով նարինջ է գնում։ Նա մենակ նստած է բարում եւ շփման կարիք ունի։ Հարեւան սեղանի մոտ նստած ծերուկի հետ (դերակատարՙ Հրաչյա Ներսիսյան) նա խոսք է բացում դժվար գտանելի նարնջի մասին, որից հիմա իր գրպանում կա։ Ծերուկն ընթացք չի տալիս խոսակցությանը, սակայն որոշ ժամանակ անց ժպտալով մոտենում է նրան եւ ասում. «Նարի՛նջ տուր» (տես С.Г.Асмикян, Тесный кадр, Ереван, 1992, էջ 38-39): Չի բացառվում, որ այս տեսարանը կինոնկարից դուրս է մնացել հենց նարնջիՙ դեֆիցիտ լինելու փաստը խորհրդահայ էկրանից բարձրաձայնելու պատճառով… Հետաքրքրական է, որ տարիներ անց նարինջըՙ որպես խորհրդային իրականության դեֆիցիտ ապրանք, իր էկրանային արտահայտությունն է գտել նաեւ Կիրա Մուրատովայի «Կարճ հանդիպումներ» (1967) ֆիլմում. այս կինոնկարն էլ, ի դեպ, Մուրատովայի այլ աշխատանքների պես, կինովարձույթ չի մտել եւ կոնսերվացվել է։ Շառլ Ազնավուրի քույրըՙ Աիդա Ազնավուր-Կառվարենցն իր հուշագրքում մի սրտաճմլիկ վկայություն է թողել 1960-կաններին Խորհրդային Հայաստանում նարնջի դեֆիցիտի վերաբերյալ։ Երբ 1965 թվականին նրա մայրը հանկարծամահ է եղել Մոսկվայի օդակայանում, եւ Աիդան ամուսնու հետ մեկնել է Մոսկվա, նրանք Փարիզից պատվիրել են հատուկ ինքնաթիռՙ տիկին Ազնավուրյանի մարմինը Ֆրանսիա վերադարձնելու համար։ Ֆրանսիայից ժամանած օդանավն իր հետ բերել է մի արկղ նարինջ։ «Մայրիկի բարեկամուհին մեզ պատմել էր, թե ինչպես իրենք Հայաստանում այցելել են մի ծեր կնոջ, որը 1946 թվականին է Մարսելից «Մայր հայրենիք» ներգաղթած եղել եւ մահվան մահճում միայն մի բանՙ գոնե մի հատ նարինջ է ուզել։ Տիկին Գայանեն խոստացել է ուղարկել, բայց ողջ Մոսկվան տակնուվրա անելովՙ ոչինչ չէր կարողացել գտնել։ Ամեն տեղ նրան նույն պատասխանն էին տվել . - Նարի՞նջ, իհարկե, լինում է, մի՛շտ, հենց նոր վերջացավ։ Երբ նա մեզ ասաց այդ մասին, մենք Բրունոյին խնդրեցինք Կարավելով նարինջ ուղարկել։ Բայց ոչ, պարզվեց, որ դրանով մենք ծանր վիրավորանք ենք հասցնում ընկերվարական երկրին ։ - Մեզ մոտ ամեն ինչ կա,- ասացին ոստիկանները,- մեր ժողովուրդը ոչ մի բանի կարիք չունի, ե՛տ տարեք նարինջները ։ - Բայց գուցե Հայաստանի որեւէ, մի շատ հեռավոր գյուղում միշտ չի՞ ճարվում ... - Ո՛չ, ո՛չ,- չոր-չոր ընդհատեց ոստիկանապետը,- ամեն տեղ էլ կա։ Որքան որ սրտներդ ուզի ։ Նարինջները մեզ հետ Ֆրանսիա վերադարձան։ Մեր Սվետլանան դատարկաձեռն էր գնացել ծեր կնոջ մոտ։ Նրան թույլ չտվին մահամերձ հիվանդի համար գոնե մեկ հատ նարինջ վերցնել» (Աիդա Ազնավուր-Կառվարենց, Ափարիկս, Երեւան, 2012, ֆրանսերենից թարգմանեց Գրիգոր Ջանիկյանը, էջ 220)։ Գոհ լինենք, որ անցել են նման անհեթեթ ժամանակները, եւ վառ գույնով, հյութալի, դրախտաբույր-դրախտահամ նարնջապտուղն այլեւս հեռավոր երազանք չէ հայաստանցիներիս համար… Ասում են, որ նույնիսկ մի ժամանակ գրեթե մերձարեւադարձային Մեղրիում (Կարճեւան գյուղում), ի թիվս այլ ցիտրուսային կուլտուրաների, նաեւ նարինջ են աճեցրել… Մնում է մաղթել, որ մեր գյուղատնտեսությունն այնքան զարգանա, որ մի օր մեր տեսականիում «նարինջ դեղձի» հետ մեկտեղ լինի նաեւ իսկական նարինջ։ «Հայաստանյան նարինջ»։ Խոստովանենք, որ լավ է հնչում… |