RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



Տեղադրվել է` 2016-01-17 20:28:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2429, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ձեր ինչի՞ն է պետք ՄԻՊ-ը

Մենք այն քչաթիվ լրատվամիջոցներից էինք, որ ժամանակին հրճվանքով չընդունեցինք Կարեն Անդրեասյանի նշանակումը ՄԻՊ պաշտոնում, քանի որ, անձի դեմ ոչինչ չունենալով, գտնում էինք, թե այս պաշտոնում կարող է աշխատել ճանաչված, հարգանք վայելող, փորձառու, չքաղաքականացված մեկը, ում կարծիքի հետ հաշվի կնստեն: Ընդհանրապես` դեմ ենք այս ու այն պաշտոնում վերեւների մանկապարտեզի կամ դպրոցական ընկերների նշանակմանը, որն անլուրջ է դարձնում որեւէ պաշտոն: Երբ ԱԺ անցած նստաշրջանում եղան այնպիսի պատգամավորներ, որոնք նույն կրքով դատափետում էին ՄԻՊ-ինՙ ինչ կրքով պաշտպանում էին նրան նշանակելիս, հասկացանք, որ Կարեն Անդրեասյանն, այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում մանրից սովորել է աշխատել, չնայած իր սովորական իներտությանը, եւ ուրեմն արդեն տրորում է սրա-նրա ոտքը, որը նրան չի ներվում: Իսկ ըստ տարբեր լուրերի եւ հենց Կարեն Անդրեասյանի` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արված կես բերան ակնարկների, նա հայտնվել է հայտնի անձանց հակադրության անհաճո եռանկյունում: Այն ժամանակ արդեն ենթադրելի էր նրա հրաժարականը, խնդիրը ուղղակի ժամկետի մեջ էր: Որ մարդու իրավունքերի պաշտպան նշանակում եւ ազատում են մի քանի անձերի քմահաճույքով (խոսքը իրավական գործընթացների մասին չէ` ընթացակարգով այս ինստիտուտը շատ ժողովրդավարական նշանակման մեխանիզմ ունի, հատկապես հիմա` փոխված սահմանադրությամբ ԱԺ-ն առավել ազատական եղանակով է ՄԻՊ ընտրելու, այն էլ վեց տարով), սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, մեզ մոտ այս ինստիտուտը ընդամենը ցուցափեղկ է ու այդպես էլ չի կայանում, որքան էլ արդեն թվով երեք ՄԻՊ ունեցել ենք: Եղբայր, որ այսպես տգեղ ու կոպիտ ձեւով ձեր իսկ դրած ՄԻՊ-ին եք փոխելու, փորձելով «հայաթի» նոր հավատարիմ ընկեր խոթել այդ պաշտոնում, վերացրեք այդ ինստիտուտը, ինչների՞դ է պետք. չի կարող, չէ՞, որեւէ ՄԻՊ իսկապես մարդու իրավունք պաշտպանել ու ի ցույց չդնել այսուայն ոլորտի կեղտերը, որտեղ խախտվում են մարդու իրավունքները: Եթե հետո ամեն պաշտոնյա իր ոլորտում մարդու իրավունքների խախտումների բացահայտումներից հետո խաչակրաց արշավանք է սկսելու ՄԻՊ-ի դեմ, ի՞նչ եք անում ՄԻՊ պաշտոնը, հրաժարվեք դրանից, եվրոպաներին էլ ասեք` մեզ մարդու իրավունք պետք չէ, մեզ մոտ այնպես է, ինչպես դրախտում, որտեղ մարդու իրավունք խախտող չկա:

Մեզ մոտ չեն ամեն օր մարդ ծեծում, հետո հարկադրում ծեծվողին վկայություն տալ, թե այդպիսի բան չի եղել: Հայաստանի դատական համակարգում, ոստիկանությունում եւ այլուր չէ, որ ամեն օր մարդու իրավունքներ են ոտնահարվում, այլ տոգոներում, իսկ Հայաստանը, գիտեեեե~ք, ինչպես որ դրախտի գտնվելու վայրն էր սկզբնապես, այնպես էլ այսօր է: Կամ էլ Մհեր Սեդրակյանին, Սամվել Ալեքսանյանին դրեք այդ պաշտոնում, ժողովրդի կողմից խախտված օլիգարխներիդ իրավունքերը կպաշտպանեն-կվերականգնեն, հրեն ոստիկանությունը մենակ չի կարողանում մի քանի կիլո միրգ փախցնելով վաճառող կանանցից ազատել «Երեւան-սիթիներին» մերձ տարածքները եւ լիարժեք պաշտպանել Սամվել Ալեքսանյանի իրավունքները ավելուկ ու խնձոր ծախող մի քանի կանանցից: Դե, ժողովուրդն էլ մի կերպ կտապակվի իր թավայում, ոնց որ տապակվել է միչեւ հիմա:

Իսկ եթե մի կողմ թողնենք դառը հումորը, ապա ՄԻՊ-ի նշանակում-հրաժարականը, Ազգային ժողովում, Կարեն Անդրեասյանի վերջին զեկույցը ոչնցացնելու թատերականանացված տեսարանն էլ հետը, տիպիկ օրինակ է Հայաստանում առկա պաշտոններում առհասարակ նշանակման-ազատման մուլտիպլիկացիոն բնույթի, որի հանդեպ վաղուց արդեն ժողովուրդն անտարբեր է կամ էլ մխիթարվում է անեկդոտներ հորինելով այդ բոլորի մասին:

Փոփոխությունների ուրվականը

Իսկ ընդհանրապես` երբ սահմանադրական հանրաքվեն հորով-մորով արվեց, ինքնին հասկանալի էր, որ վերջնականապես ազատվում են այդպիսով դրանք նախաձեռնողի ձեռքերը: Նախաձեռնողը նախագահն է: Այժմ գոնե ինստիտուցիոնալ առումով նրան ոչինչ չի խանգարում իր ունեցած շախմատի տախտակի վրա ստանալ այնպիսի պատկեր, որը չի խանգարի ապագա խորհրդարանական ընտրություններում հավաքել իշխանության իրացման սեփական պատկերացումներին համապատասխան խորհրդարան, իսկ այդպիսի խորհրդարանով գործադիրի ցանկալի պատկեր ստանալը տեխնիկայի հարց է: Իհարկե, մի բան են ժողովրդի, հասարակության պատկերացումները երկար սպասված փոփոխությունների վերաբերյալ, ուրիշ` իշխանական վերին օթյակների պատկերացումները նույն առումով: Բայց որ առանց բան փոխելու հնարավոր չէ այլեւս մեր կյանքը կազմակերպել, սա հասկանալի է բոլորի համար: Ահա եւ ոչ մի անակնկալ չկա այն բանի մեջ, որ փոփոխություններ անելու ամենամեծ լծակների տիրապետող վերին օղակից են գալիս այդ փոփոխությունները, այդ օղակի պատկերով ու նմանությամբ, քանի որ հանրության վստահությունը վայելող ընդդիմություն չկա, որ հանրությանը պետք է փոփոխություններ պարտադրի: Բոլոր դեպքերում հասկանալի է, որ ՀՀԿ-ն այլեւս միայնակ չի կարող ոչ կառավարել, ոչ էլ միայնակ տիրապետել ռեսուրսներ, մինչեւ հիմա այդպես է եղել, որից սարսափելի դժգոհ է հանրությունը: Սա հասկանում է նաեւ ՀՀԿ ղեկավարը, որը հավանաբար նախ կսկսի իր շրջապատից: ՄԻՊ-ի հրաժարականին եթե այս տեսանկյունից նայենք եւ տեսնենք, թե այս պաշտոնի համար ինչ անուններ են շրջանառվում` ընդհուպ Ավետիք Իշխանյան, եթե հավատանք դատական համակարգում սպասվող պաշտոնափոխությունների լուրերին, ապա հասկանալի է դառնում, որ նախապատրաստվելով մոտակա խորհրդարանական ընտրություններին` ՀՀԿ առաջին դեմքը հավանաբար որոշել է ավելի դեմոկրատացել իր շրջապատը, կառույցները համալրել ավելի լայն պալիտրայով, քան մինչեւ այժմ է եղել: Այս իմաստով ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի մասին խոսակցությունները այնքան էլ հիմնազուրկ չեն թվում` բնականաբար բազմաթիվ պաշտոններ ՀՀԿ-ականներից ազատելու եւ այլ ուժերից մարդիկ ներգրավելու հեռանկարով: Իսկ ՀՀԿ-ի ներսում եղած սուր մրցակցությունը, որ հաճախ դրսեւորվում է Ազգային ժողովի նիստերի ժամանակ, նույնպես վկայում է այն մասին, որ ՀՀԿ-ականներից շատերը աստիճանաբար կուղարկվեն արխիվ: Եթե խանգարող չլինի (աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում խանգարողներ միշտ էլ կգտնվեն` մեր քաղաքական այս կամ այն ռեսուրսի կամ գործչի վրա հենվելով), խորհրդարանական ընտրություններին մոտիկ արդեն հավաքված կլինի այնպիսի քաղաքական կոնֆիգուրացիա, որը անցնցում պետք է որ տանի վերեւների, այն է` հատկապես ներկա նախագահի ճաշակով խորհրդարանի հավաքագրմանը: Երկար տարիներ այս փորձված մեթոդներն աշխատել են, չնայած` հիմա աշխարհաքաղաքական համատեքստը լրիվ այլ է, եւ այս կարգի պլաններին միշտ կարող է խանգարել աշխարհաքաղաքական եւ դրան հետեւող տնտեսական անկայունության ֆորս-մաժորը :

Իսկ մենք արձանագրենք հերթական անգամ, որ այս ենթադրելիք շարժընթացի հետ ժողովուրդը, հասարակ հայ մարդը ոչ մի կապ չունեն, ինչպես որ անցած ժամանակներում, այս անգամ եւս հանրությունը խաղից դուրս կմնա:

Տաքը

Ամանորից հետո տեղեկատվական հարթության մեջ իշխող տաք թեմաներից H1N1 սուր շնչառական վարակի վերաբերյալ տեղեկատվական դիվերսիային հետեւելիս (խուճապ առաջացնող լրատվությունն այլ կերպ անվանել չենք կարող) տարբեր մտքեր են այցելում մարդու: Եթե պաշտոնական հստակ տեղեկատվությունն ու մանրամասն հրահանգավորումը բացակայում կամ ուշանում են, լրագրողներն էլ կդժվարանան ստուգել` մինչեւ այժմ սուր-շնչառական վարակից մահացած մեկ տասնյակի չափ հիվանդների մոտ արդյոք խոզի գրիպն էր մահացության պատճառը, թե՞ սովորական գրիպի բարդությունից էլ քրոնիկ հիվանդները կարող էին մահանալ, ակամա զարգանում է խուճապն ու դավադրության զանազան տեսություններն են կյանք ստանում: Մոտավորապես այս կարգի, թե, օրինակ, միգուցե մեկին պետք է եղել մեծ քանակությանմբ ներկրված համապատասխան դեղամիջոցները վաճառել: Համենայնդեպս` բավական թանկարժեք տամիֆլյուն, որ համարվում է խոզի գրիպը թեթեւացնող դեղամիջոց, դեղատներում խուճապի հետեւանքով սպառվել է:

Ողջույն Անտոնինա Մահարուն

Լրագրողներից հաճախ են դժգոհում` ընդդիմադիրները, հասարակ մարդիկ, թե` օպերատիվ չեն եւ այլն: Այս շաբաթ անձամբ ես հակառակում համոզվելու առիթ ունեցա, ինչպես նաեւ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի այն մտահոգության ճշմարտացիության ապացուցման, որ պետք է ֆեյսբուքը ճիշտ օգտագործել: Վերջինս նկատի ունի, որ սոցիալական ցանցը եւս լրատվամիջոց է, եւ բավական ազդու, ու պետք է ոչ թե սելֆիներով լցնել այն (խոսքը լրագրողների մասին է), այլ որպես լրատվամիջոց օգտագործել: Ահա, ուրեմն, այս շաբաթվա սկզբին Գլենդեյլում բնակվող մեր գործընկեր Կարինե Դանիելյանից լուր ստացանք, թե Երեւանի իր բնակարանում ծայրահեղ անօգնական վիճակում եւ ցրտի մեջ է Գուրգեն Մահարու այրին` Ամտոնինա Մահարին, նրան այցելել էր Լոս Անջելեսի մի ծանոթ: Մինչեւ ուրբաթ` մեր թերթի հերթական համարի հրապարակմանը չէի կարող սպասել, այդ մասին լուրը երկուշաբթի տեղադրեցի ֆեյսբուքի իմ էջում: Այն, ինչ կատարվեց հետո, աննկարագրելի է, եւ խոսում է այն մասին, որ մեր լրատվամիջոցներն, այնուամենայնիվ, բավական օպերատիվ են, իսկ առանձին լրագրողներ պարզապես ազնվորեն պատրաստ են օգնել մարդկանց: Արագ արձագանքեցին News.am-ը, «Պանորամա» կայքը, «Առավոտը», «Հրապարակը». «Ա-1 պլյուսը», երեւի ուրիշներ էլ կլինեն, որոնց չեմ հետեւել: Արձագանքել են նաեւ պետական կառույցներից, սոցապահովության նախարարությունից, այնպես որ տիկին Մահարին, չնայած իր հպարտ բնավորությանը եւ օգնություն չընդունելու տրամադրվածությանը, այնուամենայնիվ, ուշադրության կենտրոնում էր, եւ արդյունք կլինի: Այնպես որ` մեր լրատվամիջոցներին երբեմն էլ պետք է ոչ թե քննադատել, այլ շնորհակալություն հայտնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ