RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 24256, Տպվել է` 647, Ուղարկվել է էլ.փոստով` 597

ՉԱՓՈՒԿՇՌԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ... ՈՒ ԼՐԱԳՐՈՂԻ ԽԻՂՃԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մասնագիտական պատասխանատվություն շատերն ունեին: Մնում էին, հետեւում իրենց նյութի ճակատագրինՙ ոնց շարվեց, երբ կդրվի: Երբեմն ուշ երեկոյան կամ գիշերովՙ ժամը 22 -ին էլ, մեր հոգնած վարգը դադար չէր գտնումՙ օդանավակայան - հյուրանոց էինք վազում, Հայաստան ժամանած սպասված հյուրի հետ առաջինը զրուցելու, նրա խոսքը մեր ժողովրդին փոխանցելու կարեւոր առաքելությամբ ու մանավանդՙ exclusive զրույց վարելու լրագրողական ոգեւորությամբ:

Մեր օրը սկսվում էր առավոտյան 8 - ին, բայց ո՞վ գիտերՙ ե՞րբ էր ավարտվում... օրվա թթխմորՙ ինչքան ասես, գոլ քաղաքական միջավայրում հասունացած, շիկացած ժամերի մեջ իր ամանից թափվում, քեզ ստիպում էր խմոր հունցել, վարպետ ես, այնպես արա, որ այսօրվա հացդ վաղը հին չլինի: Մեր լավաշը երբեմն համակարգչային սենյակում արդեն ստեղնաշարի գրտնակն էր անցնում, իսկ փուռ մտնելու դժվարությունն ուներ: «Այսօր էլ չհասցրի ժամադրության», բարձր տրտնջում էր մեր էջադրող Սամվել Բաղդասարյանը, երբ ես ուշ երեկոյան հեւիհեւ նրան էի հանձնում իմ ու համակարգչային օպերատորների ժամերի ստեղծածը: Եսՙ ընթերցողի վաղվա գովեստին դեմ հանդիմանՙ ուրախ, ինքըՙ սիրածին գգվելու, համբուրելու առիթը կորցրածՙ տխուր չէ, զայրույթով լի... Էջադրողին էլ չէիր մեղադրիՙ դու վազում ես, քաղաքը չափչփում, իսկ ինքը սոսնձված համակարգչի առջեւ, քո «քմահաճույքին» գերիՙ նույնիսկ սիրած աղջկան էլ չի կարող բացատրել, որ եթե օրաթերթն ես ընտրել, ուրեմնՙ ցտեսություն ներկա, ժամանակն այստեղ արտոնել Է մեզՙ այսօրը երեկ գրել, բայցՙ հայացքը վաղվան, ապառնիի մագնիսը քաշում էր մեզ անխնա:

Համոզված էինքՙ վաղվա լրագրությունը մեզանից թունդ է լինելու, մեզանից արագ է օգնելու մարդուն, մեզանից օպերատիվ է աշխատելու: Հիմա էլ համոզված եմ, որ վաղվա Հայաստանը, բոլորիս Հայաստանը ուժեղ է լինելու հենց լրագրողների շնորհիվ, ճշմարտությունն արժեք համարող մունետիկը, արլեքինը լրագրողի մեջ են ու նա չի վախենում:

Մենք չէինք վախենում: Համարձակ լինել չի նշանակում լրագրող լինել, բայց լրագրողն առանց քաղաքացիական ուղիղ կեցվածքի լինո՞ւմ է որ... Մի անգամ պայթուցիկ էին դյուրավառ հեղուկով շիշ նետել մեր խմբագրության բաց պատուհանից ներս, վանդակապատեցինք: Մի ուրիշ անգամ Արմեն Բաղդասարյանի ձայնագրիչն էին խլել, նրան մարմնական վնասվածք պատճառել ու փախել էին: Արմենի գրիչը ոչ ոք չվերցրեց, իսկ միտքըՙ միշտ կտրող սուր էր: Հակոբ Ավետիքյանին քանի անգամ էին ասելՙ «ախպար ես, էս երկրից թող ու գնա», մութ վերելակի մեջ հարվածել էին աչքին, ակնոցը կոտրվել, բարեբախտաբար աչքը չէր վնասվել, շարունակում էր գրելՙ իր խղճի ձայնին հավատարիմ: Ընտրարշավը լուսաբանելու թունդ պահին մի քանի ջլապինդ տղամարդ օրական մի քանի անգամ լրագրողների մեր սենյակ էին մտնում Սառա Պետրոսյանին հանդիպելու բուռն ցանկությամբ:

Սառան իր տեղում նստած, ես առաջ անցաՙ ասացիՙ Սառան չկա, թե ե՞րբ է գալու, ոչ ոք չգիտե, ու նրանց բորբոքված ներսը շահելու համար սուրճ հյուրասիրեցի: Ըմպեցին, շնորհակալ եղան... էլ չեկան: Գլուխ չեմ գովում, բայց երբեմն ուրիշներն էլ նկատում են, որ վայրկենական արագ կողմնորոշվելն ինձ եւ այլոց երբեմն փրկում է: Ես էլ գիտեմ, որ լրագրության սովորեցրած դասն է:

Կողմնացույցը, ստի դետեկտորը, չափի ու կշռի այլ գործիքներ մեր մեջ ենՙ լսում էինք մեր զրուցակիցներին, իսկ նրանք գովում էին իրենց, փնովում ուրիշներին... Ինտերնետ չկար, փաստերը ստուգելու որոնողական մեր համակարգը հեռախոսն էր, ծանոթ, վստահելի մարդիկՙ Հենրիկ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Թոփչյանը, Երվանդ Ազատյանը, Հասմիկ Պապյանը, Ֆրունզե Դովլաթյանը ... «Ես կբողոքեմ», ասաց մի անգամ մի պատկառելի, կոչումներ ունեցող երաժշտագետ, որի հոդվածը մերժել էիՙ արվեստաբանականից հեռու, իսկ լրագրողանից էլ ավելի հեռու լինելու պատճառաբանությամբ: «Ինձ դեռ ոչ ոք չի մերժել», ասաց, մտավ խմբագրի մոտ ուՙ ջարդված դուրս եկավ: Հակոբ Ավետիքյանը ոչ ծանոթ էր սիրում, ոչ պատվեր էր կատարում, նրա թուլությունը հոդվածի ամրությունն էր:

Նեղսրտում էինք, երբ մեզ հետ խնդիրներ ստեղծած որեւէ մեկի տպագիր տողը մեր տողի կողքին էինք տեսնում: Մեր բնորոշած «վատ մարդը» Հակոբ Ավետիքյանի համար էլ «լավ» որակումը չէր ստանում, բայց նրա համար կարեւորը կենցաղային մակարդակը չէ, գիրն ասելիք ունի, տպագրում է: Այս որակն իսկապես գնահատելու համար ինձ երեւի պետք էր Գերմանիա հասնել, մասնակից դառնալ սալոնային մի հանդիպման, երբ գերմանացի լրագրողներից մեկն ի հակադրություն իմՙ կեղծ մարդ ու լավ գրող անհամատեղելի չափման, ասացՙ մանկավարժ Ժան Ժակ Ռուսոյի երեխաները մանկատանը կարոտ էին հոր գուրգուրանքին, իսկ մենք նրա գրքերը կարդալով դրա մասին հիշու՞մ ենք:

Երեւան

(շարունակելի)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ