RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 5371, Տպվել է` 597, Ուղարկվել է էլ.փոստով` 579

ՍՊԻՏԱԿ ՏՈ՞ՒՆԸ, ԹԵ՞ ՕԲԱՄԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քանի դեռ ճշմարտությունը բարձրաձայնված չէ, այն առնվազն երկուսն է: Օրինակ, եթե Համզաչիմանից ընտրված իշխանական պատգամավոր Պողոս Պողոսյանը, ըստ փաստացի վիճակագրության, երբեք առանձին չի հանդիպել նախագահին եւ այս կապակցությամբ մարդկանց մի խումբ պնդում է, թե Պողոսյանը նախագահին չի հանդիպել, որովհետեւ Պողոսյանը եղած-չեղած, անկարեւոր մեկն է, սա դեռ ճշմարտություն չէ, քանի որ կա մեկ այլ ճշմարտությունՙ այն, որ Պողոսյան-նախագահ հանդիպումը գուցե տեղի չի ունեցել, քանի որ նախագահի պաշտոնը զբաղեցնողը չի ցանկանում հանդիպել Պողոսյանին, ոչ թե նախագահը: Սա էլ, անխոս, դեռ ճշմարտություն չէ, բայց սա ապացուցում է, որ այս հարցում քանի դեռ ճշմարտությունը բարձրաձայնված չէ, կա առնվազն երկու ճշմարտություն:

Նույնըՙ հայ-ամերիկյան ամենաբարձր մակարդակի շփումների պատմությունն է: Այսպես, ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում, «Երկկողմ այցեր» բաժնում, որտեղ նշված են Հայաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական այցերըՙ տարբեր երկրներ, բացակայում է տեղեկատվություն այն մասին, որ 1991-ի նոյեմբերի 14-ին, երբ նախագահ Տեր-Պետրոսյանի երդմնակալությունից անցել էր ընդամենը երեք օր, Վաշինգտոնի Սպիտակ տանը Տեր-Պետրոսյանին հյուրընկալել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Թե ինչո՞ւ է այս տեղեկատվությունը դուրս մնացել պաշտոնական տվյալների բազայից, մանավանդ որ սա փաստորեն ԱՄՆ-Հայաստան ամենաբարձր մակարդակի առաջին շփումն է, այն էլՙ աշխարհի մի շարք երկրների ղեկավարների համար տենչալի Սպիտակ տանը, ոչ ոք չգիտի: Ավելի ճիշտՙ պատասխանատու կողմըՙ ՀՀ ԱԳՆ-ն, ճշմարտությունը չի բարձրաձայնում, ինչն էլ, արդեն գիտենք, թե ինչ է նշանակում: Մարդկանց մի խումբ, օրինակ, գտնում է, որ այս տեղեկատվությունը ԱԳՆ-ի կայքում բացակայում է, քանի որ մեր իշխանությունները նախանձում են երեկվաՙ կրկին մե՛ր իշխանությունների հաջողություններին: Կա մարդկանց մեկ այլ խումբ էլ, որ պնդում է, թե այս տեղեկատվությունը դուրս է մնացել, քանի որ ԱԳՆ-ի կայքի պատասխանատուներն ուղղակի տարրական ուշադրության կանոնները չեն պահպանել, այսինքնՙ ուղղակի բաց են թողել իրադարձությունը, ինչը, չնայած տարօրինակ էՙ հաշվի առնելով իրադարձության աննախադեպությունն ու մասշտաբայնությունը, բայց մյուս կողմից, մանավանդ հաշվի առնելով հայրենական ԱԳՆ-ի կայքէջի աշխատակիցների գործունեության ռիթմն ու առանձահատկությունները, շատ էլ ճշմարտամոտ է:

Բայց սա դեռ մի կողմ: Ուսումնասիրելով հայ-ամերիկյան ամենաբարձր մակարդակի շփումները ամերիկյան հողի վրա (Հայաստան ԱՄՆ նախագահները երբեք չեն ժամանել), պարզեցի, որ 1991-ի նոյեմբերի 14-ին Սպիտակ տան տիրոջ հետ հանդիպումից հետո Տեր-Պետրոսյանին եւս մեկ անգամ են հյուրընկալել Սպիտակ տանը, այս անգամ նախագահ Բիլ Քլինթոնըՙ 1994-ի օգոստոսին, Սպիտակ տանը, օվալաձեւ դահլիճում:

Դրանից հետո, արդեն նախագահ Ռոբերտ Քոչարյանին Սպիտակ տանը ընդունել է առաջին անգամ նույն Բիլ Քլինթոնըՙ 1999-ի ապրիլին, ապա երկրորդ նախագահը երկրորդ անգամ Սպիտակ տանը հյուրընկալվել է, երբ վերադառնում էր Քի Ուեսթից (որտեղ բանակցում էր Հեյդար Ալիեւի հետՙ ղարաբաղյան հակամարտության շուրջ) 2001-ի ապրիլին, այս անգամ նրան ընդունել է Ջորջ Բուշ կրտսերը: Ուշագրավ է, որ ե՛ւ Քլինթոնը եւ Բո՛ւշ կրտսերը Քոչարյանին ընդունել են հենց ապրիլ ամիսներին, երբ ԱՄՆ-ում ընդունված է խոսել հայկական հարցերից, անգամՙ շահեկան է:

Սրանից հետո արդեն, երբ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, Հայաստանի նախագահին երբեք Սպիտակ տանը չեն ընդունել: Ճիշտ է, Սարգսյանը ԱՄՆ է մեկնել դեռեւս յոթ անգամ, որոնցից միայն երկուսի ընթացքում է ԱՄՆ նախագահը հանդիպել Հայաստանի իր գործընկերոջը, այն էլ ոչ թե Սպիտակ տանը, այլՙ ամենատարբեր վայրերում, եւ կարճատեւ հանդիպման ձեւաչափով: Այսպես. Սերժ Սարգսյանը որպես ՀՀ նախագահ առաջին անգամ ԱՄՆ մեկնեց 2009-ի հոկտեմբերին իր իսկ ձեռնարկածՙ «Համահայկական շրջագայության» ընթացքում, երբ, հիշեցնենք, Սփյուռքի տարբեր գաղթօջախներին ներկայացվում էին հայ-թուրքական զույգ արձանագրությունները: Նախագահը եղավ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում, եւ չնայած ԱՄՆ ղեկավարությունը միայն ողջունում էր հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը եւ դրանք ստորագրելուՙ առնվազն Հայաստանի պատրաստակամությունը, բայց նախագահ Օբաման իր երկրում ՀՀ նախագահին առանձին ընդունելության չարժանացրեց, եւ միայն իր աջակցությունը հայտնեցՙ զանգահարելով:

Երկրորդ անգամ նախագահ Սարգսյանը ԱՄՆ մեկնեց 2010-ի ապրիլինՙ մասնակցելու Վաշինգտոնում ընթացող Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին: Հենց այդ գագաթաժողովի շրջանակներում էլ, բայց ոչ Սպիտակ տանը, տեղի ունեցավ Օբամա-Սարգսյան առաջին հանդիպումը, ավելի ճիշտՙ կարճատեւ առանձնազրույցը:

2011-ին Սերժ Սարգսյանը երկու անգամ եղավ ԱՄՆ-ում: Առաջին անգամՙ մայիսին, Սերժ Սարգսյանին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարը, իսկ սեպտեմբերին կատարած այցով ՀՀ նախագահն ուղղակի այցելել էր Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում ապրող հայերին:

Նախագահի հաջորդ այցը ԱՄՆ տեղի ունեցավ 2015-ին, եւ կրկին երկու անգամ: Առաջին անգամ, նորից մայիսին, ՀՀ նախագահն այցելեց Վաշինգտոնի Ազգային տաճար, որտեղ մասնակցեց Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին, որին մասնակցեցին նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ու ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը: Այդ այցի շրջանակներում նախագահը ընդամենը հանդիպեց Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելին, դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարի Ռիդին եւ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի տնօրեն Ջեյմս Բիլինգթոնին:

Նույն տարվա սեպտեմբերին նախագահը ԱՄՆ մեկնեց մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Սերժ Սարգսյանը մասնակցեց Նյու Յորքում ԱՄՆ նախագահի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի հոբելյանական 70-րդ Գլխավոր վեհաժողովի մասնակիցներին տրված պաշտոնական ընդունելությանը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը, ըստ մեր նախագահականի կայքիՙ «կարճատեւ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ, որի հետ քննարկել է համահայկական նշանակություն ունեցող հարցեր»: Ուշագրավ է, որ նույն ընդունելության ժամանակ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը լուսանկարվել են Սերժ Սարգսյանի հետ եւ, ինչն ավելի ուշագրավ է, նույն ընդունելության ժամանակ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը լուսանկարվել են նաեւ Բելառուսի նախագահի եւ նրա որդու հետ:

Եւ վերջապեսՙ այս տարվա մարտի 28-ին մեկնարկեց ՀՀ նախագահի հերթական աշխատանքային այցը ԱՄՆ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սերժ Սարգսյանը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում, ապա ՌԱԿ-ի «Պայքար» եւ ՀՅԴ-ի «Հայրենիք» կենտրոններում: Սերժ Սարգսյանը մինչ այդ եղել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս եւ Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում: Բայցՙ ոչ Սպիտակ տանը, որի դռները, փաստորեն, ոչ մի կերպ չեն բացվում Սերժ Սարգսյանի առջեւ:

Ինչո՞ւ: Մարդկանց մի խումբ պնդում է, որ ԱՄՆ-ի համար Սերժ Սարգսյանը Հայաստանի ամենաանցանկալի նախագահն է, ինչը, փաստորեն, այդպես չէր ոչ Տեր-Պետրոսյանի օրոք, ոչ էլ Քոչարյանի: Այսինքն ԱՄՆ-ը սկզբունքորեն չի ընդունում իրեն անցանկալի նախագահին: Բայց սա դեռ ճշմարտությունը չէ, կա երկրորդ ճշմարտությունը: Բանն այն է, որ եթե մենք դիտարկենք ՀՀ նախագահներին, ապա իրոք Սերժ Սարգսյանը միակն է, որը երբեք Սպիտակ տանը չի եղել, բայց եթե մենք հարցը դիտարկենք ԱՄՆ նախագահների առումով, ապա սկսած Ջորջ Բուշ կրտսերից, իսկ այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ը ավելի շատ նախագահ է փոխել, քան Հայաստանը, Բարաք Օբաման ԱՄՆ-ի միակ նախագահն է, որը Սպիտակ տանը Հայաստանի նախագահի չի ընդունել:

Այնպես որ դժվար է ասել, թե կընդունեի՞ն արդյոք Սպիտակ տանը Տեր-Պետրոսյանին կամ Քոչարյանին, եթե ընդունողը Օբաման լիներ, կամ Սերժ Սարգսյանինՙ Ջորջ Բուշ ավագը, Բիլ Քլինթոնը եւ Բուշ կրտսերը չէի՞ն ընդունի Սպիտակ տանը: Դժվար է ասել, քանի որ մարդկանց մի խումբը պնդում է, որ Սպիտակ տանը Սերժ Սարգսյանին չեն ընդունում, իսկ մեկ այլ խումբ պնդում է, որ Օբաման Սարգսյանին չի ընդունում, իսկ ճշմարտությունը ոչ ոք չի ասում, չեն էլ ասելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ