ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻՑ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ԵՐԱՆԳՆԵՐ ԵՆ ԵՐԵՎՈՒՄ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Անցած երեքշաբթի օրը ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում իրազեկել էր լրագրողներին, որ չորեքշաբի օրը ԱԺ-ի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենալու Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկում, որը լուսաբանելու նպատակով լրագրողները կարող են մասնակցել քննարկմանը: Նա հատուկ շեշտել էր, որ քննարկումը բաց է լինելու: Սակայն չորեքշաբթի օրը Արսեն Բաբայանը նոր գրառում կատարեց, որտեղ ընդգծեց, թե քննարկումը բաց է լինելու, քանի դեռ հանձնաժողովը քննակումը փակ անցկացնելու որոշում չի կայացրել: Չորեքշաբթի օրը, երբ քննարկումը սկսվեց, եւ հանձնաժողովը եւ հյուրերը միմյանց ներկայացան, որոշում կայացվեց, որ քննարկումը պետք է փակ լինի, եւ լրագրողները դուրս հրավիրվեցին սենյակից: Ո՞րն է ձեր սիրած գույնը Հետեւաբար ես չգիտեմ, թե քննարկվե՞լ է արդյոք հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի 59-րդ հոդվածն, օրինակ, որը հետեւյալն է. «Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր գույնով պետք է ակնհայտորեն տարբերվի ընտրություններին մասնակցող մյուս կուսակցության քվեաթերթիկից: Քվեաթերթիկների գույները ընտրություններին մասնակցող կուսակցութունների միջեւ բաշխվում են վիճակահանությամբՙ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով»: Այսինքն, եթե ԱԺ-ի հաջորդ ընտրություններին մասնակցում են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ազգային Վերածնունդը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» եւ մարդիկՙ ովքեր մնացել են «Ժառանգությունից», ապա յուրաքանչյուրի համար տպվում է իր գույնով քվեաթերթիկ, իսկ գույների ընտրությունը տեղի է ունենում ԿԸՀ-ի սահմանած կարգովՙ վիճակահանությամբ: Եւ եթե, ենթադրենք, ՀՀԿ-ին բաժին հասնի կարմիրը, իսկ ՀԱԿ-ին, օրինակ, կանաչը, ապա ընտրողների զգալի մաս կարող է ՀԱԿ-ի փոխարեն ՀՀԿ ընտրել, կամ հակառակը: Բանն այն է, որ Հայաստանում ընտրողների մեծ մասը տղամարդիկ են, իսկ տղամարդկանց զգալի մասը (ոչ միայն Հայաստանում) տառապում է դալտոնիզմով, ինչը հատկապես արտացոլվում է հենց կարմիր եւ կանաչ գույները շփոթելով: Եւ քանի որ Ընտրական օրենսգքրի նախագծի ոչ մի հոդվածում մենք չենք կարդում, որ կուսակցությունների քվեաթերթիկները միմյանցից պետք է ակնհայտորեն տարբերվեն ոչ միայն գույնով, այլեւ անվանումով, ենթադրենքՙ ՀՅԴ-ի վրա գրված լինի ՀՅԴ, ԲՀԿ-ի վրաՙ ԲՀԿ, ապա ստացվում է, որ ընտրողների զգալի մասը ՀԱԿ-ի փոխարեն ՀՀԿ է ընտրելու, ինչը, ընդունենք, սրբապղծության հավասար բան է: Բայց սա դեռ ամենը չէՙ գույների վերաբերյալ: Բանն այն է, որ պարզ չէ, թե ինչպե՞ս է ապահովվելու ընտրության գաղտնիությունը: Տեսեք, հասկանալի է, որ ընտրության ժամանած ընտրողին տրամադրվելու է ծրար, որի մեջ լինելու են բոլոր կուսակցությունների համար նախատեսված գույնզգույն քվեաթերթիկները: Հասկանալի է նաեւ, որ այդ փակ ծրարով ընտրողը մտնելու է քվեախցիկ եւ այնտեղ բոլոր քվեաթերթիկներից ընտրելու է իր կողմից սիրելի գույնը (ի դեպՙ ընտրելո՞ւ են սիրելի գույնը, թե՞ նախընտրած կուսակցությունը), որից հետո մյուս «անպետք» քվեաթերթիկները նորից դնելու է ծրարի մեջ (իսկ եթե չդնի՞), եւ իր ընտրած գույնի ծրարով դուրս է գալու քվեախցիկից, որպեսզի քվեաթերթիկը նետի քվեատուփի մեջ: Հենց այդ պահին էլ տվյալ ընտրատեղամասում ով կա, կարող է հանգիստ տեսնել, թե ընտրողի ձեռքին ի՞նչ գույնի քվեաթերթիկ է մնացել, այսինքն նա ո՞ր գույնն է նետում քվեատուփի մեջ, այսինքն ընտրությունն այլեւս գաղտնի չէ: Հասկանալի է անուշտ, որ հնարավոր է ընտրողին երկու ծրար տան, մեկում բոլոր գույնզգույն քվեաթերթիկները, մյուսումՙ լրիվ դատարկ: Քվեախցիկում էլ ընտրողը ընտրում է իր գույնը եւ այն դնում դատարկ ծրարում, ապա մյուս գույնի քվեաթերթիկները նորից դնում իրենց ծրարում եւ երկու ծրարով դուրս է գալիս եւ իր ընտրած գույնի քվեաթերթիկով ծրարը նետում է քվեատուփի մեջ: Այս պարագայում, փաստորեն, ոչ ոք չի տեսնի, թե ո՞ր գույնի ծրարն է ընտրողը նետում քվեատուփը, բայց այստեղ այլ վտանգներ կան: Օրինակ, իսկ եթե ընտրողը, իսկ մեր ընտրողների զգալի մասը տարեցներ են, մոռանա՞ իր նախընտրած գույնով քվեաթերթիկը դնել դատարկ ծրարում, կամ շփոթի՞ երկու ծրարները եւ մի քանի քվեաթերթիկներով ծրարը նետի քվեատուփը: Ասենք ընտրատեղամասում ծանոթ մարդ տեսնի, կամ հերթ լինի եւ մոռանա, թե ա՞ջ ձեռքինն էր մեկ քվեաթերթիկով ծրարը, թե՞ ձախինը, կամ էլ աջն ու ձախը չտարբերի՞... Եւ եզրափակելով գույների թեման նշեմ, որ եթե գույների վիճակահանությունը տեղի է ունենալու ԿԸՀ-ի սահմանած կարգով, ապա տրամաբանում եմ, որ գույների վիճակահանությունը տեղի է ունենալու ԿԸՀ-ի սահմանած ժամկետներում: Իսկ եթե ԿԸՀ-ն որոշի, որ գունաբաշխումը պետք է տեղի ունենա ընտրություններից օրինակ երկու օր առա՞ջ: Այսինքն կուսակցություններն ընդամենը երկու օր ժամանակ ունենան (լռության օրը ներառյալ), որպեսզի իրենց բազմահազար երկպագուներին ներկայացնեն, թե իրենց գույնը ոչ թե, ենթադրենք, կապույտն է, այլՙ երկնագույնը, կամ ոչ թե նարնջագույնն է, այլ դեղի՞նը: Հասկանալի է, որ այս ժամանակը անգամ ՀՀԿ-ին չի բավարարի, որպեսզի իր ընտրողներին ներկայանա նոր գույնով, իսկ ԸՕ-ի նախագծում հստակ նշված չէ, թե կոնկրետ ի՞նչ ժամկետներում պետք է ԿԸՀ-ի սահմանած կարգով գունաբաշխումը տեղի ունենա: Այնպես որ, հայաստանյան սոցիոլոգները լուրջ աշխատանք ունեն պարզելու, թե ո՞րն է հայաստանցիներիս ամենասիրած գույնը. հավաստիացնում եմՙ այդ գույնը լուրջ թվերով կարելի է վաճառել լուրջ կուսակցություններին: Հայկական համամասնականը ԸՕ-ի նախագծի հետ կապված մեկ այլ խնդիր եւս կա: Ինչպես գիտեք, 2017-ի խորհրդարանական ընտրությունները մեր երկրում անցկացվելու են հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով, այսինքն ընտրությունը կատարվելու է կուսակցությունների միջեւ բացառապես: Ինչո՞ւ չեմ ասում, թե 2017-ից սկսած մեր երկրում բոլոր խորհրդարանական ընտրություններն են անցկացվելու հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով, որովհետեւ նախ, տասը տարի հետո, մենք ավանդույթին հավատարիմ, հավանաբար փոխենք Սահմանադրությունը, բացի այդՙ 2017-ին էլ, պարզվում է, խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս համամասնական չեն լինելու, ավելի ճիշտՙ իբր 100 տոկոս համամասնական են լինելու: Տեսեք, նախատեսվում է, որ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն պետք է կազմի ընդհանուր առմամբ 14 համամասնական ցուցակ: Որոնցից մեկը, այսպես կոչենքՙ Հանրապետական, այսինքն ողջ երկրի տարածքում ներկայացվող, մյուս 13-ըՙ ըստ ընտրատարածքների, որոնք ըստ ԸՕ-ի նախագծի պետք է լինեն հենց 13-ը (4-ըՙԵրեւանում, 9-ըՙ մարզերում): Այսինքն, ենթադրենք, ՀՀԿ-ն իր հանրապետական ցուցակը կազմելուց հետո կազմում է առնվազն հինգ հոգուց կազմված ընտրատարածքային 13 ցուցակ, որտեղ ներկայացված անունները պետք է լինեն նաեւ ընդհանուրՙ հանրապետական ցուցակում, բայց չկրկնվեն այլ ընտրատարածքներում: Օրինակ, Գեղարքունիքի մարզում կուսակցությունը կազմում է հետեւյալ ցուցակըՙ Պողոս Պետրոսյան, Հակոբ Հակոբյան, Սողոմոն Պարգեւյան, Շմավոն Աբիսողոմյան եւ Գոհարիկ Արեւագալյան: Այս բոլորը պետք է լինեն ընդհանուր ցուցակում, բայց նրանցից ոչ ոք չի կարող լինել, ենթադրենք, Կոտայքի ընտրատարածքային ցուցակում: Ընտրության օրը, երբ ընտրողին տրամադրվում է գույնզգույն ընտրաթերթիկներով ծրարը, եւ երբ ընտրողը դրանով մտնում է քվեախցիկ, կատարում է ըստ էության երկու ընտրություն: Նախ առանձնացնում է (ընտրում է) իր նախընտրած գույնը, դրանով իսկ կատարում է իր առաջին ընտրությունը, այսինքն ընտրում է այն կուսակցությանը, որի գույնը առանձնացված է: Ապաՙ շրջում է իր առանձնացրած քվեաթերթիկը, որի մյուս երեսին ներկայացված է իր նախընտրած կուսակցության տվյալ ընտրատարածքային ցուցակըՙ առնվազն հինգ հոգուց կազմված: Այստեղ ընտրողը կատարում է իր երկրորդ ընտրությունը եւ, ուշադրություն, ընտրում է կոնկրետ մարդու, ենթադրենքՙ Գոհարիկ Արեւագալյանին: Ընտրությունների ավարտից հետո ԿԸՀ-ն հաշվում է «երկու ընտրությունների» արդյունքները: Նախՙ ըստ գույների. ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունները ստանում են իրենց պատգամավորական տեղերըՙ ըստ հավաքած տոկոսի, ենթադրենքՙ «Լուսավոր Հայաստանը» ըստ այդմ հավաքել է տասը տոկոս, ինչը, ենթադրենք, նշանակում է տասը մանդատ: Եվ հենց այստեղ սկսվում է ամենաուշագրավը. մանդատ ստանում են ոչ թե «Լուսավոր Հայաստանի» հանրապետական ցուցակի առաջին տասը անունները, այլ հինգ մանդատ ստանում են այդ ցուցակի առաջին հինգ մարդիկ, իսկ մյուս հինգը ստանում են «Լուսավոր Հայաստանի» այն թեկնածուները, որոնք ամենաշատ ձայներ են հավաքել ընտրատարածքներում: Այսինքն, հաշվում են բոլոր 13 ընտրատարածքներում «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների հավաքած ձայները եւ ամենաշատ ձայներ հավաքած առաջին հինգը դառնում են պատգամավոր: Իսկ եթե, ենթադրենք, «Լուսավոր Հայաստանը» հավաքել է 5 տոկոս ձայն եւ ստացել, օրինակ, 5 մանդատ, ապա առաջին երկուսը հանրապետական ցուցակի առաջին-երկրորդ համարներն են, իսկ մյուս երեքըՙ ընտրատեղամասերում ավելի շատ ձայն հավաքած երեք թեկնածուները: Ստացվում է, որ այլեւս հնարավոր չէ, օրինակ, Սամվել Ալեքսանյանին ընտրել, բայց Հանրապետականին չընտրել, քանի որ Ալեքսանյանի անունը կարող է լինել միայն ՀՀԿ-ի գույնով քվեաթերթիկի մյուս երեսին: Ստացվում է նաեւ հակառակը. եթե ՀՀԿ- ես ընտրել, ուրեմն պետք է նաեւ կոնկրետացնես, թե կոնկրետ ո՞ւմ: Եւ վերջապես ստացվում է, որ քվեաթերթիկների մյուս երեսին ներկայացված կուսակից ընկերները մրցակցում են հանուն իրենց կուսակցության, բայց նաեւՙ մեկը մյուսի դեմ: Գուցե սա լավ է, բայց վատն էլ այն է, որ այս կարգով ընտրությունները հարյուր տոկոս համամասնական չեն, բայց մեծամասնական էլ չեն, սրանք իբր հարյուր տոկոս համամասնական ընտրություններ են, կամՙ հայկական համամասնական ընտրություններ են: Մյուս կողմից, շատ հնարավոր է, որ այս խճճված Ընտրական օրենսգրքի նախագծում մենք ուղղակի խճճվել ենք, ինչը տեղի չէր ունենա, եթե ԱԺ-ի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը որոշում չկայացներ ԸՕ-ի նախագիծը փակ քննարկելու: Հավանաբար իրենք ուզում են հասկանալ, եւ նոր միայն բացատրել, եթե ստացվի, իհարկե: Բացատրելը չէ, հասկանալը: |