RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 24287, Տպվել է` 636, Ուղարկվել է էլ.փոստով` 587

ՆԶՈՎՅԱԼ ՆԵՐԿԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դուք տեսե՞լ եք «Պալմիրանՙ ազատագրումից հետո» տեսանյութը: Եթե դեռ ոչ, ապա անպայման դիտեք, եթե տեսել եք, բայց այն ձեզ ոչինչ չի ասել, ուրեմն դուք չեք տեսել Պալմիրան նախքան պատերազմը:

Պալմիրան իրականում էլ չկա, հողը կա, հողի վրայի կոթող հուշարձանները կան, բայց փլատակների տեսքով, եւ քանի որ Պալմիրան փլատակ է, ուրեմն Պալմիրան էլ չկա: Էլ չի էլ լինելու, քանի որ նույնը երբեք չի լինում:

Սիրիան էլ երբեք չի լինելու, անգամ եթե պատերազմն այնտեղ ավարտվի, անգամ եթե այնտեղ պատերազմն ավարտվի նախագահ Ասադի հաղթանակով, անգամ եթե նախագահ Ասադը, հաղթանակից հետո, հրամայի ամեն ինչ նույն ձեւով վերակառուցել: Վերակառուցել հնարավոր է, նույն ձեւովՙ երբեք: Այսինքն Հալեպ էլ երբեք չի լինելու, գուցե ավելի լավ Հալեպ է լինելու, բայց առաջվա Հալեպը էլ երբեք չի լինելու: Քանի որ եթե անգամ մեկ հալեպցի, մեկ սիրիացի էլ երբեք հայրենիք չվերադառնա, Սիրիան էլ երբեք առաջվանը չի լինելու, եթե անգամ բոլոր սիրիացիներն էլ վերադառնան, բայց վերակառուցողները մեկ քար սխալ դնեն շենքը վերակառուցելիս, կրկինՙ Սիրիան առաջվանը չի լինելու:

Բայց պատերազմը Սիրիայում դեռ երկար է շարունակվելու եւ դեռ մեծ հարց է, թե ո՞վ է հաղթելու:

Փոխարենը Արեւմտյան Հայաստանում պատերազմ չկա, բայց դուք տեսե՞լ եք Արեւմտյան Հայաստանի այսօրվա լուսանկարները, կամ եղե՞լ եք այնտեղ: Եթե տեսել եք կամ եղել եք եւ ձեր տեսածը ձեզ ոչինչ չի ասում, ուրեմն դուք չեք տեսել Արեւմտյան Հայաստանը, երբ այն Թուրքիա չէր:

Արեւմտյան Հայաստանն իրականում էլ չկա, հողը կա, հողի վրա կոթող- հուշարձաններ կան, բայց փլատակների տեսքով, քանի որ Արեւմտյան Հայաստանը փլատակ է, ուրեմն Արեւմտյան Հայաստան էլ չկա: Էլ չի էլ լինելու, քանի որ նույնը երբեք չի լինում: Եթե անգամ վերադարձնեն, եթե անգամ վերակառուցենք, եթե անգամ բոլորը վերադառնան, այդ թվումՙ Հալեպից, եթե անգամ բոլոր շենքերի բոլոր քարերը ճիշտ դնենՙ Սիրիայում էլ, Ուկրաինայում էլ, Հին Երեւանը վերակառուցելիս էլ, Արեւմտյան Հայաստանում էլ, աշխարհի ցանկացած կետում էլ, նույնը չի լինելու. ավելի լավն է լինելու:

Ու խնդիրը հենց սա է, այն որ անկախ նրանից, թե որտեղ է եւ ինչ է, ավելի լավը միշտ լինելու է, քան թե հիմա է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ