ԱՌԱՋԻՆ ՏՈՀՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸՙ ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆՈՒՄ Հ.Ծ. Ապրիլի 9-ին Ամերիկայի հայկական թանգարանում (Ուոթերթաուն) կայանալու է առաջին հայկական տոհմաբանական համագումարը, որի ընթացքում ներկաները ծանոթանալու են իրենց հայկական արմատները որոնելու նորագույն մեթոդներին եւ միջոցներին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Համագումարի գաղափարը ծնվել է կազմակերպիչներից երկուսիՙ Մարկ Արսլանի (Հայ ներգաղթողների ծրագրի հեղինակ) եւ Ջորջ Աղջայանի («Արեւմտյան Հայաստանին» նվիրված կայքի հիմնադիր) միջեւ կայացած հեռախոսային կապի արդյունքում: Նրանք պարզել են, որ շատերը չգիտեն իրենց նախնիների ժառանգությունը ուսումնասիրելու գործընթացում ամենաարդիական տեխնոլոգիաների ընձեռած աննախադեպ հնարավորությունների մասին: Զեկուցումներով հանդես են գալու Թրեյսի Քինին (Tracy Keeney)ՙ ֆեյսբուքի 2,500 այցելու ունեցող «Armenian Genealogy» էջի հիմնադիրը, Մարկ Արսլանը, Վահե Թաշճյանը (Houshamadyan.org), Ջանեթ Աչուկյան-Անդրեոպուլոսը եւ Սթիվն Քյուրքչյանը: Համագումարի հովանավորներն են Ամերիկայի հայկական թանգարանը, Հայկական լուսանկարչական արժեքները փրկելու եւ «Հուշամատյան» կազմակերպությունները, Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների «ՆԱԱՍՐ» կենտրոնը եւ «Համազգայինի» բոստոնյան մասնաճյուղը: Մանրամասնություններըՙ «armenian genealogy conference.com» կայքում: |