ՋՈՆ ՔԵՐՐԻ: «ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցի ժամանակ կոչ է արել «Վերջնական լուծում» գտնել Լեռնային Ղարաբաղի երկու տասնամյակից ավելի վաղեմության հակամարտությանը, գրում է «Նյու-Յորք Թայմսը» հղում անելով «Ռոյթերզ» գործակալությանը: «Մենք ցանկանում ենք տեսնել վերջնական լուծում Լեռնային Ղարաբաղի սառեցրած հակամարտությանը, դա պետք է ժամանակի ընթացքում բանակցային կարգավորման ձեւով լինի», ասել է նա Ալիեւի հետ լուսանկարվելու կարճատեւ հանդիպման ընթացքում: Ալիեւը Վաշինգտոնում է գտնվում մասնակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին, որը տեղի էր ունենում երեկՙ մարտի 31-ին եւ կշարունակվի այսօր: Ալիեւը շնորհակալություն է հայտնել Մ. Նահանգներին հակամարտությանը վերջ դնելու փորձերի համար, բայց ասել է, որ դա կարող է կարգավորվել միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումով, որը կոչ կանի «հայկական զորքերին առանց պայմանների, անմիջապես դուրս գալ» Ադրբեջանից: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը, ինչպես հետխորհրդային շրջանի եւ ընդհանրապես աշխարհի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա», ասել է նա: Նավթ արդյունաբերող Ադրբեջանը հաճախ է սպառնում ուժային միջոցներով տիրանալ Լեռնային Ղարաբաղի տարածքին: Բախումները տարածաշրջանում մտահոգիչ են դարձել այն իմաստով, որ դրանք կարող են ավելի լայն հակամարտության վերածվել ամբողջ Հարավային Կովկասում, որտեղից անցնում են նավթի եւ գազի խողովակաշարերը, եզրափակում է իր հաղորդագրությունը «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը: |