ՀԱՅԱՍՏԱՆԻ 25-ԱՄՅԱԿԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ Հ. Ծ. Մ. Նահանգների կոնգրեսի գրադարանի Թոմաս Ջեֆերսոնի անվան մասնաշենքի հյուսիսարեւելյան տաղավարում սեպտեմբերի 21-ին, չորեքշաբթի օրը, դասախոսությամբ հանդես կգա Մեդֆորդի (Մասաչուսեթս) Թաֆթս համալսարանի հայկական արվեստի պրոֆեսորի օգնական Քրիստինա Մարանչին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: «Համաշխարհային հուշարձան: Հայաստանի Զվարթնոցը եւ 7-րդ դարի պատերազմները» թեմայով դասախոսությունը, որը 20-րդն է «Վարդանանց օրվա» դասախոսությունների շարքի, նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյա փառապանծ հոբելյանին: Դասախոսությունների շարքը կոնգրեսի գրադարանում հնարավոր է եղել սկզբնավորել Մարջորի Դադյանի 1991-ին կատարած առատաձեռն նվիրատվության շնորհիվ, որի նպատակն է եղել պահպանել եւ ընդլայնել գրադարանի հայկական հավաքածուն: Դասախոսությունների հովանավորն է գրադարանի Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի բաժանմունքը: Մարանչին վերջերս հրատարակել է «Մշտարթուն Սյուներ: Վաղ միջնադարյան Հայաստանի երեք եկեղեցիները» խորագրով հատորը, որը քննության է առնում Զվարթնոցի, Պտղնիի եւ Մրենի տաճարների շինարարությունն ու այդ ժամանակաշրջանի մշակութա-քաղաքական զարգացումները: |