ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ, ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ Հ. ԱՖՅԱՆ Ռուսները զենքը բերել են: Ռուսների համար մենք այն բացառիկ պետությունն ենք, ավելի ճիշտՙ ժողովուրդը (քանի որ ռուսների համար մենք ոչ այնքան պետություն ենք, որքանՙ ժողովուրդ), որ ոչ թե ուղարկել են, այլ անձամբ են բերել, որ հասցնեն, որ Անկախության 25-րդ ամյակի ռազմական շքերթին Հանրապետության հրապարակով անցնի, ռուսական զենքը, հայ զինվորը, բայց ռուսական զենքը, արդարության համարՙ աշխարհի ամենաուժեղ զենքը: Այդ օրվա շքերթին ռուսական դրոշ էլ եղավ Հանրապետության հրապարակում, բնական է. մենք անկախացել ենք ռուսներից, որոնք մեր զինված ուժերի հետ ապահովում են մեր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, նաեւ անվտանգությունը: Արդեն 25 տարի, եղբայրաբար, սիրով, հավասարըՙ հավասարի սկզբունքով, էժան զենք տալով, վարկով զենք տալով, մի խոսքովՙ ռուսական դրոշը, երբ մեր Անկախության տոնին ծածանվեց հրապարակում, մի նեղացեք անկախությունից, մի հիշեք անկախանալու օրերը, անկախություն չտվողի անունը, ոչինչ մի հիշեք, հին ազգերի մոտ չհիշելը վերանալու պես բարդ է, բայց հիշելն էլՙ առաջ չգնալու շարժառիթն է, պատճառը, հիմքը: Ինչեւէ, զենքն արդեն այստեղ է, այն մերն է, ում վրա ուզենքՙ կկրակենք, կուզենք Ադրբեջանի վրա կկրակենք, կուզենք... Չէ, այդ մեկը եկեք չուզենք, սեփական ժողովրդի վրա եկեք էլ չկրակենք, 25 տարեկան լուրջ մարդ ենք, արդեն մենք մեր զենքը պետք է ունենայիք, բայց քանի Ռուսաստանը զենք ունի, մեր ինչի՞ն է պետք զենք ունենալը, մերըՙ ռուսներինը, ինչ տարբերություն...Ու ո՞նց են հրճվում, ոնց ենք հրճվում, զենք տեսնելուց, իբր վերջ, ավարտվեց, էլ մեզ ոչ ոք չի հաղթելու, հեկտար-հեկտար մեր հողերով առաջ չեն գալու, մեր տղերքի փամփուշտները չեն ավարտվելուՙ կյանքերից շուտ, արդեն լիքը ունենքՙ փամփուշտ: Մարդիկ, բայց զենքից ուրախանո՞ւմ են, օրինակ, երբ դուք մեկի ձեռքին զենք եք տեսնում, ուրախանում ե՞ք, ես որ վախենում եմ, վախենում եմ, քանի որ եթե մարդը զենք ունի, ուրեմն կարող է կրակել, եթե կարող է կրակել, կարող է սպանել, եթե կարող է սպանել, ուրեմն պոտենցիալ մարդասպան է, դուք մարդասպանից չե՞ք վախենում, թեկուզ պոտենցիալ: Ես վախենում եմ, զինված պետությունից էլ, անկախ նրանից զենքը ռուսական է, ամերիկյան, գերմանական, թե չինականՙ անորակ: Պետությունը տուրիզմն ու հյուրանոցային բիզնեսը զարգացնելու համար չի զինվում, տնտեսությունն ու կրթությունը զարգացնելու համար չի զինվում, սեփական ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար չի զինվում, զինվում է, քանի որ կա՛մ կյանքի գնով չի տալու, կա՛մ կյանքի գնով խլելու է: Մենք կյանքի գնով չտվող պետություններից ենք, ու դա, մարդիկ, սարսափելի է: Նորմալ է, ճիշտ է, գուցե միակ ճիշտն է, բայց դա սարսափելի է: Սարսափելի է, քանի որ մենք չենք խլողը, որ մի օր որոշենք է՛լ չխլել, մենք չտվողն ենք, իսկ չտվողից չեն հարցնումՙ տալի՞ս ես, թե՞ ոչ, խլում են, փորձում են, մինչեւ ստացվի, առանց հարցնելուՙ կարելի՞ է, ուզո՞ւմ ես, պատրա՞ստ ես ... Ռուսները զենքը բերել են, կյանքի գնով էլ լինիՙ չենք տալու, ռուսները նրանց էլ են զենք տանում, նրանք էլ կյանքի գնով էլ լինիՙ խլելու են: Մեծ ու փոքր պետությունները հենց սրանով են տարբերվում. փոքրերը կա՛մ խլող են, կա՛մ չտվող, մեծերը միշտ մի տեսակ ենՙ խլողներին օգնում են, որ խլեն, չտվողներին օգնում են, որ չտան: Հենց որ չտվողին հաջողվեց վերջնականապես չտալ, դառնում է մեծ պետություն, հենց խլողին հաջողվեց վերջնականապես խլելՙ ինքն է դառնում մեծ պետություն: Իսկ աշխարհում որքան շատ լինեն մեծ պետությունները, այնքան թույլ կլինեն դրանք: Ամեն դեպքում զենքով հրճվելը, կամ կոնկրետՙ ռուսական զենքով հրճվելը ճաշակի հարց է, երկրորդն անգամ քաղաքական նախասիրությունների հարց է, այլ քաղաքական նախասիրություններ ունեցողների հետ վերեւից խոսելու հիմքՙ թե բա տեսե՞ք, «ձեր Ամերիկան չի տալիս», իսկ «մեր Ռուսաստանը», որը միշտ ու ամեն հարցում մեր կողքին է, տալիս է: Անկախության քսանհինգամյակն է, պարոնայք, ու թող, որ ձեր կողքին միշտ լինեն նրանք, որոնց ուզում եք տեսնել ձեր կողքին: |