«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է....» ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ (Ենթախորագրի փոխարենՙ հարցական նշան) Սկիզբը` նախորդ համարներում *** Ինչքան էլ զարմանալի թվա, խորովածի ծուխը մշտապես ինձ ուղեկցել է Լոս Անջելեսում: Թե՛ Հայաստանից գնացածները, օրինակՙ Հենրիկ Շահապունը եւ նրա կինըՙ Ադիկը, մորաքրոջս որդինՙ Մուկուչը եւ նրա կինըՙ Կարինեն, թե՛, օրինակ, իմ պարսկահայ ընկերներ Ռուզան ու Ժանետ Քոյլանյանները, իմ հոգուն հարազատ բարեկամներ Առլետա եւ Համրիկ Շիրինյանները, Մարի-Ռոզն ու Արմենը... այդպես կարող եմ թվարկել համարյա իմ բոլոր ընկերներին, քանի որ ինչ տան այգի կամ բակ մտնում էինքՙ մանղալը պիտի գործի դրվեր: Համբիկենք, օրինակ, ինչպես եւ Մուկուչը, առանձնապես սիրում էին հյուրասիրել տառեխի խորովածով: Ինչպես կասեր լուսահոգի դրամատուրգ Արարատ Բարսեղյանը («Արմենիայի» վարպետաց սեղանին) «Ասատրինայի խորոված». պարզվում է, որ դա եղել է մեծ դերասան Հովհաննես Աբելյանի ամենասիրելի ուտեստը: Խորովածի ծուխը, թող ներեն ինձ ընթերցողներս նոստալգիկ համեմատության համար, ինձ ու թերեւս ինձ հյուասիրողներին փոխադրում էր հայրենիք, օրինակ հիշեցնում, թե ինչպես նույն Մուկուչը իր հորՙ հայտնի ատամնաբույժ Ժորայի հետ Իջեւանի ձորում խորովածի պատրաստություն էին տեսնում, իսկ բաստուրման իր իմացած ձեւով (չորացրած ուրցով) դրել էր մայրս` Բելլան, կամ խորոված էինք անում նույն Առլետայի եւ Համբիկի հետ արդեն մեր հարազատ հողի վրա` Սեւանի նշանավոր Հայրավանքի տակը, լիճը տանող ճամփի մամռոտ ժայռերի արանքում.... Խորովածի ծուխը բնականաբար ունի իր յուրահատուկ հոտը, որն իր հերթին կախում ունի, թե ինչ տրամադրությամբ ես այն անում, եւ ինչ ընկերների հետՙ հին ու հավատարի՞մ, թե՞ գործի բերումովՙ պաշտոնական: Կախում ուներ անգամ, թե ինչից ես խորովածի կրակն անումՙ արհեստական ածուխի՞ց, թե՞ խաղողի արկատից... Մարդկության ամենահին կերակրատեսակն է խորովածը, երեւի դրա համար էլ մենք հայերս շատ ենք սիրում, սիրել են թե՛ մեր պապերը, թե՛ նախապապերը... Այնպես որ, երբ Ամերիկայում առնեք խորովածի ծխի հոտը, կարող եք անսխալ ասել, որ հայ մարդը ձեզնից հեռու չէ... Հապա լավաշը... քանի՜ տեսակ լավաշներով կարող է քեզ հյուրասիրել հայկական «Ջոնս» սուպերմարկետը, որ նույնպես մեր երկրացի Հովիկի շնորհքի վկայությունն է. կարմիր ցորենի, ճերմակ (հայկական Շիրակի) ցորենի, քարի (թոնրի վրա), եգիպտացորենի ալյուրից, անուններն էլ յուրահատուկ ենՙ լավաշ Հակոբի, Մշո լավաշ, Քարի հաց, Գառնիի տաճարի նկարով, եւ իհարկեՙ «Նոյան Տապանի» հաց... Ընդհանրապես հայկական խանութների, սուպերմարկետների, անուշեղենի, թխվածքների սալոնները, փռերը, խոհանոցները, պատվերով խորովածարանները, խաշատները, հարիսանոցները, քյաբաբանոցները այնքան շատ են սփռված ողջ Կալիֆոռնիայով, որ քեզ կարող է թվալ, թե հայկական խոհանոցը փոխադրվել է օվկիանոսի այս ափը: Ինչ որ կուզեսՙ գոմեշի մածուն, խնդրեմ, Քյավառի փախլավա կամ գաթաՙ խնդրե՛մ, Գյումրվա քյալլա կամ շաքարաբլիթ (յաղլի)ՙ խնդրե՛մ, միայն բաստուրման ես հաշվեցի «Ջոնս» սուպերմարկետում յոթը տեսակի... Ընդհանրապես 1992 թվականի դեկտեմբերին ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ես ընկել եմ Լուկուլլոսի մոտ քեֆի... Ամերիկահայերը սովորություն ունեն իրենց հյուր հայրենակցին կա՛մ իրենց տուն հրավիրել, կա՛մ որեւիցե ռեստորան: Իհարկե, ավելի նախընտրում են հայկական ռեստորան: 1992 թվականին դրանք հինգն էինՙ ամենամեծըՙ «Արբատը», «Կարուսելը»ՙ ճիշտ Գլենդելի կենտրոնում, «Մասիսը»ՙ Հոլիվուդում, «Գյումրին»ՙ Փասադենայում, «Հայկական խոհանոցը» Մոնթեբելլոյում: Ամենահայտնին «Արբատն» էր, երկու սրահներով, մեծում հարսանիքներ էին անում: «Արբատը» երկու խոհանոց ուներՙ հայկական, որ շատ բաներով հիշեցնում էր ասենք Երեւանի «Արմենիա» ռեստորանի խոհանոցը, եւ ռուսական, որն իր հերթին հիշեցնում էր ռուսաց մայրաքաղաքի «Մոսկվա» հյուրանոցի ռեստորանը: Մանավանդ, որ այնտեղ երգում էր այդ տարիներին մեծ համբավ ունեցող, ազգությամբ ռուսաստանյան հրեա Միխայիլ Շուֆուտինսկին: Նա ծնվել էր Օդեսայում, մինչ գորբաչովյան տարիներին երգել Մոսկվայի տարբեր բեմերում, հետո արտագաղթել Լոս Անջելես եւ աշխատանք գտել նախկին երեւանցիՙ Ավետիսի որդիներին պատկանող այդ համբավավոր ռեստորանում: Մայրիկիս մորաքրոջ զարմուհինՙ Տիգրանուհին (Դիանան), մի զարմանալի անհատականություն, որը նույնպես ծնվել էր Օդեսայում, պոլսեցի կոշկակար Հարություն Պարոնյանի ընտանիքում, հրաշալի գիտեր ռուսերեն, եւ Շուֆուտինսկու հետ, որպես ռուսական էմիգրանտ, ընկերություն էր անում: Նրանք համբուրվեցին, հին ծանոթներ էին. - Здравствуй, Мишенька, как я рада здесь видеть тебя. - А я как рад, ведь мы с тобой и не русские, и не армяне, и даже не евреи. Мы с тобой одесситы. - У нас сегодня здесь армянская свадьба - один из племянников моего мужа женится. - На ком Диночка? - Ты же знаешь - армяне стараются только на своих жениться. - Ну я поздравляю. - Мишенька, обещай что сегодня вечером ты споешь мою любимую песню про белого лебедя. - Как же, обещаю, Диночка. Հետո Շուֆուտինսկին նայեց ինձ ու ասաց. - Еслиб вы, молодой человек, видели Диночку лет 20 назад, вы бы упали. Ես շատ ուրախացա նման խոսքեր լսելու իմ իսկապես գեղեցկուհի թանթիկի հասցեին: Ահա այսպիսի սրտամոտ զրույցի ես ակամա վկա եղաՙ հայուհու եւ հրեայի միջեւ, իրոք կյանք տեսած եւ իրենց փորձը կյանքով հաստատած երկու անձանց միջեւ: Շուֆուտինսկին այդ գիշեր իսկապես երգեց եւ իր կողմից ասաց. - Здесь в зале на армянской свадьбе присутсвует и моя сестра из Одессы – Дина. Я эту песню посвящаю ей и вместе с ней всем армянам и евреям мира. Ведь у них очень схожие судьбы. Բոլորը ծափահարեցին ու համարյա բոլորն անցան պարի: Եվ ես պարի հրավիրեցի թանթիկիս դստեր ընկերուհուն, մի շատ համակրելի տիկնոջՙ ծագումով Հալեպից Լյուսի Յաղուբյանին, հետագա տարիներին մենք հավատարիմ բարեկամներ դարձանք: Շուֆուտինսկին, իրոք, սրտանց էր երգում, շատերը խոսում էին ռուսերեն: Օղին էլ ռուսական էր: Ես առաջին մի քանի րոպեն չհասկացա Մոսկվայու՞մ եմ գտնվում, թե՞ Լոս Անջելեսում: Դե ինչ արած, այս մարդիկՙ հայեր, ռուսներ, հրեաներ, բուլղարներ, ուկրաինացիներ, ժամանակին որոշել էին. «Երթալը ճիշտ է»: Սա էլ, երեւի, գլոբալիզմի պտուղներն են: *** Ընդհանրապես այնպես է կառուցված կամ այնպես է իրականությունը դասավորված, որ շատ հաճախ Լոս Անջելեսում շփոթում ես, թե իրապես ո՞ւր ես գտնվում... Սա էլ երեւի մերՙ հայերիս յուրահատուկ շնորհքն էՙ 17 միլիոնանոց Լոս Անջելեսում կառուցել մի իսկական փոքր Հայաստան («Little Armenia»): Չարժե մեկ առ մեկ թվարկել այն փաստերը, դիտարկումներն ու դիպվածները, որոնք կհաստատեն իմ ասելիքը: Լավ է, իհարկե, որ մարդն իր աչքով տեսնի, բայց մի քանի բան հաստատ է. Հայը կարող է Լոս Անջելեսում ապրել առանց ռասայական խտրականություն զգալու: Հայը կարող է իր երեխաներին (եթե դրամ կա) ուսման տալ իր ազգային, այսինքնՙ հայկական ուսումնական հաստատություններում: Հայն ունի լիակատար ազատություն այս երկրում ապրելու իր ուզած նահանգումՙ ում հետ որ ուզում է, եւ դոլար վաստակելՙ ինչպես որ կարող է, միայն թե թաքսերը (տուրքերը) ժամանակին վճարի եւ օրենքները չխախտի: Հայը հաճախում է իր հավատքին, իր գոյությանը ապավեն հայոց եկեղեցին: Ելնելով իր քաղաքական հայեցողությունից, ի՛նքը կընտրի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի՞, թե՞ Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսության եկեղեցիները: Հայն ունի իր պարբերական մամուլը, տպարանները, գրադարանները, մշակութային միությունները, կուսակցությունները, թատրոնը եւ այսպես շարունակ. մի խոսքովՙ լիարյուն ազգային կյանք: Հայը կարող է ապրել ողջ կյանքը Լոս Անջելեսում, առանց իմանալու անգլերեն լեզուն: Կյանքը ցույց է տվել, որ այդպես էլ կարելի է: Հայն իրավունք ունի ստանալ Ամերիկայի քաղաքացու օրինական անձնագիր, բայց համարելով իրեն հայ եւ ապրելով որպես... ամերիկահայ: Ինչ վատ է որ... Ո՞րն է մոդելը հայի երազած ապագայի քաղաքիՙ Երեւա՞նը, Լոս Անջելես-Փարի՞զը, Նյու Յո՞րքը, թե՞ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Մոնրեալը, Օսլոն: Կասկածներ ունեմ, որ «երազած» քաղաքի նախատիպը Երեւանի եւ Լոս Անջելեսի յուրահատուկ խառնուրդն է: Մենք միշտ եղել ենք Արեւելքի եւ Արեւմուտքի ճամփաբաժանում: Սակայն ավելի կապված ենք եղել Բյուզանդիայի հետ, քան Եվրոպայի: Իսկ գուցե եւ Կալիֆոռնիան ժամանակակից Բյուզանդիոնն է... *** Ինչո՞ւ են հայերն այդպես սիրում Լաս Վեգասը: Հայերս ազարտ սիրող, էքստրեմալ վիճակներ սիրող ազգ ենք: Տեմպերամենտով, կյանքի դինամիկայով ապրող ազգ ենք: Մենք չենք կարող հենց այնպես նստել տանը եւ հեռուստացույց նայել կամ թե ֆրանսիացիների պես նստել բացօթյա կաֆեներում եւ ժամեր անցկացնել մի բաժակ սուրճի կամ գարեջրի ընկերակցությամբ: Հայերիս մոտ միշտ պետք է մի բան կատարվի: Մենք չենք կարող պարզապես վայելել հանգիստը, մենք նման շռայլության իրավունքը չունենք: Մենք միշտ պետք է մի բանով զբաղվենք, եւ լավ կլիներ, անշուշտ, որ այդ բանն էլ մեզ որոշակի եկամուտ բերեր: Լաս Վեգասում փողը ռեալ հասկացողություն է, հիմա՛, հենց այս պահին, եւ եթե բախտդ էլ բերի, ապա մեծ քանակով... Ո՛չ սպասել է պետք ապագա եկամուտներին, ո՛չ էլ փող ներդնել, որ հետո այն աշխատի: Այո՛, ռեալ հասկացողություններն են այստեղ իշխում, գործ, ռիսկ, բախտ, հավատ քո ներքին ուժերի հանդեպ, ազարտ, տեմպ, շռայլություն կորցրածիդ հանդեպ եւ նույնպես անվրդով տերություն շահածիդ: Փողի պտտման մեխանիկան անբասիր է աշխատում լաս վեգասյան հարյուրավոր խաղատներում: Ի՞նչ հարգանք ունի այստեղ դոլարը, եւ ինչպես է հայ մարդն անցկացնում իր «որսը», ի՞նչ սպասելիքներով է նա այստեղ գալիս եւ ինչպիսի՞ խնդությամբ կամ հակառակըՙ հուսախաբությամբ այստեղից հեռանում: Լաս Վեգասի երկրպագման գրավականներից մեկն է նաեւ Քըրք Քըրքորյանի անունըՙ Լաս Վեգասի կազինոների հիմնադիր արքաներից մեկի: Չլիներ Քըրքը, ապա մի քանի աստղով պակաս կփայլեր Լաս Վեգասի ադամանդյա շողքը: Աշխարհի ամենահաջողակ հայերից մեկը իրոք հսկայական հետք է թողել Լաս Վեգասում: Հայերը սիրում են Լաս Վեգասում շփվել աշխարհի համբավավոր քաղաքները եւ հրաշալիքները խորհրդանշող «իմիտացիոն» (նմանակային) դրախտի հետ, ես նկատի ունեմ զուտ ամերիկյան վարպետությամբ Լաս Վեգասում կերտած հյուրանոց-կազինոները... «Venice», «Paris», «New York», «MGM», «Rio-Rio», «Ceasar Palase», «Piramid»: Խենեշ զվարճանքի, շատակերության եւ ղումարի (ի դեպ, երեք այս «մեղքերի» համար Դանթեն նախատեսել էր Դժոխքը) այս միջազգային կենտրոնը: Այնպես որ, երբ հայ մարդը գալիս է Լաս Վեգաս, նա այստեղ կարող է ֆրանսիական գինի եւ պանիրներ համտեսել, հին Փարիզի բուլվարների նմանակությամբ ստեղծված «Paris»-ի հյուրանոց-կազինոյի սրահներում կամ թե «Venice» շքեղ հյուրանոց-կազինոյի ներսում, ուր վարպետորեն իմիտացիա են արված անգամ Վենետիկյան ջրանցքները, իրենց կախարդական գոնդոլներով, ուր հնչում են տարբեր արիաներ իտալական հայտնի օպերաներից: Իսկ Latino-ի (հարավ-ամերիկյան ոճի) սիրահարների համար դռները բաց են` «Rio-Rio» հյուրանոցն իր վիթխարի կազինոյով: Նայիր, հրճվիր եւ խրախուսվիր, թե ինչպես են հյուրանոցի մեծ սրահի առաստաղից կախված թափանցիկ ու շարժական վագոնիկների միջից իրենց կրքոտ կառնավալային պարերը ցուցադրում կիսամերկ բրազիլյան գեղեցկուհիները: Իսկ առաջին հարկի ռեստորաններում վայելիր ուզածիդ չափ բրազիլական «գրիլները», որոնք պատրաստվում են ուղիղ աչքիդ առաջ, միայն թե շամփուրների փոխարեն մետաղյա ցանցեր են: Եթե դու սիրել ես պատմությունը, եւ մասնավորապես Հին Հռոմը, իր անտիկ շրջանովՙ քանդակներով, արձաններով, շքեղ բաղնիքներով, ապա գնա «Ceasar Palace» հյուրանոց, ուր կտեսնես է՛լ ստրուկների շուկա, է՛լ սատիրիկոնյան խենեշ քեֆեր գինիով եւ վավաշոտ հռոմեուհիներով, է՛լ բնականից չջոկվող երկրաշարժներ ու Պոմպեյի հրաբխի ժայթքումներ. այնպես որ, գլուխդ կպտտվի... Մի խոսքով, Լաս Վեգասը նաեւ աշխարհի հրաշալիքների իմիտացիոն արքայությունն է: Դե ասենք իմիտացիա (նմանակում) հասկացողությունը շատ են սիրում Ամերիկայում եւ առանց նրա այստեղ չեն կարող յոլա գնալ (բնականաբար եւ տեղի հայերը): Իսկ խաղի ազարտը, որ այդ ախտով տառապողի համար երեւի գերագույն հաճույք է, ասես ցամաք աղբյուր լինի, ուր ջրի փոխարեն դոլար է հոսում, եթե իհարկե, դու բախտավոր աստղի տակ ես ծնվել եւ ժամանակին ես հասկացել, որ «Երթալը ճիշտ է»: Ինչպես ասացի, ոչ բոլոր մեր հայրենակիցներն են գալիս Լաս Վեգաս խաղի համար: Շատերն ուղղակի իրենց հանգստյան օրերն են անցկացնում այստեղ: Տղաներն իրենց ընկերուհիների հետ, երիտասարդ կամ տարեց ամուսինները գալով այստեղ, պատկերացնում են, թե՛ միանգամից այց են կատարել թե՛ աշխարհի ամենամեծ կազինոն եւ թե՛ ամենագեղատեսիլ քաղաքներըՙ Փարիզ ու Վենետիկ, Հռոմ եւ Ռիո Դի Ժանեյրո: Էլ չեմ ասում, որ աշխարհի շա՜տ երկրների խոհանոցը դու կարող ես համտես անել Լաս Վեգասի ռեստորաններում, դու կարող ես լողալ «Mandalaya beach» հյուրանոցի լողավազանում, ուր ջուրը իրական օվկիանոսյան է, ավազը բերված Հավայան կղզիներից եւ հատուկ սարքերն էլ կարող են արհեստական ալեկոծություն սարքել: Լաս Վեգասն, ինչպես մի հեքիաթային կալեյդոսկոպի մեջ, վերստեղծել է աշխարհի հայտնի վայրերի մանրակերտը, հոգ չէ, որ դա ճիշտը չէ, բնականը չէ, այլակերպն է, հանճարեղ նմանակում է (իմիտացիա), բայց ասենք Ամերիկան վաղուց հրաժարվել է բնականից, թե՛ ուտեստեղենը, թե՛ ճարտարապետությունը, թե՛ կանացի մարմիններն ու անգամ ատամները արհեստական են: Անգամ սիրո զգացմունքն են վստահել համակարգչին: Եվ դա այնտեղ ողջունելի է: Սուտը, արհեստականը ամենուրեք անցնում է ճշմարտի, բնականի տեղ: *** Ամենից շատը Ամերիկայում մնացել եմ 82 օր, 1992-1993 թվականների ձմռան ամիսներին: 82 օրերը թեեւ շատ հագեցած էին, բայց եւ այնպես բավական երկար անցան: Ընդհանուր առմամբ ես սիրեցի Ամերիկան, մանավանդ Կալիֆոռնիան, քիչ չեն անտառոտ լեռները, կանաչ դաշտերն ու բլուրները, պտղատու ծառերը մայթեզրերին, մեկը մյուսից զով ու դալար պարտեզները, դեռ Տերն էլ իրենց օվկիանոս է նվիրել... Այդքան գեղեցկություն մեկ մարդուն բաժին ընկած, ընդ որումՙ բնական գեղեցկություն, բնությունից նվեր ստացած, ոչ թե արհեստական: Ինչպե՞ս չհիանաս բնության այս շռայլ նվիրատվությամբ: Եվ ուրախ ես, որ այս պարգեւից հային էլ է բաժին հասնում: Չեմ թաքցնի եւ կասեմՙ ես սիրեցի Ամերիկան, բայց ավելի շատ սիրեցի ամերիկահայերին, նրա բազմազգ բնակչության այն մասը, որ առավել մոտ ու հարազատ է ինձ: Ե՛վ նրանց, ովքեր այդպես էլ անգլերեն չսովորեցին, ե՛ւ նրանց ովքեր, անգլերեն են խոսում անգլիացուց էլ լավ: Ե՛վ նրանց, ովքեր իրենց զավակներին ամեն առավոտ լիմուզիններով են տանում դպրոց, ե՛ւ նրանց, ովքեր փողի սղության պատճառով իրենց երեխաներին տանում են Լոս Անջելեսի քաղաքային ձրի դպրոցները: Ամերիկահայը, եթե հարստացել է, միայն շնորհիվ իր խելքի եւ աշխատասիրության: Այսինքնՙ ամերիկահայերը միայն իրենք են իրենց վիճակի տերը: Դա իմ առաջին այցն էր Միացյալ Նահանգներ, երբ ես հյուրընկալվել էի մորս հորեղբոր աղջկաՙ Ալիսի տանը: 1992-ի դեկտեմբերին, երբ ժամանեցի Միացյալ Նահանգների ամենահայաշատ նահանգը, ես ունեի ընդամենը տասը բարեկամ եւ ծանոթ: Տեղացիներից Տիգրանուհինՙ Մոնթեբելլոյից, Վարպետի հորեղբոր թոռըՙ Ջոն Գաբրիելը Մոնթեբելլոյից, դաշնակցական ընկեր Վարուժան Դեմիրճյանըՙ Փասադենայից, ծագումով ղարաբաղցի տատիկիս հին բարեկամ Ջոնի Բոզոֆֆի թոռըՙ Ջանիկը, եւ մի քանի հոգի էլ Հայաստանիցՙ 1975-1990 թթ. գնացածներից: Երբ 1993-ի մարտի 12-ին Նյու Յորքից վերադառնում էի Երեւան, իմ ծոցատետրում ունեի երեք հարյուրից ավելի ծանոթ-բարեկամի անուն: Եվ դեռ Նյու Յորքում պետք է հանդիպեի իմ ճանաչած ամենաազնվասիրտ հայորդիներից մեկիՙ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հետ: «Ինդո՞ր ես, Ավիկ» - ականջիս մեջ են առաջին բառերը նրա կողմից ուղղված ինձ, որպես իր հին ծանոթի: Ճանապարհ գցելուց առաջ Վարուժան Դեմիրճյանը հարցրեց. «Կխորհիմ թե մյուս տարի նորեն կուգաս Ամերիկա, բայց անշուշտ հոս ավելի երկար ատեն կմնաս...»: - Գալը կգամ, ընկեր Վարուժան, բայց հազիվ թե ավելի երկար մնամ: 82 օրը շա՜տ-շատ էր, ամեն օրը հաշվել եմ... եթե ավելի երկար մնայի, կապը կխզվեր, սերը կփոխվեր կարոտի: - Մի՛ ըսեր, մենք բոլորս կարոտի զավակներ ենք: Հիմա գնալ-գալը դյուրին է, մի օր դուք կգաք, մի օր մենք, ի՜նչ կա, ազատ ճամփա է... *** Հետաքրքրական բան էր ինձ հետ կատարվել: Առաջին գիշերը Լոս Անջելեսում, երբ քնեցի Ալիսենց տանըՙ երազ տեսա, իբր անցել են դիմացի 82 օրերը եւ ես արդեն վերադարձել եմ Երեւան ու հանդիպում եմ կնոջսՙ Ռուզանին, երեւանյան մեր տանը: Էդ երազից հետո դեռ պետք է անցներ 82 օր: Ու ես մտածեցի. «Ա՜խ, ափսոս, որ երազ էր...»: Ավելորդ է ասել, որ 75 օրից հետո վերջին մեկ շաբաթը համարյա չեմ քնել: Կարոտը քնել չէր թողնում: Անընդհատ ֆիլմի պես աչքերիս առաջ պատկերացնում էի առաջին քայլը օդանավի տրապից իջնելուց եւ հանդիպումը կնոջս, երեխեքիս հետ եւ, այն ատեն, փառք Տիրոջը, կենդանի էին մայրս եւ հայրս: Վերջին երեք օրը 1993 թ. մարտին, Լոս Անջելեսից հետո ես ապրեցի Նյու Յորքումՙ Մանհեթենում, ինչպես ասացի, իմ իմացած ամենաբարի ու ազնիվ հայերից մեկիՙ Մեսրոպ արք. Աշճյանի տանը: Եվ որքան որ Նյու Յորքն իր երկնաքերներով, ճարտարապետական բացառիկ հրաշալիքներով, ժամանակակից արվեստի թանգարաններով հիացրեց ինձ, նույնքան էլ հիացրեց Մեսրոպ սրբազանը, որ այսպիսի մարդիկ էլ կան մեր օրերում, որ այսպիսի եկեղեցական կա, որը վայելում է Արեւելյան ափի շատ հայերի սերն ու հարգանքը: Ես հասկացա, որ մեր օրերում էլ համեստությունն ու ազնվությունը հզոր զենք ենՙ համարյա հավասար հավատքին: Երբ ուշ երեկոյան տուն էինք գալիս, սրբազան հայրը միացնում էր տան հեռախոսի օթոմատիկ սարքը, որը ձայնագրած էր լինում բոլոր զանգահարողներին: Չեմ չափազանցնում, ուղիղ քսան րոպե լսվում էին տարբեր մարդկանց տարբեր ձայներ: «Հայ, սրբազան» - սա է, նա է, կային մարդիկ եւ տիկնայք, որոնք սրբազանին ներկայանալու կարիք չունեին, հարազատ ու հնուց ծանոթ ձայներ էին, բոլորը սրբազանին հրավիրում էինՙ է՛լ բնակարանամուտ, է՛լ կնունք, է՛լ հոբելյան ու շնորհանդես, գինեձոն ու հոգաբարձուների ժողով: Սրբազանը փնտրված, սիրված ու հարգված մարդ էր հայության շրջաններում: Վերջին տարիները նա հայրենիքում էր, մենք ոչ միայն հիշում, այլեւ կարոտում ենք նրան: Հիշելով Մեսրոպ սրբազանին, ես հետին թվով այսօր ինձ հարց եմ տալիս, իսկ որտեղացի՞ էր Սրբազանը, ի՞նչ երկրի քաղաքացի. ծնունդով Սիրիայի հայաստեղծ Քեսաբից, ուսում էր առել Դամասկոս, ծառայել Բեյրութ, ապա մի երկար շրջան ապրել Միացյալ Նահանգներում, եղել Կիլիկիո կաթողիկոսության թեմական առաջնորդը ողջ Ամերիկայի Արեւելյան ափիՙ Նյու Յորք: Ապա Մայր աթոռ սուրբ Էջմիածին, եթե կարելի է ընդհանրացված ասելՙ նստատեղին Մուղնու վանքը: Իր մահկանացուն նա կնքեց Նյու Յորքում, ուր մեկնել էր Երեւանից ընդամենը տասը օրով եւ հենց ոտքի վրա էլ, ինչպես ժողովուրդն է ասումՙ հոգին լուսավորեց: Թաղված է Անթիլիասի եկեղեցու բակում: Մինչդեռ փափագում էր, որ վերջին հանգրվանը լիներ Մուղնիի վանքը: Այս կյանքի ճակատագիրը, թերեւս խտացված մոդելն է ապագա հայի, որի նախատիպը Աշճյան սրբազանն է: Նման հայ չէ՞ արդյոք Շառլ Ազնավուրը. աշխարհի քաղաքացի, Ֆրանսիայի առաջին մեծության աստղի, Շվեյցարիայի քաղաքացի, սակայն իր ողջ մարդկային էությամբ հայ եւ անգամ Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Շվեյցարիայում... *** «Աս երկրեն որ դուրս գամ, լոլիկ ալ չպիտի ուտեմ»: «Ինչո՞ւ»: «Որովհետեւ լոլիկն ալ կարմիր է»: «Անոնք, որ Խորհրդային Հայաստան եկան 1935-1939 թվերին, պիտի կոչվեին միամիտներ, իսկ 1945-1949 թվերին եկածներըՙ խաբվածներ, ավելի ուշ շրջանի եկածներըՙ ախմախներ»: «Դու տեսե՞լ ես մեր «Արարատ» կենտրոնը, այնտեղի մեկ հյուրին երկու խնամակալ է հասնում («Արարատը» Կալիֆոռնիայի նահանգի լավագույն հանգստյան եւ բուժման տունն էր տարեց հայերի համար): Ես մեկ անգամ չէ, որ այցելել եմ այդ տունը, ե՛ւ այն ժամանակ, երբ որեւէ ծանոթ այնտեղ չեմ ունեցել, այցելել եմ նաեւ տարբեր բարեկամների հետ, որոնց տատիկը կամ պապիկը այնտեղ են գտնվել-ապրել: Ես, իհարկե, նման մաքրություն, հոգատարություն եւ խնամք չէի տեսել նման բնույթի հաստատություններում ո՛չ Երեւանում, ո՛չ Մոսկվայում: Ծանոթացա «Արարատի» ղեկավար տիկնանց հետ, կային եւ՛ բժիշկներ, ե՛ւ լավ կանայք, որ հոգ էին տանում իրենց խնամքին վստահված տարեց անձանց: Ինձ եւ Ռուզանին նաեւ ցույց տվեցին դեպի եկեղեցի տանող այն պատվո զբոսուղին, որի մայթերի վրա դաջված էին մեծանուն հայորդիների անունները, հակիրճ կենսագրական տվյալներով: Հպարտությամբ կարդացինք Մարտիրոս Սարյանի եւ Ավետիք Իսահակյանի անունները: Իսահակյանի անունը կարդալիս այստեղՙ հայոց ծերանոցի բակում, անկարելի էր չհիշել նրա տողերը «Անուշ մորես բաժանվել եմ //Տխուր, տրտում քուն չունիմ...»: Տվյալ դեպքում բանաստեղծն ինքն իրեն էր խարազանում, որ մորը թողել, հեռացել է օտար ափեր: Մինչդեռ այստեղ բերում են իրենց մայրերին օջախներից (հարուստ թե աղքատ, մի հաշիվ է) եւ թողնում մենակ: Իսկ բերելուց առաջ հարցրե՞լ էին արդյոք նրանց կարծիքը: Այստեղ եւս մեկ անգամ հիշեցի 1907 թ. Ալեքսանդրապոլում գրած հայ պոետի տողերը. «Տղա՛ս, վերցրու՛ պարկը քեզ հետ Պարկը տանը պետք կըգա»: ...Ծերունի մայրը, ինձ տեսնելով, ժպտաց, ճանաչեց, ես մոտեցա, համբուրեցի, նրան վերջին անգամ տեսել էի ուղիղ տասը տարի առաջ, կրկին Լոս Անջելեսում, սակայն իր տանը, այստեղ, ասես նա մի տեսակ մանկացել էր, ծերությունը տանում է մարդուն դեպի մանկության մի անմեղ, բարի, հիշողություն չունեցող շրջան, եւ հայացքն էլ դառնում է մանկական, մարդուց միայն բարին սպասող հայացք... Երեւանում այն ընտանիքի անդամները, որոնք իրենց տարիքն առած հորն ու մորը տալիս են ծերանոց, համարվում են «անօրեն զավակներ», հարեւանները դադարում են նրանց բարեւ տալուց: Հանդիպում են երկու հին ընկեր Գլենդել Մոլում. «Էյ, ինդո՞ր ես, բարեկամս»: «Ինդոր պիտի ըլլամ, որդիս ամուսնացուցի...»: «Բայց ինչո՞ւ տեսակ մը տխուր ես»: «Էհ, ի՞նչ ըսեմ հապա, հարսը տղա է... սիրտ կմնա՞»: «Էհ, գոնե հա՞յ է»... Երեւանում չկան այս բնույթի ամուսնություններ, այստեղ մենք իրոք որ միանշանակ պահպանողական ենք, կնշանակի դեռ որոշ ժամանակ անաղարտ կպահենք մեր գենը: «Հայրենադարձ մարդ մը գնացքով կը հասնի Խորհրդային Հայաստանՙ Երեւանի կայարան: Իրերը վագոնից ցած կիջեցնի: Կըսե, երթամ հայրենի հողը համբուրեմ: Կերթա, ծնկաչոք կիջնի հողը երեք անգամ կհամբուրե, ետ կուգա ու կը տեսնե ճամպրուկները չկան, գողցեր են. - Էհ, եթե գողերը հայ են, թող բարի վայելեն»: Եվ սակայն իրենցիցՙ հայրենադարձներից, այդպես էլ ոչ մի օրենքով գող դուրս չեկավ: Այս մարդիկ շատ կիրթ էին, որ գողություն անեին եւ շատ խղճով ապրող, որ իրենց հայրենակիցներին թալանեին: Դրսի հողը, որքան էլ այն բարգավաճ լինի, չի կարող փոխարինել հայրենի հողին: Կարո՞ղ էինք մենք անկախության առաջին տարին պատկերացնել, որ մի կարճ ժամանակում ԱՄՆ-ում կհավաքվի մոտ մեկ ու կես միլիոն հայություն: Հիշենք Վիլյամ Սարոյանի նշանավոր պրիտչը մի փոքրիկ թռչնի հայրենիքի մասինՙ «Հեծանվորդը Բեւերլի Հիլզից» նրա ինքնակենսագրական վեպից: Հիշենք խոսքերը հայ պոետներիՙ աշխարհի ամենալավ տունը, հայրենի ծուխը, հայ «Քու հողին մեռնիմ, անգին հայրենիք...» ժողովրդական խոսքըՙ էլի հայրենիքն անուշ է... Լոս Անջելեսի «Kodak» բացօթյա, հիսուն հազար տեղանոց հսկայական համերգասրահում երգում էր Քրիստինե Պեպելյանը: Նրբամարմին, նրբիրան, նրբանկատ պահվածքով, շատ ճաշակով հագնված եւ իրՙ ասես վագրուհու աչքերով, բայց շատ թովիչ եւ կանացի: Այս նուրբ աղջիկը եւ 50.000-անոց հսկա դահլիճը, որն ուզում է որսալ նրա ամեն մի խոսքը, քայլը: Եվ մեր տաղանդավոր աղջկան հաջողվում է իր բռի մեջ պահել դահլիճը, իրեն լսել տալ, խանդավառել ու եղած պահին տխրեցնել եւ նույնիսկ լացացնել: Ամեն անգամ, երբ նա նոր երգ է սկսում, դահլիճը ծափահարում է, դահլիճը համոզված է, որ Քրիստինեն կպարգեւի իր հայրենակիցներին ոգեւորության եւ խանդավառություն: Այս համերգը (որը նայում էի հունիսի սկզբներին հեռուստատեսությամբ) ոչ պակաս հետաքրքրական էր դիտել նաեւ հազարավոր հանդիսատեսին մի վայրում, այսպես հաշտ ու խաղաղ հավաքված տեսնել 50.000 հայության: Դիտել նրանց դեմքերը, հայացքները, փորձել կռահել նրանց տրամադրությունները: Աչք է զարկում մի ընդհանուր միտում. Մարդիկ գոհ են, կուշտ են, լավ հագնված են: Անշուշտ, նրանց մեջ կան մարդիկ, որ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, կան, որ ծայրահեղ հարուստ են, բայց հիմնական մասը ապահովված միջին խավն է, մի խավ, որ այդպես էլ մեզանումՙ Հայաստանում, չձեւավորվեց: Քրիստինեն երգում էր իր շատ հուզիչ «Մայրիկ» երգը, հեռուստաէկրանի խոշոր պլանով ցույց է տրվում «Kodak»-ում հավաքված մեր հայրենակիցների դեմքերը, որոնց 90%-ը Հայաստանից արտագաղթածներն են: Ես նկատում եմՙ կանացի դեմքերն ավելի զգայական են արձագանքում երգչուհուն, նկատում եմ, որ համարյա բոլորի աչքերում ներքին տխրություն կա, դա շատ բնական երեւում է, չես թաքցնի քո ներաշխարհը: Ի՞նչ է դա. կարոտ քո հայրենիքի՞, վիշտ կորցրած մայրիկիդ հանդե՞պ, չկայացած սիրո՞ հանդեպ. բայց մի բան անվիճելի էՙ պակաս կա երջանկության: Մինչդեռ ավելի զուսպ է տղամարդկանց ռեակցիան, եւ զարմանալի էՙ ոմանց դեմքերը արտահայտում են գոհունակություն, ոմանցն էլՙ անտարբերություն: Չգիտեմ նրանք վաղուց, թե՞ միայն վերջերս են գնացել, բայց մի բան ակնհայտ է, որ նրանք կարոտ չունեն... Որովհետեւ շատերի դեմքից չես կռահի նրանց հոգեկան վիճակը, եւ ոչ թե այն լավ քողարկված է, այլ պարզապես անհաղորդ են. «Մենք անցել ենք քավարանի մեր ճամփով, եւ ուրիշ բան մեզնից մի սպասեք»: Մենք հո Հռոմի պապը չե՞նք, որ ձեզ կարեկցենք եւ ոգեւորենք, էլ չենք ասումՙ օգնենք» - մոտավորապես այս էի ես կարդում նրանց դեմքերին, ամեն անգամ երբ ես լսում էի Քրիստինեի ձայնը: Իսկ գուցե ես սխալվում եմ, բայց ես սովոր եմ հավատալ իմ ինտուիցիային, ահա մոտավորապես այսպիսի մտքեր ինձ պաշարեցին հունիսյան մի երեկո Երեւանից Լոս Անջելեսը դիտելիս: Բայց ահա մեկ ժամ անց համերգից հետո հեռարձակվեցին հայկական լուրերը եւ իմ աչքի առաջ նորեն անցան հիշատակված կուշտ ու գոհ դեմքերի մի գալերեա: Այո, նրանք չեն փոխվում, նրանք ամենուրեք նույնն են... Բայց կա նաեւ անհերքելի իրականություն, 1992 թվին ես դեռ չէի պատկերացնի, որ Թաթայի կամ Նունեի, Արմանչիկի կամ Արմենչիկի համերգներին Լոս Անջելեսում բաց երկնքի տակ կհավաքվի 80-100 հազար հայություն եւ մեկ մարդու պես նրանք կձայնակցեն երգչին, ձեռքներին վառվող մոմ կամ թե մոբիլային հեռախոս, եւ ազգային պարի կբռնվենՙ բոլորի դեմքին դրոշմված այնքա՜ն հազվագյուտ հայաստանյան հայի համարՙ անհոգությունն ու կյանքից գոհունակությունը: *** Ապրիլի երկուսի վաղ առավոտյան դորս եկա փողոցՙ մոտիկից տեսնելու իմ հայրենակիցների դեմքերը, զգալու նրանց շունչը, տեսնելու ե՛ւ ջահելին, ե՛ւ ահելին, ե՛ւ հղի կանանց, ե՛ւ միայնակ ծերուկներին: Ես, ինչպես եւ նրանք, շատ լավ գիտեինք, թե ինչ է կատարվել այս աշխարհում նախորդ գիշեր... Կատարվել էր եւ դեռ պիտի շարունակվեր: Պատերազմական առաջին օրվա առավոտը քաղաքն այնքան էլ լիքը չէր մարդկանցով, զով օր էր, որտեղի՞ց էր գալիս այս քամին: Հիմա այնտեղ նրանք ենՙ քո զավակները, տագնապը նրանց ճակատագրի համար չի կարող բնականաբար հանգիստ տալ քո հանդիպակաց երեւանցիներին... Ամենածանրը պատերազմի սկիզբը մեր քաղաքում ընկալում են կանայք, մանավանդ մայրական տարիքի կանայք: Սա պատերազմյան երրորդ առավոտն էրՙ 1941 թ., 1991 թ., եւ 2016 թ. Երեւան քաղաքում: Տխուր ու երկար ձմեռվանից հետո այս գարունըՙ իրոք որ «Գարուն ա, ձյուն ա արել...»: Ինձ համակել էր այն զգացմունքը, որ մարդիկ ոչ թե պարզապես տնից դուրս են եկել, այլ ելել են իրար սատար կանգնելու, ե՛ւ ես, ե՛ւ իրենք իրար մոտ լինելու, պարզապես միասին լինելու կարիք ունենք: Չէ՞ որ Երեւանում այս վերջին տարիներին արդեն քիչ երեւանցի է մնացել: Մարդիկ պազապես քչացել են: Դու այլեւս չես զգում մարդկային ժխոր քաղաքում, ինչպես, օրինակ, խորհրդային տարիներին, մանավանդ տոն օրերին... Եվ այսպես, րոպե առ րոպե մարդկային գետը ավելի ու ավելի վարարում էր: Յուրաքանչյուրը, թեկուզեւ դեմքին ժպիտ չուներ, բայց իր քայլը ավելի խրոխտ էր գցում: Այսպես գնում են ոչ թե շքերթի, այլՙ զորահավաքի: Խաղաղ քաղաքի ձայների մեջ ավելի լսելի էին դառնում, ավելի համահունչ էին դառնում ժողովրդի քայլի ձայները: Ասես համախմբվում, բռունցք էին դառնում դեռ երեկ խաղաղ քաղաքում իրենց առօրյա գործերով ապրող մարդիկ: Երեխեք, ջահելներ, կանայք, տղամարդիկ, ծերեր ու միայնակ ծերուկներ համախմբվում էին, միանում հուժկու ընթացող գետի պես: Դու զգում էիր ինչպես է մի միասնական բռունցք դառնում քո ժողովուրդը: Եվ այս գիտակցությամբ հոգիդ պարուրվում է երջանկությամբ ու հպարտությամբՙ ո՛չ դու ես մենակ, ո՛չ նրանք: Սա մենք ենք, հայաստանցիներս, երեւանցիներս, հայ ժողովուրդը, հայ սփյուռքըՙ հայ բանակը... Շարունակելի 5 եւ վերջ 2016 մարտ-մայիս, Երեւան |