RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 4217, Տպվել է` 450, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲԱԺԱՆՎԵԼ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ուղեկցությամբ Վանաձոր քաղաքի ՌԱԿ պատասխանատուներից Նելլի Գյուլզատյանի, ընտանիքը, որին մենք այցելեցինք` Լոռու մարզի, Վանաձոր քաղաքի Զինկոմիսարիատից զորակոչված 1981 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Դավթյան Կարեն Պարգեւի ընտանիքն էր: Կարենի ընտանիքը ապրում էր ծնողների, կնոջՙ Մարինեի եւ երկու անչափահաս երեխաների հետՙ 3 տարեկան աղջկա եւ 1.7 ամսական տղայի հետ: Դավթյան Կարենի հայրըՙ Պարգեւը, Արցախյան ազատագրական պայքարի առաջին օրերից որպես կամավոր մեկնել է Արցախ: Մարտնչել եւ վերադարձել է ռազմաճակատից: Երբ Կարենը իր ընտանիքի անդամներին հայտնում է, որ ցանկանում է շարունակել իր զինվորական ծառայությունը որպես պայմանագրային ծառայող, մայրը եւ կինը դեմ են եղել, խնդրել են չգնալ, մնալ ընտանիքի հետ: Բայց նա մնացել է անդրդվելի: Կարեն Դավթյանը ջոկատի գնդացրորդն էր: Ուներ աներեր ձեռք, սուր աչք: Հերթական մարտական հերթապահության ժամանակ մարտական առաջադրանք կատարելիս, ձնահոսքի պատճառով ընկնում է ձորը ու մահանում թթվածնային անբավարարությունից: Կարեն Դավթյանի ծնողները անբուժելի հիվանդ են: Նրա մահից հետո կնոջն ու երկու երեխաներին տրամադրվել է երկսենյականոց բնակարան, որի վերանորոգման աշխատանքները շարունակվում են: Մենք գումարը հանձնեցինք այդ բնակարանում:

Հաջորդ ընտանիքը, որին մենք այցելեցինք, Վանաձորի Զինկոմիսարիատից զորակոչված 1996 թվականին ծնված շարքային Մինասյան Հայկ Սամվելի ընտանիքն էր: Նա ապրում էր խիստ անբարեկարգ երկու սենյականոց բնակարանում, ծնողների եւ 3 քույրերի հետ: Նա տան միակ արու զավակն էր: Մինասյան Հայկը դասակի ավագ ռադիոհեռախոսավարն է, կարեւոր հաղորդագրությունների մասին առաջինն էր իմանում եւ արագ կատարում բոլոր հրամանները: Հայրըՙ Սամվելը, պատմում էր, որ մահվան օրը խոսել է որդու հետ, նա հանգիստ էր, բայց քչախոս: Ընդհանրապես նա հասկանալով ընտանիքի սոցիալական ծանր վիճակըՙ շատ քիչ բան էր ուզում ծնողներիցՙ մեկ-մեկ մարտկոց, սափրվելու եւ այլ հիգիենիկ պարագաներ: Ուրախ ու կատակասեր էր, քույրերի հետ շատ կապված ...Վանաձոր քաղաքում իր դպրոցում բացվել է Հայկի անունով դասարան: Մինասյան Հայկը հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ եւ ՀՀ Արիության շքանշանով:

Մյուս ընտանիքը, որտեղ եղանք, Վանաձոր քաղաքի Զինկոմիսարիատից զորակոչված 1997 թվականին ծնված շարքային Քալաշյան Սպարտակ Սարգսի ընտանիքն էր: Նրանց ընտանիքը ապրում էր երկու սենյականոց բնակարանումՙ ծնողների եւ կրտսեր քրոջ հետ: Նրանց մենք հանդիպեցինք բնակարանի վերանորոգման գործերով տարված: Հայրըՙ Սարգիսը, պատմում էր, որ ինքը նույնպես 25 տարի առաջ մասնակցել Արցախյան պատերազմին: Սպարտակի մորեղբայրը 1992 թվականին զոհվել է 19 տարեկան հասակում Մարտակերտում, ինչպես եւ Սպարտակը: Հայրը մեծ հպարտությամբ ասում էր, որ իր հերոս տղան դաստիարակվել է հայրենասիրական մթնոլորտում, դեռ մանկուց նա գիտեր ինչ է պատերազմը, ուր է գնացել հայրը, երբեք մորը չէր հարցնում, թե երբ կգա հայրը, գիտեր լուռ սպասել: Սպարտակ Քալաշյանը հորը ասում էր արի դիրքեր, մեզ սովորեցնելու շատ բան ունես: Հայրըՙ Սարգիսը, ասում էր - այս սերունդը ավելի ուժեղ է քան մենք: Ի դեպ Քալաշյանների ընտանիքը որշել է արու զավակ ունենալ Սպարտակ անունով:

Հաջորդ ընտանիքը ապրում էր Սպիտակ քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կաթնաջուր գյուղում: Սպիտակ քաղաքի Զինկոմիսարիատից զորակոչված 1996 թվականին ծնված շարքային Վարդերեսյան Արտյոմ Արսենի ընտանիքը ապրում էր գյուղապետարանի հարակից տարածքում: Արտյոմի պապըՙ Անդրանիկը, ֆիդայի է եղել, հայրըՙ Արսենը նույնպես Արցախյան պատերազմի մասնակից, քաջ ու պինդ տղա են մեծացրել: Դպրոցում լավ է սովորել, խելացի էր, մեքենաներից գլուխ էր հանում: Հայրը ասում էր, որ բոլորովին չէր վախենում բանակ գնալուց: Գյուղից շատ երիտասարդներ են մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի, բայց նա մնացել է: Արտյոմ Վարդերեսյանը ապրում էր ծնողների, պապի եւ 2 քույրերի հետ: Հայրենասիրական դասերն ստացել է հորից ու պապից: Ծնողները ցույց տվեցին մի քանի շնորհակալագրեր լավագույն զինծառայության համար: Հայրը պատմում էր, որ Արտյոմի մոտՙ դիրքերում է եղել նրա մահվանից մեկ օր առաջ: Արտյոմը մահացել է դիրքերում գիշերային հերթափոխում հակառակորդի դիպուկահարի գնդակից: Վարդերեսյանների մայրը երազ է տեսել, որտեղ Արտյոմը գալով տուն ասել է -Ես վերադարձա: Ընտանիքը որոշել է արու զավակ ունենալ: Վարդերեսյան Արտյոմը հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ շքանշաններով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ