ՆՈՐ ԴԵՄՔԵ՞Ր, ԹԵ՞ ՆՈՐ ՓՈՒԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանն ունեցավ երեք նախագահ եւ տասնչորս վարչապետ: Վարչապետների մեծ մասն եկավ ու գնաց առանց մեծ աղմուկի: Բայց Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ու նրան փոխարինող Կարեն Կարապետյանի նշանակումը տարբեր ենթադրությունների եւ մեկնաբանությունների դուռ է բացել: Աբրահամյանը երկրին ծառայեց մոտ երկուսուկես տարի: Դրանից առաջ նա զբաղեցրեց խորհրդարանի նախագահի պաշտոնըՙ դուրս թողնելով առավել նրբաճաշակ եւ խորագիտակ պետական գործիչ Տիգրան Թորոսյանին: Նրա վարչապետ նշանակվելը խոստանում էր լուրջ եւ կարեւոր տնտեսական բարեփոխումներ առաջացնել երկրում: Այդ խոստումները ոչ միայն մնացին չիրագործված, այլեւ, ինչպես «Էկոնոմիստ» պարբերականն է նշում վերջերս իր հոդվածներից մեկում, պետության արտաքին պարտքը անցավ հինգ միլիարդ դոլարի սահմանագիծը: Երբ Աբրահամյանը վարչապետ դարձավ, Հայաստանում շատերը երկյուղ զգացին, որովհետեւ նա չուներ իր նախորդների բարեկրթությունը, եւ նրանք վախենում էին, որ նա երկիրը կխայտառակի արտասահմանյան դիվանագիտական շրջանակներում: Գործարարի խորաթափանցությունը, որն օգնել էր նրան դիզելու իր անձնական հարստությունը, ոչ մի ձեւով չնպաստեց երկրին: Փոխարենը նա իր ունակություններն է՛լ ավելի զարգացրեց բանսարկություններ եւ ընտրական խարդավանքներ ի գործ դնելով, որոնք Հայաստանը պիտակավորեցին որպես կոռումպացված երկիր: Իսկ ի՞նչը դարձավ նրա անկման պատճառը, երբ թվում էր, թե կատարելապես համապատասխանում է երկրի համատարած կաշառակերության մթնոլորտին: Որոշ վերլուծաբաններ հավատացած են, որ պատճառը երկրի տնտեսությունը չկարողանալ վերականգնելն է: Ուրիշներ պնդում են, որ «դրամատիկական փոփոխություններ» են սպասվում, որոնք կարող են ազդարարել նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ավարտի սկիզբը: Մի երրորդ խումբ էլ ենթադրում է, որ նախագահը կարիք ուներ դրական մի ազդանշան ուղարկելու Մոսկվայինՙ Հ. Աբրահամյանին փոխարինելով Կրեմլին ավելի լավ հայտնի մեկ ուրիշ անձնավորությամբ: Երբ ռուսական ազդեցությունն այնքան իշխող է Հայաստանում, ոչ մի քաղաքագետ չի կարող հակակրեմլական երեւալ: Բայց կարծես հավատարմության տարբեր աստիճաններ կան: Ընդդիմադիր կողմից ներկայացուցիչներ հավատացած են, որ փոփոխություններն ընդամենը «կոսմետիկական» են: Ուրիշներ պնդում են, որ դրանք «Սասնա ծռեր» շարժման զինված հարձակման անմիջական հետեւանքն են: Երվանդ Բոզոյան անունով մի հոդվածագիր էլ այդ փոփոխություններում տեսնում է «նախապատրաստություն առաջիկա ընտրությունների»: Նրա կարծիքով Սերժ Սարգսյանը պայքարում է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, իսկ Աբրահամյանը կարող էր խոչընդոտ լինել նրա ճանապարհին: Հրաժարականի իր խոսքում Աբրահամյանը նշեց, որ իր այդ քայլով ճանապարհ է հարթում ձեւավորելու Սերժ Սարգսյանի խոստացած կոալիցիոն կառավարությունը: Սպասվող նոր կաբինետի ձեւավորման արդյունքում առավել լուրջ, հիմնական փոփոխությունների մասին խոսակցությունները, զարգացումներն ու որոշումներն արդեն իսկ ընթացքի մեջ են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս մեդալով պարգեւատրեց Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին առ ի գնահատանք նրա գործունեության: Բայց հակառակ այդ դրական ժեստին, խոսակցություններ կան, որ նրան փոխարինելու է գալու նախագահի աշխատակազմի ղեկավար, արեւմտյան կրթություն ստացած Վիգեն Սարգսյանը, որ գուցե ամենաժամանակակից մտածողության տեր անձնավորությունն է ողջ կառավարությունում: Նալբանդյանն իրեն գերազանց է դրսեւորելու որեւէ աշխատանքում կամ պաշտոնում: Հայ-ֆրանսիական հարաբերություններն իրենց գագաթնակետին հասան Փարիզում որպես Հայաստանի դեսպան իր պաշտոնավարության ընթացքում: Թվում է, թե նա նորից այնտեղ է ուղեւորվելուՙ փոխարինելու համար ներկայիս Հայաստանի ներկայացուցչինՙ վերջինիս արտաքին քաղաքականության համար այդ շատ կարեւոր երկրում: Սպասվող մեկ այլ փոփոխություն կապված է պաշտպանության ներկա նախարար Սեյրան Օհանյանի հետ, որին գուցե առաջարկվի զբաղեցնել ՆԱՏՕ-ի ռուսական տարբերակիՙ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը: Կարեն Կարապետյանը նոր դեմք չէ Հայաստանի քաղաքական դաշտում: Նա ճանաչված ու հարգված դեմք է: Կարճ ժամանակ նա Երեւանի քաղաքապետն էր, նախքան Մոսկվա տեղափոխվելը: Բոլոր առումներով Կարապետյանը Աբրահամյանի հակապատկերն է: Բարեկիրթ եւ նրբաճաշակ տեխնոլոգը չի խրախուսում քաղաքական ներքին բանսարկությունները, ավելի սիրալիր ու քաղաքավարի է եւ թրծված է միջազգային մակարդակի գործելակերպում: Տարբեր շրջանակներում տարբեր ձեւով են մեկնաբանում նրա նշանակումը: Որոշներ գտնում են, որ որպես ձեռնհաս տնտեսագետ, նա կարող է իրականացնել մտահղացված շատ գաղափարներ, բարեփոխումներ: Նա մեծ կապիտալի տեր է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս եւ այդ առումով գուցե կարողանա արտասահմանյան ներդրումներ ապահովել երկրի համար: Ուրիշներ հավատացած են, որ նա պարզապես Կրեմլի դրածոն է Երեւանումՙ հանդարտեցնելու համար հետզհետե աճող հակառուսական տրամադրությունները Հայաստանում: Լուրեր են պտտվում նաեւ այն մասին, որ իր նորանշանակ պաշտոնում նա կկարողանա վերահսկել հետընտրական քաղաքական զարգացումները: Արեւմուտքի թողտվությամբ, առաջիկա երկու տարիներում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանը կարող է թեքվել դեպի Եվրոպա, նսեմացնելով ռուսական ռազմաբազայի գոյությունն ու նրա ազդեցությունը Կովկասում: Վերլուծաբան Լեւոն Շիրինյանն անցյալ շաբաթ գրում էր, որ իր համոզմամբ Կարապետյանի նոր նշանակումը նպատակ ունի հակակշռելու Հայաստանում ձեւավորված այն կարծիքը, որ Ռուսաստանն էր հրահրել ազերիների քառօրյա հարձակումը Ղարաբաղի վրա: «Բացի այդ, Հայաստանում տեղի ունեցած ապստամբությունը ցույց տվեց, որ անկախության դիմաց տարածքներ զիջելու տարբերակը, որ Ռուսաստանն է առաջ քաշում, չի կարող գործադրվել: Այդ պատճառով էլ Ռուսաստանը որոշեց ավելի ուժեղ ներկայություն ապահովել Հայաստանում ի դեմս շրջահայաց մի պետական գործչի, ով կկարողանա առավել սերտորեն համագործակցել Կրեմլի հետ», եզրակացնում էր նա: Ինչ էլ լինի պատճառը պետք է խոստովանել, որ փոփոխությունն անհրաժեշտություն էր Հայաստանում: Բայց ոչ թե դեմքերի, անհատների փոփոխություն, այլեւ ըմբռնումների, ընկալումների փոփոխություն: Ապստամբությունից հետո նախագահ Սարգսյանը նրբորեն ակնարկեց, որ ինքը հասկացել է ժողովրդի ուղերձը: Երեք նախագահ եւ 14 վարչապետ ունենալը չի խոսում կայունության մասին: Առաջիկա ընտրություններն ու ղարաբաղյան բանակցությունների անարդյունավետությունը հաշվի առնելով պետք է նշել, որ կայունությունը օդի եւ ջրի պես անհրաժեշտ է մեզ հիմա, որպեսզի երկիրը կարողանա դուրս գալ այս ճահճից: Դեմքերի փոփոխությունը ողջունելի է, պայմանով, որ դրան ուղեկցի նոր փուլը Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կյանքում: Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator |