RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 4425, Տպվել է` 381, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ... ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԻ՞Ժ, ԹԵ՞ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԻՆ»

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Գյումրու անօթեւան եւ ծայրահեղ կարիքի մեջ ապրող ընտանիքների աջակցությանն ուղղված հետեւողական աշխատանքով հայտնի «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության հետագա գործունեությունը վտանգված է: Պատճառը նրան վերջերս ներկայացված անարդարացի ու նաեւ կազմակերպության հնարավորությունների առումով անիրական հարկային պահանջն է: Խնդիրը կապված է կենտրոնի միջոցով անօթեւանների համար բարեգործական հիմունքներով գնված ու նրանց նվիրված բնակարանների հետ:

Ի թիվս իրականացվող այլ աշխատանքների, «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվ վերջին մի քանի տարիների ընթացքում հիմնականում արտերկրի մեր հայրենակից հովանավորների, կազմակերպությունների կողմից Գյումրիում գնվել ու ժամանակավոր կացարաններում, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող մոտ 60 ընտանիքների նվիրվել են բնակարաններ: Միայն այս տարի տնակների անմարդկային կենցաղային պայմաններին հրաժեշտ տվել եւ այդ կերպ բնակարանի տեր է դարձել արդեն 18 ընտանիքՙ ընդհանուր հաշվով մոտ 40 մանկահասակ երեխաներով:

Իսկ քանի որ նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ կենտրոնի միջնորդությամբ բնակարան նվեր ստացած ընտանիքը, երեւի նյութական կարիքից դրդված, հետո վաճառել է այն, անօթեւան ընտանիքներին օգնելու պատրաստակամություն հայտնած որոշ հովանավորներ այս տարի պայման են դրել, որ իրենց միջոցներով գնվելիք բնակարանները մինչեւ 15 տարի ժամկետով համարվեն «Շիրակ կենտրոնի» սեփականությունը, իսկ անօթեւան բազմազավակ ընտանիքներին տրվեն անհատույց օգտագործմանՙ այդ ժամկետը լրանալուց հետո բնակարանները տվյալ ընտանիքներին որպես սեփականություն նվիրելու պայմանով: Այդ պայմանով այս տարի ձեռք բերվել եւ անհատույց օգտագործման է տրամադրվել նախ 8, իսկ վերջին օրերինՙ եւս 2 բնակարան: Ինչպես նշեց «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը , կազմակերպությունը, բնականաբար, այս բարեգործական ծրագրից ոչ մի լումա եկամուտ չի ստացել եւ չէր էլ կարող ստանալ, բնակարանները ֆիզիկական անձանցից ձեռք են բերվել հովանավորների անմիջական մասնակցությամբ, բնակարանների գները որոշվել են նրանց երկկողմանի բանակցությունների միջոցով, շուկայական ամենանվազագույն արժեքներով: Հապացույց դրա, կնքվել են նաեւ բնակարանների անհատույց օգտագործման ու հետագա տնօրինման վերաբերյալ նոտարական վավերացմամբ պայմանագրեր, կադաստրի պետական մարմնի կողմից բնակիչներին տրվել են համապատասխան վկայականներ: Ավելին, կենտրոնն ինքը որոշ դեպքերում միջոցներ է հայթայթել եւ կատարել նոտարական ու կադաստրային ձեւակերպումների համար պետության կողմից սահմանված վճարումները, ինչպես նաեւ բնակարան ստացած բոլոր անապահով ընտանիքների տնակների քանդման, տարածքների ազատման եւ աղբից մաքրման աշխատանքները, տնակների քանդումից առաջացած փայտանյութն էլ որպես վառելափայտ բաժանել դեռեւս տնակներում բնակվող անապահով ընտանիքների:

Բայց ահա մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությունից ստացված գրություններովՙ ֆիզիկական անձանցից ձեռք բերած բնակարանների համար կազմակերպությունից պահանջվում է գնված բնակարանների արժեքի 10 տոկոսի չափով եկամտահարկ: Ընդհանուր հաշվարկով խոսքը մոտ 5 մլն դրամի հարկի մասին է... Հասարակական կազմակերպությունը բարեգործական ճանապարհով ձեռք բերված եւ անօթեւան ընտանիքներին նվիրված, ինչպես նաեւ առաջիկա մեկ տարում նախատեսվող եւս մեկ տասնյակ նման բնակարանների ծրագիրը բարեգործական ճանաչելու ու եկամտային հարկ վճարելու պարտականությունից ազատելու խնդրանքով դիմել է հանրապետության հարկային եւ այլ պետական մարմինների, սակայն ստացել բացասական պատասխաններ: Պետեկամուտների կոմիտեից ստացված գրության համաձայն, պահանջվող հարկից բացի նաեւ ուշացման համար տույժեր ու տուգանքներ են սպասվում: Կոմիտեի նախագահի տեղակալի ստորագրությամբ գրությունում նույնիսկ տեղեկացվում է, թե նշված եւ առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսվող 10 բնակարաններիՙ ֆիզիկական անձանցից ձեռք բերման մասով կազմակերպության մոտ կառաջանա եկամտահարկի պարտավորություն, անկախ այն հանգամանքիցՙ այդ բնակարանների ձեռք բերման եւ անհատույց օգտագործման տրամադրման ծրագիրը կորակվի բարեգործական, թե՞ ոչ: Թերեւս մեկնաբանություններն ավելորդ են...

Ըստ Վահան Թումասյանի, ուրեմն այստեղ նաեւ օրենքի բացի խնդիրը կա: Եվ այս խնդիրը վերջին հաշվով միայն իրենցը չէ: «Շիրակ կենտրոնը», իր գործունեության 10 տարիների ընթացքում առաջին անգամ օրերս հարկադրված դրամահավաք հայտարարելով (որովհետեւ արդեն տույժերն ու տուգանքները կսկսեն գործել), միաժամանակ խնդրին արմատական լուծում գտնելու խնդրանքով պաշտոնական նամակ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետին:

Սկզբունքային հարցն այստեղ, թվում է, այն էՙ պետությունը բարեգործություն կատարողին կխոչընդոտի՞, թե՞ կկանգնի նրա կողքին ու կաջակցի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ