ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ 2017Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ Ա. Մ. Ազգային ժողովում պետբյուջեի նախագծի քննարկումների արդյունքներով կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից եւ պատգամավորներից ստացել է 339 առաջարկություն: Այդ մասին կառավարության երեկվա նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նախարարի, հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները` բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների եւ ծախսերի զուտ ծավալներն առաջարկվել է ավելացնել, համապատասխանաբար շուրջ 97 մլրդ դրամով եւ շուրջ 84,3 մլրդ դրամով: Փոփոխությունների արդյունքում, ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտները կկազմեն` 1 տրլն 210 մլրդ դրամ (եկամուտներ/ՀՆԱ - 22,4 տոկոս), որից հարկային եկամուտները եւ տուրքերը 1 տրլն 135 մլրդ դրամ կամ հարկեր/ՀՆԱ-21 տոկոս, ծախսերը` 1 տրլն 360 մլրդ դրամ կամ ծախսեր/ՀՆԱ - 25,2 տոկոս, դեֆիցիտինը` 150 մլրդ դրամ կամ դեֆիցիտ/ ՀՆԱ - 2,8 տոկոս: |