ՆԱԽԵՎԱՌԱՋ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Լուկաշենկոն Բաքվում էր: Ով դեռ չի կողմնորոշվել, ասեմ, որ Լուկաշենկո եւ Ալիեւ զույգից մեր դաշնակիցը Լուկաշենկոն է: Ամեն դեպքում դաշնակից լինելու վերաբերյալ թղթեր ունենք ստորագրած, «նոտարով, կադաստրով, բանով...»: Ճիշտն ասած, ամեն անգամ, երբ Լուկաշենկոն գնում է Բաքու, իսկ Լուկաշենկոն հաճախ է գնում Բաքու, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր գրեթե պահանջում են Հայաստանում Բելառուսի նախագահին հայտարարել «անցանկալի անձ»: Նախ, հետաքրքրական է, գիտե՞ն այդ մարդիկ, որ պարոն Լուկաշենկոն Հայաստանում, կոնկրետ Կոտայքի մարզում, կոնկրետ Առինջ գյուղում, շատ մոտ ընկեր ունի, որին հաճախ է այցելում, եւ բացի այդ ու ամենակարեւորըՙ բա եթե Լուկաշենկոյին «անցանկալի անձ» ճանաչենք, բելառուս զինվորները ինչպե՞ս են գալու մեզ օգնենՙ Ադրբեջանի հետ հնարավոր նոր պատերազմում: Չնայած, ո՞վ է ասել, որ գալու են, եթե գան էլՙ հայ-բելառուսական առեւտրի կենտրոնի մոտ կկանգնեն այնքան, մինչեւ պատերազմն ավարտվիՙ պաշտպանելով երկու եղբայր ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող հայաստանյան այդ միակ ռազմավարական կառույցը հնարավոր ոտնձգություններից: Մի խոսքով, Լուկաշենկոն Բաքվում էր: Կոնկրետ նոյեմբերի 28-ին նա հանդիպել է Իլհամ Ալիեւին եւ ստորագրել մի շարք երկկողմ համաձայնագրեր ու պայմանագրեր: Ու քանի որ դրանք բելառուս-ադրբեջանական եղբայր ժողովուրդների դարավոր բարեկամության եւ ռազմավարական հարաբերությունների ամրապնդման մասին են, չխորանանք, մանավանդ, որ խորանալու այլ տեղ կա: Այս փաստաթղթերի հետ միասին, Լուկաշենկոն եւ Ալիեւը Բաքվում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Կարդում ենք. «Կողմերը կշարունակեն հետագայում էլ համաձայնեցված ջանքեր գործադրել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ահաբեկչության դեմ պայքարում բազմակողմանի համագործակցության արդյունավետության բարձրացման եւ ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարելու համար»: Թվում էՙ նորմալ է, չնայած «տարածաշրջանային անվտանգության» ամրապնդմանն ուղղված բելառուս-ադրբեջանական «համաձայնեցված ջանքերը» նախադասությունից մի քիչ դաշնակցի հոտ չի գալիս, բայց Բելառուսի պարագայում նորմալ է: Ավելի հետաքրքրական մասեր կան. օրինակՙ «Բելառուսը եւ Ադրբեջանը հանդես են գալիս ԼՂ հակամարտությանՙ ըստ միջազգային իրավունքի նորմերի լուծման օգտին: Կողմերը կարեւորում են ԼՂ հակամարտության լուծումըՙ համապատասխան միջազգային իրավունքի նորմերի եւ համընդհանուր ընդունված սկզբունքներիՙ նախեւառաջ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման եւ սահմանները չխախտելու հիման վրա, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ որոշումներին համապատասխան»: Անկեղծ ասած, ես չգիտեի, որ «նախեւառաջը» կարող է այսքան կարեւոր բառ լինել: Տեսնես ո՞ւմ առաջարկությամբ է այն տեղ գտել Բելառուս-Ադրբեջան այս համատեղ հայտարարույթյան մեջ: Հավանաբար Ալիեւի, ավելինՙ չի բացառվում, որ մեր դաշնակից Լուկաշենկոն այդ օրը այնքան շատ համատեղ պայմանագիր է ստորագրել, որ այդ մեկը կոնկրետ չի էլ նկատել, թե ինչպես է ստորագրում եւ ամենեւին չի ցանկացել գլխացավանք պատճառել առանց այդ էլ գլխացավից տառապող դաշնակից Հայաստանին: Այնպես որ, պարոն Լուկաշենկոյին կարելի է ըմբռնումով մոտենալ. դիտմամբ չի արել: Այս ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես գիտենք, Մադագասկարում էր: Նա մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 16-րդ գագաթաժողովին, չնայած կարող էր մնալ Երեւանում եւ մասնակցել ՀՀԿ-ի 16-րդ համագումարին: Այցի շրջանակներում, նախարար Նալբանդյանը երկկողմ հարաբերությունների խորացման համաձայնագրեր ստորագրեց նախ Նիգերի հետ, ապա Կոնգոյի եւ Մալիի հետ: Եւ վերջապես նոյեմբերի 27-ին, նախքան հաջորդ օրը Բաքվում Ալիեւն ու Լուկաշենկոն համատեղ հայտարարություն կանեին, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ պետությունները գագաթաժողովն ամփոփող համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որտեղ ամենեւեին էլ ֆրանսերեն չխոսող Հայաստանի առաջարկությամբՙ մի քանի տող կա ԼՂ հակամարտության մասին: Այսպես. ֆրանկոֆոնները համատեղ հայտարարում են. «Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական եւ անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրաՙ մասնավորապես ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»: Ես նորից կարդացի հայտարարության այս հատվածը, բայց նորից չգտնա այնտեղ «նախեւառաջ» բառը: Օրինակՙ չի ասվում, որ ԼՂ հակամարտության լուծման շուրջ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններից նախեւառաջ կարեւոր է ազգերի ինքնորոշման իրավունքը, փոխարենը հստակ շեշտվում է, որ այդ առաջարկությունները «միասնական են եւ անբաժան»: Հասկանալի է, որ Ֆրանկոֆոնիան Բելառուս չէ, մանավանդ այդ երկրիՙ Բաքվում գտնվող նախագահ, բայց խնդիրն այն է, որ եթե անգամ Լուկաշենկոն Բաքվում է, նա է համարվում մեր դաշնակիցը, ոչ թե Կոնգոն, Նիգերը կամ Մալին, որոնք եւս եւ անչափ կարեւոր են, օրինակՙ ՄԱԿ-ում նույն ԼՂ հարցով ինչ-որ բանաձեւի քվեարկության ժամանակ: Բայց, կներեքՙ նախեւառաջ Բելառուսը. նա է ԱՊՀ անդամ, ԵԱՏՄ անդամ, Մինսկի խմբի անդամ, ՀԱՊԿ անդամ, որի անդամներից մեկիՙ Ղազախստանի ժողովուրդը մի այսպիսի ասացվածք ունիՙ «Դուշպանընան բիր սաքտան, ժաման դոստան մըն սաքտան»: Թարգմանվում է այսպեսՙ «Թշնամուց մեկ անգամ զգուշացիր, բայց ընկերոջիցՙ հազար անգամ»: Բայց մենք զգուշանալու ժամանակ չունենք. Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում որոշում է կայացվել, որ 2018-ին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթաժողովը կայանալու է Երեւանում: Ո՜ւխ... |