RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2016-12-02 18:42:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2756, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵԶ...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Դոնալդ Թրամփի անակնկալ հաղթանակը շատերի մեջ, այդ թվում նաեւ Ռուսաստանում, հույսեր արթնացրեց, որ Արեւմուտքը միգուցե վերջապես զարթնի լեթարգիական քնից եւ դիմի այդ ճահճից դուրս գալու ինչ-որ փրկարար միջոցների: Սակայն հազիվ թե հայրենի նույնպես Հանրապետական կուսակցությանՙ կոմունիստական ինքնասիրահարվածության ոգեկոչումների մթնոլորտում անցած համագումարը տեղաշարժերի հույսեր առաջացրեց հայ մարդկանց մեջ: Անհագ պահանջ առաջացավ բառացի մեջբերում անել ռուսական մամուլի մի հրապարակումից, «Արեւմուտք» անվանումը սոսկ փոխարինելով նվիրական «Հայաստանով»: Եվ այսպես. «Հայաստանում նկատվող անբավականությունը այն քաղաքական վերնախավի նկատմամբ խոր անվստահության դրսեւորումն է, որն իշխանավայելքի մեջ է գտնվում արդեն տեւական ժամանակ: Հայաստանում այն տպավորությունն է ստեղծվել, որ այդ վերնախավը միշտ մնում է նույնը, ինչքան էլ որ փոխվեն կառավարությունները: Այդ վերնախավը բնութագրվում է երկու գործոնով. նախ, նրա ներկայացուցիչները անամոթաբար հայտարարում են, թե իրենք այլընտրանք չունեն, որ գոյություն ունի սոսկ գաղափարների մեկՙ սեփական տրցակ, եւ ամեն մի մարդ պարտավոր է ստորագրել դրա տակ, եւ որ բացառապես իրենք են այդ քաղաքական բարեհուսության միակ մատակարարը. եւ երկրորդ, այդ վերնախավի լիդերները միշտ միջակություններ են, եւ այդպիսին են եղել երկար ժամանակ: Հայաստանում դա դիտվել է որպես ընտրախավային կարգի նոր ձեւի ստեղծման փորձ, քանզի այդ հիերարխիայում մարդկանց տեղ է հատկացվում ոչ թե նրանց արժանավայել կրթությանը համապատասխան, ոչ թե նրանց խելքի կամ փաստարկների իմաստնության բերումով, այլ նրանց այս կամ այն կուսակցական պատկանելությամբ»:

Դեռ մինչեւ այս «հայափրկիչ» համագումարը ռուսական լրատվամիջոցները հավաստել էին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը «ճարահատյալ» կդառնա Հանրապետական կուսակցության անդամ, քանզի այլ հենարան նա չունի: Եվ դրանով նա հնարավոր է դադարի փոփոխությունների ակնկալման խորհրդանիշ լինելուց: Ռուսական մամուլում անգամ տարակուսանքներ հնչեցին, վկայակոչելով որոշ հայ փորձագետների կարծիքը. «Երկրի էկոնոմիկան այնքան ողբալի վիճակում է եւ ղարաբաղյան նոր պատերազմի սպառնալիքն այնքան մեծ, որ իմաստուն լիդերը ինքը պիտի ձգտեր հանձնել իշխանությունը վերջնական պարտությունից հինգ րոպե առաջ: Սակայն այդ ամենը չի վերաբերում Սերժ Սարգսյանին»:

Ռուսաստանում չեն բացառում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Կարապետյանը կարող է նույնիսկ գլխավորել կուսակցական ցուցակը: Սակայն դա բնավ էլ չի նշանակում, որ գործող նախագահը, որ նաեւ կուսակցության լիդերն է, կարող է դառնալ «կաղ բադ»: Միայն խիստ պայծառ երեւակայությամբ մարդը կարող է հավատալ, գրում է ռուսաստանյան լրատվական գործակալություններից մեկը, որ Սերժ Սարգսյանը կարող է կամովին թողնել իշխանությունը ու հեռանալ: Հերթական քաղաքական պիեսը նա ինքն է գրել, եւ թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, կախված կլինի նրա սեփական որոշումներից: Իսկ խարիզմատիկ վարչապետը, որի վարկանիշը առայժմ ամենաբարձրն է, լավագույն դեպքում հին գնացքի համար նոր գերլոկոմոտիվի դեր կխաղա:

Հետաքրքրական է, որ ռուս քաղաքական մեկնաբանները, վերլուծաբանները, նշելով Սերժ Սարգսյանի ամենակարողությունը Հայաստանում, միաժամանակ պարզապես ապշում են, թե ինչու ունենալով նման անարդյունավետ, խոցելի ղեկավարություն, ընդդիմադիր հարթակը հայտնվել է անհասկանալիորեն ողորմելի ու անդեմ վիճակում: Ակամայից հայացքիդ առջեւ հառնում է քաղաքական հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի դառը հուսահատությամբ համակված դեմքը, երբ նա, հերթական անգամ հարցնելով ընդդիմության ներկայացուցիչներին, թե ինչու են իրենք այդքան անզոր ու պարզունակ ղեկավարության հանդեպ, լրջմիտ պատասխան չի ստանում. լավագույն դեպքում արդարանում են, թե իշխանությունը գերուժեղ է: Դե, հայտնի բան է, եթե դուք ոչինչ եք, եթե քաղաքական հրապարակը միայն մեկ ուժ է տնօրինում, պարզ չէ՞, որ նա պիտի է՛լ ավելի ուժեղանա ու այլասերվի: Ավելին, Հայաստանում բանը հասել է մյուս ծայրահեղության, գրում է ռուս մի վերլուծաբան, իշխանությունը վիրտուոզ կերպով ջախջախելով հակադիր ուժերին, հնարավոր է առաջիկայում անցնի ներհամակարգային «ընտրությունների», իհարկե, Սերժ Սարգսյանի ամենատես հայացքի ներքո:

Ընդդիմությունը Հայաստանում այնքան ամուլ է, գրում է մի ուրիշ թերթ, որ արդեն հետաքրքրություն չի ներկայացնում ոչ Արեւմուտքի, ոչ էլ նույնիսկ Ռուսաստանի համար: Իրոք, բացում ես հայոց ընդդիմախոս թերթերը եւ լցվում խղճահարությամբ: Այսքան էլ անօգնական: Բացակայում են անմիխիթար իրականության համակողմանիորեն փաստարկված վերլուծությունները, զբաղվում են միայն կցահարումներով: Բացահայտ է վախը իշխանությունների պատասխան գործողություններից: Եվ ինչու ամեն ինչ արդարացնել իշխանությունների ամենազորությամբ: Գուցե շատ հարցերի պատասխանները փնտրենք մեր պատմության, մեր ազգային հոգեբանության մեջ: Գուցե դարերով ապրելով առանց պետականության, մենք ձեռք ենք բերել ստրուկի հոգեբանություն: Այսօր Հայաստանում ոչինչ չարժե հողին հավասարեցնել Ռուսաստանն ու Վլադիմիր Պուտինին: Բայց երբ խոսքը վերաբերում է հարազատ ղեկավարությանը... Փոխարենը խրոխտ երգեր շատ ունենք:

Եվ այսպես, համայն հայությունը կուլ տվեց նաեւ իշխող կուսակցության եւս մի «հոտընկայս» համագումար: Սակայն պերճախոս ելույթները վաղուց արդեն, եթե ոչ միշտ, չեն կերակրում կիսասոված մարդկանց: Թերեւս ճիշտ կլիներ, որ Սերժ Սարգսյանը ամպագոռգոռ համագումարից առաջ թե հետո իր շուրջը հավաքեր տասնյակ լրագրողների ու հասարակայնության ներկայացուցիչների եւ ուղիղ եթերում տեղի ու սփյուռքի հեռուստադիտողների աչքի առաջ պատասխաներ նրանց բազում հարցերին: Օրինակ, իշխանապահությունից բացի իրապես էլ ինչն է մտահոգում իշխող կուսակցությանը: Բանն այն է, որ այս հարցը վաղուց է հուզում «Ազգի» գլխավոր խմբագրին: Ահա եւ հեռավոր Ամերիկայից հնչում է նրա հուսահատ ճիչըՙ Հայաստանը ռուսահայությունից հետո կորցնում է նաեւ ամերիկահայությանը որպես ազգային հավաքականություն եւ ինքնություն:

Ժամանակին երգում էինՙ այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Ստալինն է տվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ