ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՏԵՔՍՏՆ ՈՒ «ԱԶԵՐԹԱՋԻ» ՔԱՄԱԾ ՄԱԾՈՒՆԸ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Այն շեփորը, որ Խոջալուի առիթով անցյալ շաբաթ նվագեց Ադրբեջանը Բաքվից բացի աշխարհի տարբեր խոշոր քաղաքներումՙ Մոսկվայում, Փարիզում, ամերիկյան տարբեր նահանգներում, շոտլանդական խորհրդարանում, դեռ շատ է հիշվելու: Այդ կոնցերտի մասին մեր զուռնայի սիրահար հեռուստատեսությունը չի ահազանգում, փոխարենըՙ ցուցադրում է ինչպես են տեղի հայկական համայնքները «լղարիկ» հակազդումՙ հակացույց են անում: Իսկ քանի՛ գիրք են Խոջալուի մասին հեղինակել ու տարբեր լեզուներով տարածել ադրբեջանցիներն արտերկրում, չեն իրազեկում: «Մակուլատուրա», ասում են ինձ համերկրացիներս, «ու՞ր են Ձեր գրքերը», հակազդում են գերմանացիները, երբ համերկրացիներիս ինձ տված պատասխանը իրենց հարցի իմ հովանոցն եմ դարձնում: Քամի՞ է նրանց գրավոր պատմությունը... բայցՙ խորշակ է, չէ՞, մեր երկրի գլխին դառնում: 2016-ի դեկտեմբերին Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների 23-րդ հանդիպմանը գործող նախագահ, ԳԴՀ արտգործնախարար Շթայնմայերն ակնարկեց, թե գիտեն ապրիլյան քառօրյա պատերազմի նախահարձակ կողմին, բայց անուններ չեն հնչեցնում: Հայ դիվանագետներին այս պատասխանը չէր կարող գոհացնել, նրանք էլ խիստ գնահատական էին ակնկալում, բայց դրա մասին երեւի քաղաքավարությունից ելնելով բարձրաձայն դժգոհություն չարտահայտեցին, ավելինՙ իրենք իրենց ու նաեւ մեզՙ լրագրողներիս սփոփեցին, թե կարեւորըՙ իրենք գիտեն ո՛վ է խախտել պայմանավորվածությունը: Սոցիալ-դեմոկրատ Շթայնմայերը եթե տեսներ դեկտեմբերյան մեր դիմադրությունը, միգուցե իր խորհրդարանական կուսակիցներին հուշեր, որ 2017-ի փետրվարին Խոջալուի դեպքերի 25-ամյա տարելիցից առաջ հարկ էր խոսել Ադրբեջանի ֆաշիստական գործողությունների շարունակական շղթայիՙ Սումգայիթի, Բաքվի ջարդերի, Սաֆարովի մասին, քան շտապել փետրվարի 24-ին հաղորդագրություն տարածել: Կարտոնե՞ք Հրանտ Մաթեւոսյանին հիշեմՙ մենք քաղցր ենք ու կուլ ենք գնում, իսկ քաղաքական սյուրռեալիզմով հագեցած մեր օրերում անհաղթ աքլորից ինչո՞ւ ենք այսքան հեռանում: Փետրվարի 24-ին Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատական խմբակցության տարածած մամլո հաղորդագրությունը «Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կայունության եւ ժողովրդավարության համար» վերնագիրն է կրում: Փաստաթղթում իհարկե խոսք չկա «Խոջալուի ցեղասպանության» մասին, ինչպես փետրվարի 26- ին փոխանցել էր «Ազերթաջ»- ի Բեռլինի թղթակիցը պետական գործակալության իրենց կայքի բոլոր լեզուներով, նաեւՙ գերմաներեն: Ստորեւ այդ տեքստի բնագրի հայերեն տարբերակը: «90-ականների սկզբից հարավկովկասյան երկու երկրներիՙ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա է հակամարտությունՙ Լեռնային Ղարաբաղի համար: Այս արյունալի հակամարտությունը երկու կողմից հազարավորների կյանքն է խլել, 100 հազարավորները ստիպված էին իրենց հայրենի եզերքը լքել, եւ ցայսօր չեն կարող վերադառնալ: Վայրագության օրինակ է 25 տարի առաջ Խոջալուի իրադարձությունը: Երբ հայկական ուժերը 1992-ի փետրվարի 26-ի գիշերը քաղաքը գրավեցին, հարյուրավոր ադրբեջանցիներ կյանքից զրկվեցին, այդ թվումՙ կանայք եւ երեխաներ: Ըստ «Human Rights Watch»-ի, սա ղարաբաղյան հակամարտության ընթացքում «ամենամեծ կոտորածն» էր: Բայց տեւական հակամարտության ժամանակ հայ բնակչությունն էլ կոտորածի ու ոճրի ենթարկվեց»: Այնուհետ համառոտագրենք, որ փաստաթուղթը հիշեցնում է, թե 1992-ից ԵԱՀԿ Մինսկի խումբն է խաղաղ հանգուցալուծման ջանքեր գործադրում: Ցայժմ ապարդյուն են անցել ստատուս քվոն փոխելու բազմաթիվ միջնորդական փորձերը, 2016-ի տարեսկզբին հակամարտության էսկալացիան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ գրանցեց, հակամարտության միակ լուծումը խաղաղ ուղին է, ասված է շարադրանքում: ՍԴ խմբակցության փաստաթղթի վերջին պարբերության մեջ ասվում էՙ Խոջալուի իրադարձությունների 25-ամյա տարելիցը, ինչպես նաեւ հայ բնակչության հանդեպ ոճրագործության ոգեկոչումը դիտում ենք երկու կողմի զոհերին հիշելու առիթՙ ի նշան խաղաղության եւ հաշտեցման: Տարելիցն առիթ պիտի տա խաղաղ հանգուցալուծման նոր ազդակներ որոնելու: Ղարաբաղյան հակամարտությունը մոռացության չպիտի մատնվի, խաղաղ հանգուցալուծումը տնտեսական, հանրային անմիջական դրական ազդակ կհաղորդի ողջ տարածաշրջանին, իսկ Հարավկովկասյան կայունությունը ինչպես Գերմանիայի, այնպես էլ Եվրոպայի շահերից է բխում: «Ազերթաջի» Բեռլինի թղթակից Վուգար Սեիդովը Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատական խմբակցության ներկայացրած փաստաթուղթը խմբագրել է այնպես, որ որեւէ պարբերության մեջ հայերին վերաբերող նախադասություն չլինի: Ես ուրիշ որեւէ թերթում, այդ թվում նաեւ հայկական, Բունդեսթագի հիշյալ խմբակցության մամլո հաղորդագրությունը չնկատեցի: Բնական էՙ այն իրացնելու հետաքրքրություն ունեն առաջին հերթին «պատվիրատուները»: Ադրբեջանական իշխանական հայացքը, ազատ կարծիք չհանդուրժող նրանց օրգան «Ազերթաջը», այսպես դաժան է վարվում նաեւ օտարերկրյաՙ «չեզոք», ադրբեջանական «շպառգալկայի» թելադրանքին սեփական հակակշիռը ստեղծող գերմանական բնագրի հետ: Ոչ միայն գերմանացիներին, բոլոր նրանց, որ ճաշից հետո, մեր սահմանային լարվածությամբ մտահոգՙ մարդասիրական քայլ են անում ու երկու կողմին հորդորում չկրակել, աղանդերից առաջ միգուցե այս ադրբեջանական քամած մածունը հրամցնենք... «Ազերթաջի» նույն թղթակիցը Բունդեսթագի Գերմանիա- Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ Կարին Շթրենցի, նրա տեղակալ Յոհաննես Կահրսի մամլո հաղորդագրությունն էլ է հրապարակել: Նախ ասեմ, որ Բունդեսթագի գերմանա- հարավկովկասյան բարեկամական խմբի, մասնավորապես Կարին Շթրենցի հասցեին քննադատություն գերմանական մամուլում շատ է եղելՙ «Դեր Թագեսշպիգելի» մեր գործընկերուհուՙ Քլաուդիա ֆոն Զալցենի ուշադրությունից չէր վրիպել, որ Շթրենցի գլխավորած պատվիրակությունը 2015-ին Ադրբեջան այցելության ժամանակ «քննադատական խոսք չէր հնչեցրել ազատ կարծիքի թշնամի, հարյուրից ավելի լրագրողների, իրավապաշտպանների, ընդդիմադիրների բանտարկած Ալիեւի հասցեին»: Խոջալուի առիթով գրված վերոհիշյալ երկու հեղինակներիՙ «Ազերթաջի» ներկայացրած տեքստը միակողմանի է, ավելի ըմբռնելի ասածՙ պոլիտկոռեկտից բավական հեռու է: Ադրբեջանական պետական լրատվական գործակալության գերմաներեն տարբերակում շրջանառվող այդ տեքստի բնագիրը չկարողացա գտնել ու համեմատել: Կարին Շթրենցի պաշտոնական կայքէջում այն բացակայում է, իսկ երեկ մեր հեռախոսազանգին ի պատասխան նրա բեռլինյան գրասենյակից փոխանցեցին, թե Շթրենցը ընտրարշավի պատճառով բացակայում է, Բեռլինում կլինի երկուշաբթի, ենթադրաբար այդ օրն էլ կպատասխանի մեզ հուզող հարցին: Մինչ երկուշաբթին գա, արժե ճշտել այդ տեքստում հրամցվող մի փաստՙ «2015-ի ապրիլին Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում ադրբեջանցի երեխաների եւ պատանիների հետ հիշատակել է Խոջալուի կոտորածների զոհերին, դրանովՙ նաեւ մինչ օրս ձգվող սառեցված հակամարտությունը»: Եղե՞լ է նման բան: Եթե մենք չենք հիշում, չի նշանակում իհարկե, թե չի եղել, բայց հարցն այն է, թե ինչո՞ւ ենք այսքան ձեռքներս ծալած, որ աշխարհը Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին, Գուրգեն Մարգարյանին կացնահատելու, Թալիշում ականջ կտրելու, անդամահատված մարմինների հեղինակ երկրի վայրագ նկարագրի մասին մեր տարբեր լեզուներով վավերագրությունը, ֆիլմը, հոդվածը, փաստաթուղթը կարդալու առիթը չի ունեցել, չի ունենում: Հայրենի քաղաքական գործիչների ընտրարշավային խոստումը խաղաղություն չի դառնում, քանի որ գիր ու գիրք, ֆիլմ ու կենսական պարտադրանք չի դարձել մեր բանավոր գոյատեւող պետականությանը: Մարտի 1-ից ՀՀ-ում պաշտոնապես մեկնարկած քարոզարշավին մի «պատվեր». Իմ ձայնը այն քաղաքական ուժին, որ Ղարաբաղյան հիմնահարցը, դրան հարակից թղթածրարներով կդարձնի թե՛ հաստափոր գիրք, թե՛ լուսանկարների ժողովածուՙ հատկապես օտար ընթերցողի համար: Ո՞վ է իմ, մեր ձայնը որսալու: |