RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017



ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2017-03-02 22:17:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 3607, Տպվել է` 357, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՊՐԱԾԸ ՎԵՐՀԻՇԵԼՈՎ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

28 տարի է անցել Սումգայիթում, ապա նաեւ Բաքվում եւ Ադրբեջանի շատ քաղաքներում տեղի ունեցած ողբերգական դեպքերիցՙ հայ բնակչության զանգվածային ոչնչացումից, բայց չի մեղմանում ցավը եւ չեն անհետանում այն հիշողությունները, որոնք կուզենայի մեկընդմիշտ մոռանալ: Արցախի 4-օրյա պատերազմը, երբ ադրբեջանցիների դիվերսանտական ջոկատները ներխուժեցին սահմանամերձ գյուղ եւ գազանաբար տանջամահ արեցին տարհանվել չհասցրած իննսունամյա ծերունիներին, ինձ ստիպեց գրիչ վերցնել:

Նախքան 1988 թ. դեկտեմբերը ես աշխատում էի Բաքու քաղաքի լավագույն դպրոցներից մեկում, որի երկարամյա տնօրենը փորձառու մանկավարժ Իննա Իոսիֆովնա Խախանովան էր: Դպրոցը գտնվում է Լենինի պողոտայում, որով հանրահավաքների ժամանակ անցնում էր աղաղակող ու մոլեգնած մարդասպանների ամբոխը, որոնք բղավում էին. «Մա՛հ հայերին», «Հայեր, ռադ եղեք»:

Դպրոցն ուներ համերաշխ ուսուցչական կազմ, եւ բազմազգ աշակերտական կազմ, ինչպես նաեւ իր շրջանավարտներից մեկի հորինած սեփական օրհներգը, լավ ավանդույթներ, ինտերնացիոնալ բարեկամության ակումբ: Դպրոցը փառաբանված էր իր շրջանավարտներով, որոնք առանց դժվարության ընդունվում էին երկրի առավել հեղինակավոր բուհեր եւ դառնում լավ մասնագետներ, ավելացնելով Ադրբեջանի փառքը:

Մինչեւ Հայրենական մեծ պատերազմը դպրոցը հայկական էր: Դրա հարյուրավոր շրջանավարտներ զոհվեցին ռազմաճակատում: Ի հիշատակ նրանց, դպրոցի մուտքի մոտ հուշատախտակ փակցրին հանուն հայրենիքի մարտնչածների եւ զոհվածների անուններով:

Հենց այդ հուշատախտակը մագնիսի պես ձգում էր կատաղած ազերներին, որոնք Սումգայիթի դեպքերից հետո փորձում էին ոչնչացնել այն:

Աճապարանքով սկսեցին Իսրայել մեկնել հրեաները, որոնք վաղուց ապրում էին Բաքվում: Միայն մենքՙ հայերս, դեռ հավատում էինք, թե ամեն ինչ կհարթվի: Հավատում էինք, չնայած գիտեինք 1905 եւ 1918 թ. Բաքվում եւ ադրբեջանական այլ քաղաքներում իրականացված սպանդի մասին: Հայերի գեների մեջ արարման հավերժական ձգտումն է, ուստի նրանք կառուցում էին (եւ կառուցում էին հիմնավորապես) հիասքանչ շենքեր, որոնք քաղաքի զարդն են. ֆիլհարմոնիա, օպերային թատրոն, մանկավարժական ինստիտուտ, գրողների տուն եւ այլն: Նավթարդյունաբերողներ Մանթաշեւի, Մայիլովի, Միրզոեւի, Բուդաղովի փողերով կառուցվեցին գործարաններ, հորատման հարթակներ եւ նավթամուղներ: Եվ մի՞թե հնարավոր է թվարկել այն ամենը, ինչում ներդրվել են հայերի փողերն ու աշխատանքը: Բաքվի հայերի մեջ կային բարձրակարգ ճարտարագետներ, բժիշկներ, ճարտարապետներ, շինարարներ:

Ադրբեջանի կառավարությունը վաղուց ձգտում էր վերացնել հայկական մշակութային շերտը Բաքվում, Նախիջեւանում, Արցախում եւ առհասարակ ամբողջ Ադրբեջանում: Երբ Զորի Բալայանն այցելեց Ագուլիս, որը 19-րդ դարում կանաչի մեջ թաղված դրախտային քաղաք էրՙ համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներ հանդիսացող եկեղեցիների փայլուն գմբեթներով, նա տեսավ լոկ ավերակներ, իսկ լքված հայկական գերեզմանատանըՙ ոչնչացված հազարավոր խաչքարեր եւ ցիրուցան արված տապանաքարեր:

Դա ազգին իր անցյալից զրկող ազգասպանություն էր, որին հաջորդեց ազգին ապագայից զրկող ցեղասպանությունը: Ազգասպանությունն ու ցեղասպանությունը միասնական առանցքի երկու բեւեռներն են: Վանդալների, մարդասպանների եւ տարատեսակ թափթփուկների ամենաթողությունը խրախուսում էին երկրի ղեկավարները, որոնք իրենք էին ազգասպանության ու ցեղասպանության հեղինակները:

Մարդկանց եւ նրանց կերտած նյութական արժեքները ոչնչացնելովՙ Ադրբեջանը դաստիարակում է «հայրենասերների» նոր սերունդ, նրանց դարձնում բարոյական կոդից զուրկ վայրենի ցեղ:

Հայ սպանած ամեն ոք դառնում էր հերոս: Երկրի ազգային հերոս դարձավ Ռամիլ Սաֆարովը, որը ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ գիշերով հարձակվեց քնած հայ համակուրսեցու վրա եւ սպանեց նրան: Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված բարբարոսին փրկագնեցին նավթաբույր դոլարներով եւ ցուցադրաբար ազատ արձակեցին հենց օդանավակայանում, որտեղ նրան դիմավորեցին պատիվներով: Մարդասպանի զինվորական կոչումը բարձրացրին, աշխատավարձ վճարեցին հունգարական բանտում անցկացրած ժամկետի համար:

Իսկ 2016 թ. ապրիլյան արյունոտ օրերին մի ադրբեջանցի զինծառայող կտրեց 20-ամյա զինվոր Քյարամ Սլոյանի գլուխը եւ այն ցուցադրում էր ամբոխի ծանակումների ներքո: Այդ հրեշավոր ցինիզմը ցուցադրվեց հեռուստատեսությամբ: Ի. Ալիեւը հանդիսավոր պայմաններում, ժպիտը դեմքին, այդ ելուզակին հանձնեց Ադրբեջանի բարձրագույն շքանշան...

Սումգայիթի երկօրյա սպանդից հետո Բաքվում մնալը դարձավ պարզապես վտանգավոր: Բացի դրանից, ինձ սկսեցին զանգահարել իմ ադրբեջանցի աշակերտների բարյացակամ ծնողները, ովքեր գիտեին, թե մոտ ապագայում ինչ է սպասում հայերին: Խորհուրդ էին տալիս, քանի դեռ ուշ չէ, հեռանալ երկրից, թեեւ իրենք շատ էին ափսոսում դրա համար:

Ես չէի կարող վտանգի ենթարկել որդուս եւ հիվանդ մորս, ուստի սկսեցի կամաց-կամաց հավաքել իրերս: Աշխատանքից ազատվելու դիմումս տնօրենը չընդունեցՙ ասելով, որ կարող է ինձ տրամադրել երկշաբաթյա արձակուրդ, քանի որ ինքը վստահ է, թե շուտով ամեն ինչ կկարգավորվի:

Սակայն անդառնալիության կետն արդեն հետեւում էր: Ես վստահ էի, որ մեկնելու դեպքում երբեք չեմ վերադառնա Բաքու:

Ես եւ որդիս Երեւանի տոմսեր գնեցինք 1988 թ. դեկտեմբերի 9-ի համար: Իսկ 1988 թ. դեկտեմբերի 7-ին ես գնացի շուկա եւ չէի կարողանում հասկանալ ադրբեջանցի վաճառողների ցնծության պատճառը, որոնք հրաժարվում էին մթերքներ վաճառել հայերին եւ նրանց վրա նետում էին կարտոֆիլ ու նեխած լոլիկ:

Դատարկաձեռն տուն գալովՙ ես իմացա նրանց անզսպելի ուրախության պատճառը. Հայաստանում պատահել էր ահավոր դժբախտությունՙ Սպիտակի երկրաշարժը, որը տասնյակ հազարավոր կյանքեր էր խլել: Փոքր ազգին վիճակվեց դիմանալ գոյատեւման եւս մեկ փորձության եւ վերստին, փյունիկ թռչունի պես, հառնել մոխիրներից:

Իսկ առջեւում ոչ պակաս ահավոր փորձություններ էին. Արցախի պատերազմը, շրջափակումը, ցուրտ ձմեռը, մեկուսացվածությունը, հարազատների, բարեկամների ճակատագրի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը...

Ստեփանավանում իմ հորաքրոջ որդու տունը, ուր մենք պատրաստվում էինք մեկնել, ավերվել էր, եւ բարեբախտաբար չտուժած ընտանիքը մնացել էր անօթեւան: Դեպի Երեւան բոլոր չվերթները չեղյալ էին հայտարարվել, եւ միայն դեկտեմբերի վերջին մեզ հաջողվեց մեկնել Կապանՙ հորաքրոջս դստեր մոտ:

Եվ ահա հետեւում է երբեմնի սիրելի քաղաքը, որտեղ մնացին մերձավորներիս թանկ շիրիմները, քաղաք, որը երկար տարիներ ինձ կհայտնվի մղձավանջային երազներում: Ես տեսնում էի ծանոթ փողոցներ, մեր հնօրյա բակը, դպրոցը, ինստիտուտը, բայց այդ ամենը վերածվում էր անելանելի լաբիրինթոսի:

Սովորական միջավայրից զրկվելով, հենց միայն հայ լինելուս համար բարոյական ճնշման ենթարկվելովՙ ես ոչ մի կերպ չէի կարողանում գտնել հոգեկան հավասարակշռություն: Չկա սեփական կացարան, չկա սիրելի աշխատանքը, չկան բարեկամներ: Հարկավոր է ամեն ինչ սկսել նորից: Երեւի ճիշտ նույն կերպ էին իրենց զգում բնակության վայրերից ակամա արտաքսված մնացյալ 250 հազար հայերը: Կապանի դպրոցներում այն ժամանակ ռուսական կրթությամբ ուսուցիչներ պետք չէին, իսկ ֆիզիկայի դասավանդման համար բավականաչափ լավ հայերեն սովորելը թվում էր անհնար: Դժվարությամբ աշխատանքի անցա Քաղխորհրդի աշխատանքի տեղավորման բյուրոյում:

Ամեն օր այստեղ գալիս էին տասնյակ մարդիկ, յուրաքանչյուրըՙ իր ցավով, իր դժբախտություններով, փնտրելով գոնե ինչ-որ աշխատանք: Ես լսում էի բոլորին, իսկ հետո անքուն գիշերներիս ընթացքում վերհիշում էի նրանց պատմությունները եւ վերապրում նրանց ողբերգությունները: Ես քիչ բանով կարող էի օգնել նրանց: Աշխատանք չկար եւ, թափառելով, մարդիկ մեկնում էին Ռուսաստան, Ամերիկա կամ նախկին Միության ուրիշ հանրապետություններում ապրող իրենց ազգականների մոտ:

Իսկ մենք իմացանք, թե ինչ է պատերազմը, երբ սկսեցին մեզ գնդակոծել հարեւան Զանգելանից, որտեղ ապրում էին ադրբեջանցիներ: Քաղաքում քիչ էին լուսամուտների անվնաս ապակիներով տները: Տագնապ հայտարարվելիս մենք իջնում էինք մութ, հեղձուկ նկուղներ, չիմանալով, թե ինչ է կատարվում դրսում: Քաղաքի պաշտպաններն ունեին սակավաթիվ արկեր ու զենքեր, եւ մենք ապրում էինք մշտական վախով, թե ազերները ամեն րոպե կարող են մտնել քաղաք:

Արցախի պատերազմին մասնակցելու էին գնում երիտասարդ տղաներ: Իմ հորեղբայր Վաղարշակ Հայրապետանի երեք որդիները կռվում էին հերոսների պես: Միջնեկ որդի Արմենին բերեցին ցինկապատ դագաղով, այլանդակված, գլխատված վիճակում: Զինվորական ուսումնարան ավարտած եւ եղբայրներին օգնելու շտապած կրտսեր որդի Մարատը սպանվեց մարտերից մեկում: Ծանր վիրավորված ավագ որդինՙ Արթուրը, մնաց վաղաժամ ծերացած ու ճերմակած ծնողների միակ մխիթարությունը: Մայրը չկարողացավ վերապրել վիշտը եւ շուտով հեռացավ կյանքից:

Արմենը հետմահու արժանացավ բարձրագույն պարգեւի (1-ին աստիճանի Մարտական խաչ), նրա անունով է կոչվում Կապանի թիվ 6 դպրոցը: Արիության եւ խիզախության համար Մարատը պարգեւատրվել է մեդալով: Նրա անունով է կոչվում Շահարջիկի թիվ 8 դպրոցը: Մեդալներ եւ կառավարական այլ պարգեւներ ունեն նաեւ Արթուրը եւ Արմենի ու Մարատի հայր Վաղարշակ Հայրապետյանը:

Իսկ հետո լրջորեն հիվանդացավ մայրս, եւ հարկավոր էր նրան քաղաքից շտապ տանել քրոջ մոտ, որն այդ ժամանակ եկել էր Բաքվից եւ դժվարությամբ տեղավորվել Ավանի կոոպերատիվ տեխնիկումի հանրակացարանում: Շուտով այնտեղ տեղափոխվեցինք նաեւ ես եւ որդիս: Մեր իրերը տարանք Երեւան էլեկտրական վառարաններ փոխադրող հսկայական բեռնատարով: 1992-ի դեկտեմբերն էր, շատ ձյուն էր եկել, եւ մենք դժվարությամբ էինք առաջ շարժվում: Ճանապարհի ոլորաններից մեկի վրա ծանր մեքենան սկսեց սահել դեպի անդունդը: Վարորդը դժվարությամբ կանգնեցրեց մեքենան, որը կանգնեց լեռնային նեղ ճանապարհի երկայնքով: Չգիտեինք ինչ անել: Մեզ փրկեցին Արցախ գնացող տանկիստները. նրանք ճոպաններով քաշեցին եւ ճիշտ կանգնեցրին բեռնատարը:

Երեւանյան հանրակացարանում մեզ տվեցին փոքր սենյակ առաջին հարկում: Մուտքը հարեւաններիՙ 4 հոգանոց ընտանիքի սենյակից էր: Մեր սենյակում ցուցափեղկային ամբողջական ապակիներ էին, չկային օդանցքներ, ջուր, զուգարան, եւ մենք ստիպված էինք քրոջս մոտՙ 5-րդ հարկ վազել լվացվելու, լողանալու եւ այլ կարիքների համար: Ցրտից ջուրը դույլի մեջ սառչում էր, իսկ երբ մենք նավթավառ էինք վառում, հսկայական ապակիների վրայով ջուր էր հոսում. հալչում էին դրանց վրայի սառցաբեկորները: Սենյակում խոնավ էր, մահճակալը միշտ թաց, պատերը ծածկվում էին մամուռով: Ուտելու բան չկար, քանի որ ես չէի աշխատում: Փրկում էր միայն մարդասիրական օգնությունը, որ մենք ստանում էինք որպես փախստականներ, ինչպես նաեւ Ամերիկա եւ Ռուսաստան մեկնած ազգականներիս օգնությունը:

Ամեն ոք, ով ծանր 90-ականներին ապրել է հոգեվարքի մեջ եղած մեր երկրում, մշակել է գոյատեւման իր փորձը, որը կարող էր պիտանի լինել պաշարված եւ գնդակոծվող Լուգանսկում, Դոնեցկում եւ Նովոռոսիայի մյուս շրջաններում:

Շրջափակման տարիներին միայն առանձին անվեհեր մարդիկ էին ձայն բարձրացնում ի պաշտպանություն զոհվող, սառչող եւ սովահար հայերի: Նրանց թվում էր Անդրեյ Դմիտրիեւիչ Սախարովը, ով անտարբեր չմնաց մեր բազմաչարչար ժողովրդի ողբերգության հանդեպ: Թող պայծառ լինի նրա հիշատակը:

Հսկայական շնորհակալություն Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի խոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոկսին, որն այդ տարիներին ավելի քան ութսուն անգամ եկավ Հայաստան եւ Արցախ, օգնելով նյութապես, բերելով դեղորայք եւ ականազերծման մասնագետների: Ինչպես գրել է Զորի Բալայանը «Новое время» թերթում, «1991 թ. մայիսից նա ամեն անգամ գալիս էր 10 մարդու ուղեկցությամբ, այսինքն Արցախ առաջին այցելությունից ի վեր այնտեղ այցելել է 800-ից ավելի մարդ ոչ միայն Անգլիայից. լրագրողներ, բժիշկներ, լորդերի պալատի անդամներ, պրոթեզիստներ, «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության անդամներ, իրավապաշտպաններ եւ շատ ուրիշներ: Նա մարդկանց ծանոթացնում էր Արցախի խնդիրներին»: Շնորհակալություն բուլղար հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւային, ով ճշմարտացիորեն լուսաբանեց Հայաստանի եւ Արցախի դեպքերը, համաշխարհային ընկերակցությունից մոռացված, միայնակ մարդկանց ճակատագրերը:

Դաժան, ահավոր 90-ականներից ի՞նչ է մնացել հիշողությանս մեջ: Կյանք մթության մեջ, առկայծող, մրոտող, պատերի վրա սարսափազդու ստվերներ գցող, հոգին ճնշող մոմերի լույսի տակ: Քաղցն առաջացնում էր ճնշման անկում եւ գիտակցության կորուստ: Երկու անգամ ընկնելովՙ կոտրեցի ձեռքս: Մի՞թե հնարավոր է մոռանալ, թե ինչպես ես գիպսի մեջ դրված ձեռքով ամբողջ գիշեր նստած էի մահացած մորս մարմնի մոտ. աղոտ կերպով լուսավորում էր մարմրող մոմը, իսկ պատուհանից այն կողմ բուք էր անում, ամբողջ էությունս լցնելով սարսափով: Մի՞թե կմոռանամ, թե մորս ինչպես էին նախանձում մեր պառավ կենսաթոշակառուները. նրան թաղում էին դագաղով, որն այն ժամանակ շատ դժվար էր ճարվում:

Հսկայական խնդիր էր տրանսպորտը, որն աշխատում էր չափազանց վատ: Ավտոբուսի մեջ այնքան մարդ էր լցվում, որ շնչելն անհնար էր դառնում, եւ հաճախ ուշաթափվում էին ոչ միայն տարեցները, այլեւ երիտասարդները: Դռները չէին փակվում, քանի որ ոտնատեղերի վրա մարդիկ էին կանգնում: Նրանք հաճախ ստիպված էին լինում դուրս գալ եւ հրել ճանապարհի մեջտեղում լռված-մնացած ավտոբուսը:

1994 թ. մայրիկիս մահից հետո ես հիվանդանոց ընկա արյունահոսությամբ: Ունեի տասներկումատնյա աղիքի պատռվածք առաջացնող խոց, որը վերոնշյալ սթրեսների հետեւանքն էր: Շնորհակալություն բժիշկներին, որոնք այդ դաժան, ցուրտ ու սովյալ ժամանակներում ժամերով չէին հեռանում վիրահատական սեղանից: Վիրահատությունից հետո բոլորիս տանում էին իբրեւ վերակենդանացման բաժանմունք ծառայող մի մեծ սենյակ, որտեղ վառվում էր միակ հզոր սալիկը, եւ մի քիչ ավելի տաք ջրով լի շշեր, իսկ պատուհանի այն կողմում ձյունախառն մրրիկը իր չարագույժ երգն էր երգում, եւ խավարի մեջ ոռնում էին կատաղի, վայրենացած ու քաղցած շները, որոնք հարձակվում էին միայնակ անցորդների վրա: Մեր ոսոխները հույս ունեին մեզ սովամահ անել, շրջափակմամբ խեղդել, ուրախանում էին հազարավոր կյանքեր խլած երկրաշարժից: Սակայն մենք ողջ մնացինք: Բարեկամներն օգնում էին մեզ ապրումակցելով, աջակցելով:

Վերջերս պատահաբար նկատեցի «ԽՏՎՎցվՌրՑ» հին թերթը (1989 թ. առաջին համարը), որտեղ Հովհաննես Թումանյանի անվան գրական մրցանակի դափնեկիր Մորիս Փոցխիշվիլին գրել է.

«Այրվող մոխիր, անմար կրակ, բայց վերք, աչքերում քարացած արցունք, անբուժելի թախիծՙ իմ Հայաստան, իմ ցավ, մեծ տառապյալ: Աղաչում եմ քեզ, թեւաթափ չլինես: Խնդրում եմ քեզ, ապրիր եւ առողջ եղիր: Սիրիր եւ սիրված եղիր, ծնվիր եւ կրկին ծնիր քո մեծ ապագան: Դու արժանի ես պայծառ բախտիՙ երջանկության ու բերկրանքի: Քանզի դու բուն կյանքն ես, որը չունի վախճան: Խնդրում եմ քեզ, ամրացիր եւ մնա արմատներիդ վրաՙ ի հեճուկս թշնամիների եւ հուրախություն բարեկամների: Կրկին ու կրկին, հավիտյանս հավիտենից: Քո ամբողջ պատմությունը բարու պայքարն է չարի դեմ, ճշմարտության պայքարն է ստի դեմ, Աստծո պայքարն է սատանայի դեմ: Եվ դու անպարտելի ես: Թեեւ դարերի քամիներն ու դժբախտությունները պատառոտում էին քո հագուստը, կոտրում քո ողնաշարը, խլում զավակներիդ, աղճատում քո մայրենի լեզուն, այրում քո սրբազան գրքերը, բայց դու, բարեբախտաբար, միշտ ողջ էիր մնում: եղիր ուժեղ, տոկա՛»:

Այդ սքանչելի խոսքերը, հիանալի մաղթանքները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլեւ մեզանից յուրաքանչյուրին: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել ոգով եւ բարու ու արդարության հավատով:

Ռուս. թարգմ. Պ. Ք.

Նկար 1. Ադրբեջանցի ջարդարարները Բաքվում, 1990

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ