RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017



Տեղադրվել է` 2017-03-02 22:17:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 3619, Տպվել է` 447, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՍՔ ԸՆԹԵՐՑՈՂԻ

ՎԱՂԱՐՇԱԿ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ, Ալավերդի

Հուշագրություն որդիական նվիրումով եւ ղեկավարի բարձր պատասխանատվությամբ

Հուշագրություններ մեր օրերում շատ են գրվում:Որպես ընթերցող ասեմ, որ այդ ժանրի ստեղծագործությունները ինձ հիմնականում դուր են գալիս: Առավելապես հետաքրքրական են կարդացվում քաղաքական գործիչների հուշերը: Պատահել է, որ երկու տարբեր գրքերում նույն եղելություններին տրվել են տրամագծորեն հակառակ գնահատականներ: Բայց այն, ինչ գրում է հանրաճանաչ եւ սիրված լոռեցի Հայկ Աղասու Օհանյանը իր «Դժվարին ճանարպարհի հանգրվանները» (Երեւան, «Ասողիկ» հրատարակչություն, 2016 թ.) գրքում, հավաստումն է Ժան Ժակ Ռուսոյի. «Իմ գործն է ասել ճշմարտությունը, եւ ոչ թե ստիպել հավատալ նրանում ասվածին» յուրատիպ ինքնախոստովանության: Այն Կիրովականի (Վանաձոր) շուրջ 40 (1952-92 թթ.) տարիների պատմության հայելային արտացոլանքն է, որ հեղինակն անվանել է եղելություններ եւ խոհեր:

Գրքի «Ժամանակին համընթաց» խորագրով առաջին մասում ընթերցողին է ներկայանում հեղինակի կյանքի բեղուն ճանապարհը` մանկությունը, պատանեկությունը, ուսումնառությունը, զինվորական ծառայությունը, կոմերիտական-կուսակցական եւ խորհրդային մարմիններում երկարամյա գործունեությունը: Ինչպես հատուկ է իսկական ղեկավարին եւ համեստ մարդուն, հեղինակն իր մասին քիչ է խոսում: Ինքնագոհություն կա գրքի էջերում, բայց ինքնագովքՙ ամենեւին: Փոխարենը յուրովի են արժեւորվում նրա տարբեր տարիների ղեկավարները, գործընկերները` Ցոլակ Բադալյանը, Մանիկ Բաղչինյանը, Հրանտ Ոսկանյանը, Հրայր Ղամբարյանը, Լեւոն Խաչատրյանը եւ ուրիշներ: Վերհիշելով այդ մարդկանցՙ ընթերցողն հեղինակի հետ պտույտ է տալիս քաղաքի փառքի սրահում` գիտաարտադրական միավորումներում, արդյունաբերական ձեռնարկություններում, շինարարական հրապարակներում: Ամենուր քայլ առ քայլ նվաճումներն են ու մտահոգություններ քաղաքի բնապահպանական եւ տրանսպորտային խնդիրների շուրջ: Առանձնակի ջերմությամբ է ներկայացվում քաղաքի քսան հազար բնակչի համար նախատեսված «Բազում» թաղամասի շինարարությունը:

Ժամանակին քաղաքը ձեռք է բերել «Քիմիայի քաղաք», «Լոռվա գեղեցկուհի», «Ծաղկի քաղաք», «Երգի քաղաք», «Վարպետների քաղաք» խորհրդանշական անվանումները: Եվ այդ ամենը ոչ առանց Հայկ Օհանյանի, վարպետ Մեհրաբի, գուսան Զաքարյանի, արվեստի մշակ Գեորգի Թովմասյանի, դուդուկի վանաձորյան երախտավորների, սպորտի բազում նվիրյալների: Ամենուր նաեւ իրավապահների արթուն աչքն է եղել:

Սպիտակի արհավիրքն է նկարագրվում ու նաեւ ազգային զարթոնքը, արցախյան գոյամարտը օհանյանական գնահատականներով, տագնապներով: Իրեն հատուկ խոր վերլուծություն է հեղինակի «Խորհրդային շրջան. մի՞ֆ, թե՞ իրականություն» խոհ-հարցադրումը:

Հուշագրության երկրորդ մասում մտորումներ են հայոց մեծերի` Վիկտոր Համբարձումյանի, Հովհաննես Բաղրամյանի, Անտոն Քոչինյանի, Կարեն Դեմիրճյանի, Համո Սահյանի մասին: Կենդանի հանդիպումների եւ անձնական շփումների պատառիկներ են այստեղ, իսկ վավերականության պատասխանատուն նաեւ գրքի էջերում զետեղված լուսանկարներն են:

Հուշապատումը եզրափակվում է արվեստի, գրականության մեծերի, պետական-քաղաքական գործիչների հոբելյանների եւ նրանց հետ հանդիպումների ժամանակ Օհանյանի ասած խոսքերով: Դրանց արժեքն յուրովի է մեծացնում հեղինակի խոստովանությունը. «Իմ աշխատանքի բոլոր տարիներին, իմ բոլոր զեկուցումները, ելույթները, հոդվածները, հուշերը գրել եմ անձամբ, որովհետեւ դա իմ խոսքն է, իմ ասելիքը, իմ ոճը»:

Կարծում եմ յուրովի են ներկայանում Օհանյանի գնահատականներում Մարտիրոս Սարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Սոս Սարգսյանը եւ մյուսները: «Իր քաղաքի նվիրյալը» հուշապատման էջերը մեզ ներկայացնում են Գյումրվա փառքը եւ որպես քաղաքի ղեկավար Դոնարա Հարությունյանի ծանրակշիռ ժառանգությունը:

...Գրքի էջերում որդիական նվիրում կա ու ղեկավարի բարձր պատասխանատվությունը, իսկ վերջնախոսքում նաեւ Համո Սահյանի խոսքերն են.

Եվ շնորհակալ պիտի լինես դու

Երջանիկ ու մեծ քո տառապանքից,

Որ հոգուդ վրա կնճիռներ չունես,

Եվ խղճիդ վրա չունես ոչ մի բիծ...

Փակում եմ ժողովածուն ու վերհիշում գործունեությանս ճանապարհին ունեցած հաղթանակները, նաեւ կորուստները, դառնությունները, տառապանքները, համոզված լինելով, որ Վանաձորի պատվավար քաղաքացի Հայկ Օհանյանի դեմքի կնճիռները բոլորովին կապ չունեն նրա հոգու եւ խղճի հետ: Նրա փորձն ու հպարտությունը իրար համարժեք են, եւ ամենեւին պատահական չէ, որ իմաստնացած այս այրը այսօր էլ պատկառելի տարիքում շարունակում է աշխատանքը «ՀԷՑ» ՓԲԸ-ի մասնաճյուղում: Ինձ թվում էՙ մնաց ընթերցողի հետ կիսել ափսոսանքս կապված Հայկ Օհանյանի մեծ կորուստի հետ, հատկապես որ հուշագրությունն էլ նվիրվել է որդու` Բակուրի անմար հիշատակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ