RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-03-02 22:17:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 3855, Տպվել է` 480, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԳԵՂ ՇՐՋԱԴԱՐՁ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Ստամբուլի հայկական համայնքը ամենամեկուսացվածն է սփյուռքում: Աշխարհի մյուս հայկական համայնքների հետ շփումները հազվադեպ են: Հաշվի առնելով վախի այն մթնոլորտը, որի պայմաններում ստիպված են ապրել ստամբուլահայերը, տրամաբանական կարելի է համարել այն, որ նրանք խուսափեն ավելորդ խնդիրներ առաջացնելուց իրենց համայնքային կյանքում: Նրանք բնազդորեն կախման մեջ են երկրի քաղաքական «ճոճանակից», որը ցինիկաբար մերթ դեպի ազատությունների, մերթ էլ դեպի ճնշումների կողմն է թեքվում, պարգեւելով համապատասխան ժամանակահատվածներ նրանց:

Թուրքիայում հայկական համայնքը որպես կրոնական փոքրամասնություն է ճանաչված իշխանության կողմից: Բայց վերջին ինը տարիների ընթացքում ժամացույցով աշխատող մի ռումբ է տկտկում հենց այդ կարգավիճակի պատճառով: Այդ ռումբը սկսեց տկտկալ այն ժամանակ, երբ ընտրված պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանը անընդունակ ճանաչվեց շարունակելու իր պաշտոնավարությունը, եւ ծայր առավ նրան փոխարինող գտնելու արշավը:

Պատրիարքարանում առաջացած թափուր տեղը նպաստեց համայնքում ստեղծված քաոսին եւ շփոթ կացությանը: Երկու խմբակցություններ դիմեցին իշխանություններին նոր պատրիարք կամ աթոռակից պատրիարք ընտրելու իրավունք ձեռք բերելու համար: Դրանից ավելի լավ առիթ պետք չէր կառավարությանը որպեսզի է՛լ ավելի խորացներ եւ երկարացներ շփոթ իրավիճակըՙ մերժելով երկու առաջարկներն էլ:

Այդ ընթացքում Արամ արք. Աթեշյանը հաջողացրեց առաջնորդական տեղապահ նշանակվել Հոգեւոր խորհրդի կողմից, որն իրեն հավատարիմ է եւ երախտապարտ: Դա անսովոր քայլ էր, որը համայնքի կողմից ընկալվեց որպես ժամանակավոր նշանակում: Բայց Աթեշյան արքեպիսկոպոսը փորձեց երկարաձգել իր այդ կարգավիճակըՙ հաճոյանալով իշխանություններին: Դրա աչք ծակող օրինակը նրա ինքնագոհ նամակն էր ուղղված նախագահ Էրդողանին այն բանից հետո, երբ Գերմանիայի բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նա նաեւ չարաշահեց իր պաշտոնը անձնական նպատակներ հետապնդելու համար եւ անամոթաբար փորձեց արդարացնել իր արարքները: Պաշտոնը երկարաձգելու նրա գործելակերպը իր արդյունքը տվեց եւ նրա թեկնածության առաջադրումը ընդունվեց: Իշխանությունները չթաքցրեցին իրենց համակրանքը հնազանդ կրոնականի հանդեպ, ինչը նշանակում էր, որ համայնքի հարուստ ղեկավարներն ու գործարարները կարող էին համարձակ շարունակել իրենց գործունեությունը: Այսպիսով Աթեշյանը առաջ էր ընթանում փաստի առաջ կանգնեցնելու համայնքին, երբ հանկարծակի պայթեց ռումբը: Աթեշյանից բացի, երեք այլ թեկնածուներ կան պատրիարքական աթոռի համար: Դրանք են Սահակ արք. Մաշալյանը, Գարեգին արք. Բեկչյանը (գերմանահայոց հոգեւոր առաջնորդ) եւ Սեպուհ արք. Չուլճյանը (Գուգարաց թեմի առաջնորդը): Այս երեքից Մաշալյանը գլխավորում էր ստամբուլահայերի Հոգեւոր խորհուրդը: Աթեշյանի ձգձգումներից զայրացած նա ի վերջո խորհրդից խնդրեց վերջնական օր նշանակել պատրիարքի ընտրության համար եւ վերջ դնել Աթեշյանի տեղապահության պաշտոնին: Երբ Հոգեւոր խորհուրդը մերժեց իր խնդրանքը, Մաշալյանը որոշեց հրաժարական տալ իր բոլոր պաշտոններից ու թեկնածությունից եւ ընդմիշտ հեռանալ երկրից: Այդ անզուսպ քայլը իրարանցում առաջացրեց համայնքում:

Գումարվեց եկեղեցական շտապ ժողով, որին մասնակցեցին VADIP-ի բոլոր անդամները: ՎԱԴԻՊ-ը ոչ պաշտոնական մարմին է, բաղկացած բոլոր ծխական եւ կրթական վարչական խորհուրդների, ինչպես նաեւ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Այն գլխավորում է Պետրոս Շիրինօղլուն, ով նաեւ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի նախագահն է: Նրան հաջողվել էր հանդիպում կազմակերպել նախագահ Էրդողանի հետ, ով խոստացել էր անձամբ ներգրավվել գործընթացին, եւ ընտրությունների օր նշանակել, երկրի սահմանադրական հանրաքվեից հետո: Առիթն օգտագործելով Շիրինօղլուն նաեւ վատաբանել էր Կարո Փայլանին, ցուցաբերելով անթույլատրելի հնազանդություն:

Պատրիարքի ընտրությունը միակ հարցը չէ, որ անորոշության մեջ է գտնվում: Տարիներ շարունակ դպրոցներին, բարեգործական կազմակերպություններին եւ հիվանդանոցներին թույլատրված չի եղել ընտրություններ անցկացնել: Կառավարության կողմից նման ներգործությունը եւ միկրոկառավարումը հակասում է 1923 թվին կնքված Լոզանի պայմանագրի դրույթներին, որոնք ազատություն էին նախատեսում եւ երաշխավորում Թուրքիայի փոքրամասնությունների համար: Հիմա, որ Թուրքիան դարձել է «վստահելի դաշնակիցը» Եվրոպայի եւ Մ. Նահանգների, ոչ ոք նեղություն չի քաշում Թուրքիային պարտադրելու այդ պայմանագրի դրույթների կենսագործումը:

Նախքան հասարակության լայն շրջանակների մասնակցությամբ ժողովի գումարումը Գում Գաբուի Պատրիարքարանի «Պեզճյան Ամիրա» դահլիճում, մեկ այլ ժողով էր գումարվել երկու թշնամական տրամադրություններով սրբազանների եւ համայնքի տասը երեւելի առաջնորդների մասնակցությամբ: Մինչ ներկայացուցիչների առավել լայն խումբը անհամբեր սպասում էր, թե երբ կկարողանա գումարել իր ժողովը, մի ավելի փոքր խմբակցություն փակ շրջանակներում շարունակում էր իր քննարկումները:

Վերջապես երկու սրբազանների միջեւ համաձայնություն գոյացավ եւ որոշվեց փետրվարի 17-ին նիստ գումարել ընտրելու համար ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետեւ հատուկ հանձնախումբ կազմել արագացնելու համար ընտրությունների անցկացումը, եւ վերջապես փետրվարի 20-ին Ստամբուլի կառավարչին դիմել պաշտոնապես հայտարարելու, որ մայիսի 28-ին է նախատեսված նոր պատրիարքի ընտրությունը: Պատճառը թե ինչու ժողովը այդքան երկար տեւեց այն էր, որ համաձայնության մեջ չէր նշված Աթեշյանիՙ որպես տեղապահի հրաժարականը ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից հետո: Մաշալյանը ի վերջո համաձայնվել էր ստորագրել համաձայնագիրըՙ ամբողջ ժամանակ պնդելով, որ տեղապահի պաշտոնի շարունակությունը ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից հետո հակասում է Հայ եկեղեցու կանոններին: Երբ Շիրինօղլուն դահլիճ է մտնում համաձայնագրի փաստաթուղթն իր ձեռքում, նրան թշնամաբար են դիմավորում: Շատերը պահանջում են Աթեշյան արքեպիսկոպոսի հրաժարականը, իսկ որոշ վիճաբանություններ կռվի են վերածվում:

Թեր ու դեմ բազմաթիվ թեժ վիճաբանություններից հետո ներկաները ցրվում են առանց կոնկրետ մի որեւէ որոշման հասնելու: Մինչ ճգնաժամը շարունակում է առկախ մնալ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը երկու սրբազաններին հրավիրում է Երեւան, որպեսզի հարթվեն տարաձայնությունները Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի ներկայությամբ, ով մինչ այդ էլ հետեւում էր իրավիճակի զարգացումներին:

Դժվար է խնդրի բոլոր նրբերանգները պարզելը, հատկապես Ստամբուլում հրատարակվող թերթերի հաղորդագրությունները կարդալով: Վախի ու սարսափի մթնոլորտի առկայության պայմաններում զանգվածային լրատվամիջոցները դիմում են ինքնագրաքննության, որի հետեւանքում առանձնապես բան չասող շատախոսության մի ուրույն ոճ է ձեւավորվել: Անհրաժեշտ է երկար սյունակներ կարդալ մինչեւ խնդրի բուն էությանը հասնելը: Միակ լրագրողը, ով ժամանակին հանդգնում էր իրերն անվանել իրենց անուններովՙ Հրանտ Դինքն էր, ով իր կյանքը կորցրեց դրա պատճառով: Նրա հիմնադրած «Ակօս» շաբաթաթերթը բարեհաճ վերաբերմունք չի ցուցաբերում ոչ Աթեշյանի թեկնածության, ոչ էլ Մաշալյանի կրակոտ պոռթկումների հանդեպ: Մյուս երկու օրաթերթերըՙ «Ժամանակն» ու «Մարմարան», հասկանալիորեն չափազանց անպարզորոշ դիրքորոշում են որդեգրել, որովհետեւ ով էլ որ պատրիարք ընտրվի, հետագայում բոլոր միջոցները կունենա պատժելու թերթերին: Պատրիարքարանը անուղղակիորեն, վճարովի գովազդների միջոցով, նյութական օժանդակություն է ցուցաբերում թերթերին: Մութաֆյան արքեպիսկոպոսը շատ լավ կարողանում էր օգտագործել այդ մեթոդը անցյալում, կարողանալ լռեցնելու համար իր դեմ ուղղված բոլոր տեսակի քննադատությունները: Նույնիսկ ֆինանսական հարաբերություններից բացի, թերթերի խմբագիրները չափազանց շրջահայաց են իրենց գրություններում, որովհետեւ գիտակցում են, որ ստիպված են լինելու շարունակել ապրել եւ գործել այն պատրիարքի հետ, որին համայնքն ընտրելու է: Նրանք չեն ցանկանում ավելորդ խնդիրներ առաջացնել համայնքում:

Դարեր շարունակ հայերը վստահել են եկեղեցուն եւ եկեղեցականներինՙ ամուր հիմքեր ունենալով դրա համար: Բայց ժամանակի ընթացքում, եկեղեցին ապաշնորհ, եսակենտրոն եւ ոխակալ կղերականների ձեռքում կորցրել է իր նախկին վեհությունը:

Այս ցավալի իրադարձությունները հաշվի առնելով, առողջ դատողության տեր որեւէ խմբավորում պարտավոր է «որակազրկել» երկու թեկնածուներին էլ, որոնք հանուն ինքնափառաբանման պատրաստ են միմյանց կոկորդ կրծել:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ