ՋԱՎԱԽՔՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ ԽԱՆՈՒՄ ԱՎԱԳՅԱՆ ԷԼԻՉԿԱ ԾՈՐՄՈՒՏՅԱՆ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներՙ Ջավախքից Դա լա՞վ է, թե՞ վատ Ջավախքում վրացական հեռուստաալիքներ չեն հեռարձակվում եւ Վրաստանում կատարվող իրադարձություններին ջավախքցիները ծանոթանում են համացանցի միջոցով: Ջավախահայ բնակչության մի ստվար հատված ասում է, որ չի հետաքրքրվում եւ, եթե նույնիսկ հեռարձակվերՙ չէին հետեւելու,- «Հետեւում ենք հայկական եւ ռուսական հեռուստաալիքներին, իսկ վրացականը այդքան էլ հետաքրքրություն չի առաջացնում»: Ոմանք էլ ասում են, որ այսպես լավ է,- «Եթե հեռարձակվեր, ապա դա նույնպես խթան կլիներ Ջավախքը հայաթափելու եւ խոսակցական լեզուն նույնպես վրացերենը դարձնելու»: Ոմանք էլ դժգոհում են. «Ապրում ենք Վրաստանում եւ չունենք հնարավորություն հետեւելու այստեղ կատարվող իրադարձություններին հենց իրենց ՙ վրացական մեդիա դաշտից: Ախալքալաքում գործում է «Ջավախք» լրատվամիջոցը, որի միջոցով քիչ թե շատ հետեւում ենք Վրաստանում կատարվող իրադարձություններին»: Իսկ հիմա այսպես կոչված «բարաբանիչեսկի» ալեհավաքներ են տեղադրել, որոնք կարելի է ասել ձեւական են, քանի որ գյուղական որոշ համայնքներում են եւ դրանք միացնելը բավականին աշխատատար է մարդկանց համար: Սա նաեւ մեծ հնարավորություն կտար սովորել լեզուն:Ես մեծ սիրով կհետեւեի «IMEDI» եւ «RUSTAVI 2» հեռուստաընկերություններին հեռուստացույցով, բայց չունեմ այդ հնարավորությունը եւ այդ բացը լրացնում եմ համացանցի շնորհիվՙ հետեւելով նրանց պաշտոնական էջերին»: Հարց է ծագում, ինչո՞ւ, երբ վրացական իշխանությունը այդքան ուշադիր է Ջավախքում կատարվող յուրաքանչյուր իրադարձության (դպրոցներում լուրջ ուշադրություն են դարձնում վրաց լեզվի դասընթացներին, բանկերում, ոստիկանությունում եւ այլ հաստատություններում աշխատող յուրաքանչյուր մարդ պետք է պարտադիր իմանա վրացերեն) «աչքաթող» է արել մեդիա դաշտը եւ Ջավախքում չեն հեռարձակվում վրացական հեռուստահաղորդումներ: Այս մասին կփորձենք պարզել լրագրող, Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական Կենտրոն-հասարակական կազմակերպության տնօրեն Էդուարդ Այվազյանի կարծիքը: - Ի՞նչ լեզվով է Սամցխե-Ջավախեթիում մեդիա հեռարձակումը` զուտ հայկական, թե՞ նաեւ վրացական: - Գիտեք, Սամցխե-Ջավախքը բավականին մեծ մուլտիէթնիկ շրջան է, որը բնակեցված է տարբեր ազգերով ու կրոնական համայնքներով: Սամցխե-Ջավախքում ընդհանուր առմամբ մեծամասնություն են կազմում հայերը, սակայն շրջանի արեւմտյան մասում, այսինքնՙ Սամցխեում, մեծամասնություն են վրացիները եւ, հետեւաբար, այնտեղ հեռարձակումը վրացերեն լեզվով է եւ ցավով պետք է նշել, որ այնտեղ հայկական տեղական հեռուստաընկերություն չկա: Տեղի հայերը, օրինակ Ախալցխայի շրջանում, չունեն սեփական հայկական հեռուստաընկերություն եւ օգտվում են արբանյակից որպեսզի դիտեն հայկական ու ռուսական ալիքներ: Այլ է իրավիճակը Ջավախքում, ուր տեղական հեռուստաընկերությունները հայկական են: - Ինչի՞ հետ կկապեք Ջավախքում վրացական հեռուստաալիքներ չդիտելու հանգամանքը: - Նախՙ տեղի հայերը լավ չեն տիրապետում պետական լեզվին: Երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ շատ հաճախ վրացական հեռուստաընկերությունները չեն անդրադառնում Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող խնդիրներին: Այս ամենի հետ մեկտեղ հայկականի գործոն լինելու գիտակցությունը եւ Հայաստանի հետ մշակութային կապերը եւս խաղում են իրենց դերը: - Ըստ ձեզ, Վրաստանի կառավարությունը ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում, որ Ջավախքում հեռարձակվեն վրացական ծրագրեր եւ, որ ամենակարեւորն էՙ դիտողականություն ապահովի: - Իսկ ո՞վ է ասել, որ վրացական հեռուստաալիքներ չեն հեռարձակվում Սամցխե-Ջավախքում: Որպեսզի հայկական բնակչությունը դիտի վրացական ալիքներ, նախ պետք է տվյալ ալիքները իրենց մեջ ներառեն հայկական ծրագրեր, հիմնականում լրատվություն: Իհարկե Վրաստանի առաջին ալիքը մի քանի լեզվով տարբեր ժամերի հեռարձակում է լրատվություն, սակայն այն շատ անգամ հարմար չէ դիտել, քանի որ պետք է գիտենալ ժամը, փոխել ալիքը եւ այլն... Շատ ավելի հարմար գաղափար է ստեղծել մի նոր հեռուստաընկերություն, որը իր մեջ կներառի հատուկ ծրագրեր ազգային փոքրամասնությունների համար եւ լեզվի իմաստով մատչելի կլինի Վրաստանի բոլոր բնակիչներին: - Մի՞թե կարեւոր չէ պետության համար վրացական ալիքների հեռարձակումը, որպեսզի համապատասխան կարծիք ձեւավորվի պետության ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին: - Իհարկե շատ կարեւոր է: Հեռուստաընկերությունները հիմնական միջոցն են հանդիսանում մարդկանց տեղեկացնելու համար: Սակայն ասեմ, որ հեռուստատեսությունից բացի Սամցխե-Ջավախքում եւ ամբողջ Վրաստանում կան հայկական լեզվով կայքեր, որոնք մշտապես անդրադառնում են երկրում եւ շրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Այնպես որ հետաքրքրվող քաղաքացին ունի հնարավորություն տեղեկանալու երկրում տեղի ունեցող իրադարձություններին: - Վերջերս որոշ տեղանքներում տեղադրվեցին հատուկ ալեհավաքներ, որոնցով միայն վրացական ալիքներ են ցուցադրվում, բայց միեւնույն էՙ դրանք չեն դիտվում, կա՞ այլ միջոց ջավախահայությանը խրախուսելու, որ հայկականից բացի դիտեն նաեւ վրացականը: - Մարդիկ նախ պետք է հասկանան լեզուն եւ ընդունեն, որ տվյալ ալիքը մոտ է իրենց գաղափարապես: Այո, հենց գաղափարապես, քանզի այսօր այնքան են քաղաքականացված հեռուստաընկերությունները Վրաստանում եւ հեռու ջավախքցու առօրյա խնդիրներից, որ մարդիկ իմաստ չեն տեսնում դիտել տվյալ ալիքները, առավել եւս որ նրանք չեն տիրապետում պետական լեզվին: Կրկնում եմ, իմ խորին համոզմամբ պետք է պետությունը մի այլ հեռուստաընկերություն ստեղծի, որը կանդրադառնա ազգային փոքրամասնությունների խնդիրներին: Նման հեռուստաընկերության ստեղծման միջոցով կարելի է նաեւ մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն պետական լեզվի ուսուցմանը: - Ընդանուր առմամբ ինչպիսի՞ն է մեդիա իրականությունը ամբողջ Վրաստանում: - Կարծում եմ, որ Վրաստանում հեռուստաընկերությունները ավելի զարգացած են, քան Հայաստանում: Բավական առաջատար հեռուստաընկերություններ կան Վրաստանում, որոնք լավագույնն են տարածաշրջանում, իսկ եթե վերցնենք կայքերն ու թերթերը, ապա այս առումով առաջատարը Հայաստանն է: Վերջում Էդուարդ Այվազյանը հավելեց. «Այսօր մեծ աշխատանք են իրականացնում Սամցխե-Ջավախքի շրջանում լրատվական կայքերը: Հայկական կայքերի գոյությունը շատ կարեւոր է շրջանում, քանզի նրանց ստեղծումով վերացավ տեղեկատվական ծարավը մեր շրջանում: Ժամանակները փոխվել են, եւ այսօր հիմնական լրատվական հոսքերը տեղի են ունենում կայքերի միջոցով: Այս առումով շատ կարեւոր է, որ Հայաստանի իշխանությունները օգնության ձեռք մեկնեն հայկական լրատվամիջոցներին, որոնք ունեն ազգային դիմագիծ եւ աշխատում են նպաստել տեղի հայ ազգաբնակչությանըՙ իրավունքների պաշտպանության եւ հայապահպանության գործում»: |