ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀ. «ԵԹԵ ԻՐԵՆՑ ՈՒԶԱԾԸ ՀԱՐԿ ՉՎՃԱՐԵԼՆ Է, ԴԱ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ» Ա. Մ. «Ասում ենքՙ ՀԴՄ կտրոն տրամադրեք, իսկ նրանք ասում ենՙ հարկ չվճարենք: Եթե ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում, շրջանառությունը չի ֆիքսվում, այդ դեպքում ինչի՞ց պիտի հարկ վճարեն: Եթե իրենց ուզածը հարկ չվճարելն է, դա բացառվում է: Կա օրենսդրություն, եւ տոնավաճառների աշխատակիցները պետք է օրինական դաշտում աշխատեն», երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տոնավաճառների առեւտրականների դժգոհություններին, ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը : Այն հարցին, թե վաճառականները չեն կարողանում փաստաթղթավորել, հաշվապահություն պահել, Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ տոնավաճառներում կան միջինից բարձ եկամուտներ ունեցողներ, որոնք պարտավոր են աշխատել ԱԱՀ-ով, ունենան հաշվապահ, իսկ փոքր բիզնեսի համար ՊԵԿ-ն առաջարկում է հաշվապահական օգնություն տրամադրել: «Միակ խնդիրը, որը դրվել է իրենց առաջ, այն է, որ ՀԴՄ կտրոն տրամադրվի, ուրիշ խնդիր իրենց առջեւ դրված չէ», ասաց պետեկամուտների կոմիտեի նախագահը: Նա միաժամանակ հայտնեց, որ փոքր բիզնեսի նկատմամբ պատժողական գործառույթ չի կիրառվել: «Որեւէ մեկի մտքով չանցնի, որ մեր ակցիան ուղղված էր նրանց, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են տոնավաճառում առեւտուր անելով: Հակառակըՙ մենք 24 ժամ նրանց կողքին ենք: Եթե համակարգում եղած հուդաները կփորձեն նեղացնել նրանց, ես միշտ հասանելի եմ», շեշտեց Վարդան Հարությունյանը: |