ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՂԱԴՐԵԼ ԱՍՏԾՈՒՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Երեւանում օրերս ծնված հնգյակ երեխաները անմիջապես գրավեցին բոլորիս ուշադրությունը, անկախ նրանիցՙ մենք երեխա ունե՞նք, թե՞ ոչ, լրագրո՞ղ ենք, թե՞ բժիշկ: Իմիջիայլոց հնգյակի ծնունդը Հայաստանում աննախադեպ էր, հետեւաբար նորածիններիՙ բոլորիս ուշադրության կենտրոնում հայտնվելը նորմալ էր: Հենց ծննդյան պահից հայտնի դարձավ, ուշադրություն, բժիշկները հայտարարեցին, որ երեխաները ծնվել են խորը անհասությամբ, նրանց բոլորի, կրկնում եմՙ բոլորի վիճակը ծայրահեղ ծանր է եւ բոլորն էլ ունեն հատուկ բշժկական ուշադրության կարիք: Իսկ այդ ուշադրությունը նորածիններին եւ նրանց մորը ցուցաբերվում էր ծննդօգնության առումով Հանրապետությունում լավագույնի անունն ունեցող Էրեբունի բժշկական կենտրոնում, Հանրապետության լավագույն մասնագետների կողմից: Հասկանալի է, որ երբ ինչ-որ մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, կնշանակի տվյալ մեկը կյանքի ու մահվան կռվի մեջ է, հավանականություն կա, որ կապրի, սակայն միայն հավանականություն կա: Ցավոք հնգյակից երկուսը մահացան, այդ թվում ամենանվազ քաշով ծնված աղջնակը: Հետո եւ այժմ, բժիշկները հայտարարում են, որ տղայի վիճակը մնում է ծանր (առաջ ծայրահեղ ծանր էր), իսկ աղջիկներից մեկը քաշն ավելացրել է, մյուսի մոտ քաշը վերականգնվել է, այսինքն երկու աղջնակի մոտ դրական միտում կա, եթե հաշվի առնենք, որ տղան էլ ծայրահեղ ծանր վիճակից հայտնվել է ծանր վիճակում, որքան էլ աբսուրդ հնչի, տղայի մոտ էլ դրական միտում կա: Զուգահեռաբար, Մայր աթոռը հայտարարեց, որ հնգյակ ունեցած Կարապետյան ընտանիքին նվիրում է 4 սենյականոց բնակարան, սա այն պարագայում, երբ ընտանիքն ապրում էր վարձով եւ ընդհանուր 16 քառակուսի մետր սենյակում, իսկ Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հայտարարեց, որ ինքը հոգալու է երեխաների մեկ տարվա սննդի բոլոր հարցերը: Ավելորդ չեմ համարում նշել, որ երեխաների հայրն ունի կայուն աշխատանք, որով, ճիշտ է, Հայաստանում հնարավոր չէ բնակարան գնել, այն էլ 4 սենյականոց, բայց որով հնարավոր է Հայաստանում նորմալ ապրել 4 սենյականոց սեփական բնակարանում: Մի խոսքով, հնգյակի պատմությունը, որքան եւ ուրախալի, աննախադեպ էր, եւ գնահատանքի արժանի, հաշվի առնելով պետության հոգեւոր եւ աշխարհիկ դեմքերի ուշադրությունը, այնքան էլ ցավալի էր, հաշվի առնելով, որ հնգյակից մնաց երեքը: Բայց այս պատմությունը մեկ այլ, գուցե շատ ավելի խորքային եւ նուրբ շերտ ունի: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ երկրորդ երեխան կորցրած ծնողները ամեն ինչի մեջ սկսեցին մեղադրել բժիշկներին, որոնք, կրկնում եմ, Հանրապետության լավագույն մասնագետներն են համարվում: Ըստ ծնողների եւ երեխաների հարազատների (տատիկն էր այս թեմայով խոսել), իրենց երեխաներից մեկի մահվան մասին իրենք իմացել են կայքերից, այլ ոչ թե բժիշկներից, բացի այդ, իրենք պահանջում են, որպեսզի արտասահմանյան մասնագետներ գան, քանի որ տեղի բժիշկները, փաստորեն, չեն կարողանում վերահսկել իրադրությունը եւ վերականգնել երեխաների առողջությունը: Սա նորմալ է, երեխա կորցրած յուրաքանչյուր ծնող ամեն ինչում մեղադրում է բժիշկներին, կապ չունի նրանք Հանրապետության լավագույնն են, թե ոչ: Այլ հարց է, որ երեխաների հարազատները կարող էին հանգստացնել ծնողներին, սփոփել նրանց, շեշտելով, որ նրանց ընտանիքը բոլորիս ուշադրության կենտրոնում է, անգամ առողջապահության նախարարն անձամբ այցելեց երեխաներինՙ ծանոթանալու վերջիններիս վիճակին: Ինչեւէ, այդ սփոփումը կա՛մ տեղի չի ունեցել, կա՛մ էլ չի օգնել: Չէր էլ կարող օգնել, քանի որ տեղի ունեցավ մի սոսկալի բան: Որոշ կայքեր, պնդելով, թե երեխաների ծնողներն են իրենց դիմել, հրապարակեցին նյութեր, որտեղ հնգյակի ծնունդն ապահոված, երեխաներից երեքի վիճակը կայունացրած, ապա եւ լավացրած բժիշկները դարձան մահացած երկու երեխաների պատճառը: Ավելին, այդ նյութերի համաձայնՙ սա խորքային խնդիր է, դե մեր առողջապահության համակարգը վաղուց փտած է, զարմանալ պետք չէ, պետք է այս փաստն էլ հաշվի առնելով, լուրջ եւ կտրուկ քայլեր ձեռնարկել առողջապահության ոլորտը փրկելու համար: Ընդ որում, այդ նյութերում առկա էին միայն ծնողների խոսքերը, նրանց վրդովմունքը, զայրույթը, ինչը, կրկնում եմ, հասկանալի է: Հրապարակված նյութերի հեղինակները որեւէ բժշկի չէին խնդրելՙ պարզաբանելու իրավիճակը, հավանաբար շատ էր պետք, որ բժիշկները լինեն մեղավորը: Այ, եթե արտասահմանցի բժիշկներ գային, այսպես չէր լինի: Գուցե, շատ հնարավոր է, որ երեխաներին օգնելու համար մեր առողջապահության նախարությունը դիմեր օրինակ Գերմանիայի, Իսրայելի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի առաջատար բժիշկներին, վերջիններս էլ մեկ մարդու պես, թողնելով իրենց բոլոր գործերը, ժամանեին Հայաստան եւ փորձեին փրկել մեր երեխաներին ու փրկեին: Շատ հնարավոր է, որ մեր, թեկուզ լավագույն մասնագետներն, իրոք չունեն դեռ այն հմտություններն ու մանավանդ սարքավորումները կամ դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են նման պարագաներում, առանց որոնց հնարավոր չէ փրկել մարդկային կյանքեր: Բայց ո՞վ ասաց, որ մեր բժիշկները կյանքեր չեն փրկել, ո՞վ ասաց, որ նրանք ծանր վիրահատությունների միջոցով չեն օգնել, որ երեխաներ ծնվեն, որոնք ամենեւին էլ օլիգարխների երեխաներ չեն, որոնք այսօր քայլում են, խոսում են, դպրոց են գնում, երազում են ֆուտբոլիստ կամ պարուհի դառնալու մասին: Եւ ամենակարեւորըՙ ո՞վ ասաց, թե մարդկային կյանքը, մեծ հաշվով, բժշկի ձեռքերում է, բա Աստվա՞ծ: Կա չէ՞ իրավիճակ, երբ բժիշկներն անզոր են, եւ ոչ միայն բժիշկները: Մեր կյանքի բոլոր ասպարեզներում ունեցած խնդիրների համար մենք մեղադրում են բացառապես ոլորտի մասնագետներին. երեխան դպրոցում ֆիզիկայից անբավարա՞ր է ստանում միշտ, մեղավորը ֆիզիկայի ուսուցիչն է, առհասարակ միշտ անբավարա՞ր է ստանում, մեղավորը դպրոցի ուսուցիչներն են, չի՞ ընդունվում բուհ, մեղավորը քննող հանձնաժողովն է, զոհվո՞ւմ է թշնամու կրակոցից, մեղավորը սպան է, զորամասի հրամանատարը, ՊՆ-ն, անձամբ նախարարը, գերագույն գլխավոր հրամանատարը, ...Իսկ Աստված մեղավոր լինո՞ւմ է, հավանաբար ոչ, քանի որ Կարապետյաններն, փառք Աստուծո, երեք երեխա ունեն, 4 սենյականոց բնակարան եւ հաստա՛տ երջանիկ ապագա: |