ՓԱԿԵՆՔ, ՈՐ ԲՅՈՒՋԵ ԼՑՆԵՆՔ ՆԱԻՐ ՅԱՆ Մեր մտավորականները վրդովված են ու հիասթափված. կառավարության շրջանակներում խոսակցություններ են պտտվում, թե նույն հայրենի կառավորությանն առընթեր Լեզվի պետական տեսչությունը փակվելու է: Պատճառների մասին միայն ենթադրություններ կանՙ անիմաստ կառույց է, ոչ մի գործառույթ չի իրականացնում, պետբյուջեից իզուր փող է հատկացվում տեսչությունը պահելու համար եւ այլն, եւ այլն: Հիմքերն, ամեն դեպքում, փող խնայելուն են միտված: Մեր գրականագետները, գրողներն ու լեզվաբաններն ընդունում են, որ Լեզվի պետական տեսչությունն այսքան տարիների ընթացքում իր գործունեությամբ ու գործառույթներով չի փայլել, ու հանրության շրջանում անորոշ էՙ ի վերջո ինչ տեղ ու դեր ունի այս կառույցը: Մի քանի տարի առաջ էր. տեսչության աշխատակիցները շրջում եին Երեւանի փողոցներով եւ այն օբյեկտները, որոնց անունները հայատառ չէին կամ հայատառ գրվածքներն ավելի փոքր էին, քան օտարատառ անունը, տույժ ու տուգանք էին սահմանում: Այցելությունները շուտով կասեցվեցին անորոշ պատճառներով: Տեսչությունը որքան էլ նկատի լրատվամիջոցներով հրապարկվող ուղղագրական ու ուղղախոսական սխալները, միեւնույն է, որեւէ մեկին որեւէ պատասխանատվության ենթարկելու լծակ չունի: Կարճ ասածՙ վերահսկողություն, ստուգում, տույժ-տուգանք սահմանելու իրավասություն Լեզվի տեսչությունը չունի: Այս հանգամանքը, սակայն, մտավորականների համար արդարացի հիմք չէՙ որոշելու, որ այս կառույցն անպետք է ու պիտի փակվի: Նրանք այլ տարբերակ են առաջարկումՙ լծակներ, իրավասություններ տալ տեսչությանը եւ պահանջել արդյունավետ աշխատանք: Լեզվի տեսչությունը պետք է վերահսկող մարմին լինի, զսպաշապիկ մեր լեզվին, որի տակ ոսկոր չկա, որ սխալ հայերենի դեպքում մեր լեզուն ծակի ու ցավեցնի: Լեզվի տեսչությունը պետք է համակարգի նաեւ արեւմտահայերենի խնդիրները, չէոր մեր երկրում հազարավոր սիրիահայեր են ապրում: Լեզվի տեսչությունը պետք է ամենօրյա դիտարկումների տակ պահի մեր հրապարակախոսական հայերենը, ԱԺ-ի ու այլ ամբիոններից հնչող ելույթները, պետք է թույլ չտա, որ օտարահունչ արտահայտություններ ու խոսք հնչի եթերից: Պետք է, պետք է... Մեր գրականագետներն ու լեզվաբանները նշում են, որ այսկերպ տեսչության դերն ու հեղինակությունը կբարձրանա, ու այս կառույցի հետ հանրությունը հաշվի կնստի: Իսկ քանի որ տեսչությունը վերոնշյալ գործառույթներից եւ ոչ մեկն իրավասու չէ իրականացնել, հետեւաբար այս օղակն իշխանություններն ուզում են դուրս մղել տեսադաշտից: Ի վերջո, հասարակության շրջանում կարծիք է ձեւավորվում. կառավորությունը փակում է Լեզվի տեսչությունը, այսինքնՙ պետական մակարդակով անհարգալից, արհամարհական վերաբերմունք է դրսեւորվում մայրենի լեզվի նկատմամբ: Եթե նման վերաբերմունք է ամրագրված սեփական պետության, իշխանությունների կողմից, ուրեմն հասարակությունն էլ իր հերթին է որդեգրելու նման վերաբերմունքը: Ներքին արժեհամակարգի խնդիր է: Հայրենի կառավարությունն օպտիմալացման մեկ այլ քայլի մասին էլ է մտածումՙ միավորել գյուղական համայնքները եւ դպրոցները: Այսինքնՙ գյուղեր են իրար միանալու, իսկ մի քանի գյուղ ունենալու է մեկ դպրոց: Այս ծրագիրը եւս պետբյուջեի խնայողություններին է ծառայելու: Պատկերացնում եք, ասենքՙ Տավուշի Նորաշեն, Չորաթան գյուղերի երեխաները հաճախելու են Արծվաբերդի դպրոց, որովհետեւ հայրենի կառավարությունը որոշել է գումար խնայել ու իրենց գյուղերի դպրոցները փակել է: Փակել դպրոց: Նման արտահայտություն կարդացել ենք մեր պատմության դասագրքերում, երբ խոսքը ռուսների կամ թուրքերի մասին էր, օրինակՙ ցարի հրամանով Արեւելյան Հայաստանում փակվեց հայկական մի քանի դպրոց, կամ սուլթանը հրաման արձակեց հայկական դպրոցները փակել: Գյուղերը միավորելը նշանակում է երկիրը փոքրացնել, աշխատատեղեր փակել, արտագաղթի համար հողը պարարտացնել, ժողովրդին նորից հիասթափեցնել ու անտեսել-անարգել: Ազգի ապագայի մասին մտածող կառավարությունը պետք է գյուղերում ենթակառուցվածքներ, աշխատատեղեր ստեղծի, որ իր տունն ու հողը լքած հայ գյուղացին Ռուսաստանում բատրակություն անելու փոխարեն վերադառնա իր ծննդավայր, ապրի, արարի, շենացնի: Նույնիսկ մեկ երեխայի համար պետք է դպրոց եւ ուսուցիչ պահել, որովհետեւ դա կնաշանակի, որ քո իշխանությոնները կարեւորում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն, որ ամեն հայ արժեք է այս երկրի համար: Հ.Գ.- Դեռ 1960-ականներին է Հրանտ Մաթեւոսյանն իր «Ահնիձոր» ակնարկում բարձրաձայնել գյուղական տնտեսությունները միավորելու աղետալի ծրագրի մասին: Մեր հարգարժան իշխանավորները պատեհ-անպատեհ առիթներով մեջբերում են Հրանտ Մաթեւոսյանին, հպարտ-հպարտ նրա անունը տալիս: Բա լավ, «Ահնիձորը» չե՞ն կարդացել: |