RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017



Տեղադրվել է` 2017-05-12 00:14:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 4668, Տպվել է` 454, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՂԱԾ ՄԻ ԿՈՂՄ ԵՐԵՎԱՆԻ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԵԿ ԽՆԴԻՐՆԵՐԸ...

Հ. ԱՖՅԱՆ

Ափսոս, որ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Անի եւ Կարս սպիտակ կաբրիոլետով չի գնացել. հետաքրքրական կլինեին... լուսանկարները: Բայց, չնայած առանց կաբրիոլետի, որով մեկ-մեկ գնում է նախընտրական երեւանյան հանդիպումների, տիկին Զարուհի Փոստանջյանն ու իր թիմի որոշ անդամներ օրերս, Երեւանի ավագանու քարոզարշավի շրջանակներում, կամՙ սրտի եւ հոգու կանչի պահանջով, գնացել էին Անի եւ Կարս: Արեւմտյան Հայաստանի քաղաքներն, ընդ որում, պատահական չէին ընտրվել: Բանն այն է, որ այդ հիմա, որ Երեւանն է Հայաստանի մայրաքաղաքը, առաջ Անին էր, Կարսն էր... Բացի այդ, տիկին Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցության կարգախոսն էՙ Դեպի Արարատ, այսինքն մարդիկ հստակ ցույց են տալիս, որ իրենց խոսքը գործ է, չնայած, ինչպես տիկին Փոստանջյանի գլխավորած ավագանու թեկնածուների ծիրանագույն ցուցակում ընդգրկված, փաստաբան Կարապետ Աղաջանյանն է ասումՙ Արարատը դեռ չենք բարձրացել, բայց կբարձրանանք:

Ի դեպ, հենց Աղաջանյանը մեկ այլ առիթով ասել է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության շատ անդամներ արմատներով Վանից են: Իսկ Վանն, ինչպես հիշում ենք, Հայաստանի մայրաքաղաքն էր ավելի վաղՙ քան եղել են Անին ու Կարսը, առաջինը: Բայց «Երկիր Ծիրանիի» անդամները չեն գնացել Վան, չնայած, եթե հասել էին Անի ու Կարս, կարող էին եւ Վան հասնել: Մյուս կողմից, Վանը ՀՀ պետական սահմանից ավելի հեռու է, քան Անին ու Կարսը, եւ եթե ԵԾ կուսակցության անդամները նաեւ Վան գնային, ապա հավանաբար չէին հասցնի նույն օրը վերադառնալ Երեւան, որտեղ էլ, եթե մոռացել են իրենք, առաջադրվել են ավագանու թեկնածու:

Ինչեւէ, այս ուխտագնացության մեջ ինձ ամենաշատը հետաքրքրեց հետեւյալը. ի՞նչ է մտածելու Երեւանի ավագանի ընտրող երեւանցի ընտրողը, երբ իմանա, որ թեկնածուներից Փոստանջյանը, ավելի հաճախ իր մոտ գալու, իր հետ խոսելու, իր խնդիրները լսելու փոխարեն, գնացել է Անի եւ Կարս, որտեղ եթե մարդիկ ապրում էլ են, ապա հիմնականում քրդեր, որոնք իրավունք չունեն մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ թուրքերն այդ իրավունքը երբեք չեն ունենա: Չէ, հաստատ կժպտա, գուցե անգամ բացականչիՙ վա՜խ, բայց ի՞նչ է մտածելու... Լավ, Անիում եւ Կարսում, անգամ Վանում մեկ օր լինելը ի՞նչ է տալու տիկին Փոստանջյանինՙ Երեւանի ընտրությունների առումով: Այլ հարց է, եթե տիկին Փոստանջյանը մայրաքաղաքի ինչ-որ բուհերից, կամ դպրոցներից խումբ կազմեր եւ ուսանողներին, աշակերտներին իր հետ տաներ Արեւմտյան Հայաստան, պապենական մայրաքաղաքներ, այդ պարագայում կարելի էր անգամ Կիլիկիա հասնել, չվախենալով, որ քարոզարշավի օր են կորցնում, քանի որ ուսանողները հաստատ ծիրանագույն տպավորություններով կգնային ընտրատեղամասՙ ընտրելու Երեւանի ավագանի, իսկ աշակերտների ծնողներըՙ ոչ պակաս ծիրանագույն երախտագիտության զգացումով: Բայց հիմա, մենակ Անի եւ Կարս գնալը, մենակ Անին եւ Կարսը տեսնելը տիկին Փոստանջյանին Երեւանի քաղաքապե՞տ է դարձնելու...

Գիտեք, հարյուր եւ արդեն 2 տարին, ըստ իս բավարար էր հասկանալու, որ Անին, Կարսը, Վանը, Արարատը գոնե այս պահին մերը չեն: Մերը Երեւանն է, Արտաշատն է, Դվինն է, Արագածն է: Ու քանի դեռ Երեւանի, Արտաշատի, Դվինի ու Արագածի շրջակայքի բնակավայրերի մարդկանց խնդիրները չեն լուծվել, այդ բնակավայրերը Անիի պես շքեղ ու Վանի պես հզոր չեն դարձել, Անին, Կարսը, Վանը, Արարատը,... երբեք էլ մերը չեն լինելու:

Ուրեմն դեռ հարկավոր չէ Անի գնալ, Անի գնալ հիմա, երբ Երեւանում շատ գործեր կան, մի տեսակ թիթիզություն է, մանավանդ, երբ հիմա Անի են գնում նրանք, ովքեր պնդում են, թե լուծելու են Երեւանի բոլոր խնդիրները:

...Ի դեպ, Անիի 1000 ու մեկ եկեղեցիների վերականգնումը չի մտնում Երեւանի խնդիրների մեջ, եթե իհարկե Երեւանի խնդրներին ծանոթ եք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ