RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-05-12 00:14:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 4170, Տպվել է` 261, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԺՀ-Ի, ԱՄՆ-Ի ԵՎ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՆԴՐԿԱՍՊՅԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ ԿՇՐՋԱՆՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Պ. Ք.

Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի «Հարավային գազային միջանցքը»

Ամերիկա-չինական հարաբերությունները հետզհետե բարելավվում են: Հատկանշական է, որ դրական տեղաշարժեր նկատվում են ոչ միայն միջազգային եւ արտաքին քաղաքականության մեջ, այլեւ ֆինանսական ոլորտում: Այսպես, նախագահ Թրամփի խորհրդատու Ջարեդ Կուշների քույրըՙ Նիկոլ Կուշներ-Մեյերը , մայիսի 6-ին Պեկինում կազմակերպված բարեգործական միջոցառման ժամանակ, որը կոչվում էր «ներդրեք 500.000 դոլար ԱՄՆ-ում եւ տարագրվեք», կոչ արեց ՉԺՀ մեծահարուստներին ներդրումներ կատարել Նյու Ջերսի նահանգի անշարժ կայքի շուկայում: Եվ այստեղ հարցը լոկ այն չէ, որ Դոնալդ Թրամփը ընտանյոք հանդերձ զբաղվում է շինարարական բիզնեսով: Վաշինգտոնը ձգտում է Պեկինի հետ ռազմավարական երկխոսություն հաստատելՙ չին բուրժուաների հավատարմությունը գնելով «EB-5» ներդրումային այցագրի միջոցով, որը թույլ կտա կապիտալ ներգրավել եւ ԱՄՆ-ին մասնակից դարձնել «Մետաքսի ճանապարհի» նախագծին:

Ճիշտ է, ամերիկացի ոչ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն են հավանություն տալիս Չինաստանում Կուշների ծավալած բուռն գործունեությանը: Բավական է հիշատակել աջ պահպանողական Breitbar News հրատարակության խմբագիր Պիտեր Շվեյցերի բացահայտումը, ով Թրամփի փեսային մեղադրում է միլիարդատեր Ջորջ Սորսի եւ Գոլդման Սաքս բանկի հետ համագործակցության մեջ: Այդ բանկը հայտնի է Լոնդոնյան Սիթիի հետ իր վաղեմի կապերով: Հետաքրքրական է, որ ԱՄՆ գանձապետարանի նոր ղեկավար Սթիվեն Մնուչինը ինքը վերջերս աշխատել է Գոլդման Սաքսի տնօրենների խորհրդում: Բայց կա եւս մեկ փաստ. Breitbart News-ի հիմնադիր Սթիվեն Բենոնը Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի գլխավոր կազմակերպիչն է եւ նրա մերձավոր խորհրդականը: Այնպես ոչ քաղաքական ջրբաժանը ուրվագծված է: Ի դեպ, երկրի առաջին դեմքի վրա գերակշիռ ազդեցություն ունենալու համար պայքարելը սովորական բան է:

Թրամփի նախընտրական ճարտասանությունը վաղուց ի դերեւ է ելել: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի լայն եւ ընդհանուր համաձայնությունը դառնում է մոտ ապագայի գործ: Այն արդեն հստակորեն նկատվում է հետխորհրդային տարածքում:

Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունը անդրադառնում է մասնավորապես Ղազախստանին եւ Թուրքմենստանին, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ այս տարվա ապրիլի 18-ին ստորագրեցին համաձայնագիր միջպետական սահմանագծման մասին: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խոսքերովՙ երկու երկրներն ունեն պատկառելի պայմանագրային բազաՙ հիսունից ավելի փաստաթուղթ: Դրանց մեջ նա հատկապես կարեւորում է Ռազմավարական գործընկերության պայմանագիրը եւ միջպետական սահմանագծման համաձայնագիրը: Այսպիսով, տարածաշրջանում Ղազախստանը եւ Թուրքմենստանը այն երկու պետություններն են, որոնք լուծել են սահմանային բոլոր հարցերը:

Աստանա-Աշխաբադ հարաբերություններում կատարված կտրուկ առաջընթացին նախորդել էր մի քանի իրադարձություն: Այսպես, ապրիլի 11-ին Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի ղեկավարները Կիեւում հանդիպել էին Անդրկասպյան տրասնպորտային երթուղու (ԱՏԵ) բեռնահոսքի ավելացման հարցը քննարկելու համար: Կողմերը պայմանավորվել էին ԱՏԵ-ի նախագծի շրջանակներում աշխատանքները շարունակել երթուղին երկարացնելու եւ մինչեւ Եվրոմիություն հասցնելու նպատակով:

Այդ մասին հաղորդում է «ԺպսՏՉՏռ ԽՈջՈւրՑՈվ» գործակալությունըՙ նշելով, որ բանակցությունների մասնակիցները մտադիր են ընդլայնել փոխադրողներին մատուցվող ծառայությունները, կիրառել «մեկ պատուհանի» սկզբունքը, առավել նպատակահարմար դարձնել եւ միասնականացնել բեռնափոխադրումների ընթացքում օգտագործվող արարողակարգերը: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումների աշխարհագրությանը, ակնհայտ է, որ որպես հիմք են ընդունվում Թուրքիայով անցնող երթուղիները, որտեղ նախատեսվում է ս.թ. հունիսին գործարկել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը: Բեռնափոխադրումները պետք է իրականացվեն նաեւ Օդեսայով:

Կիեւի հանդիպման հաջորդ օրըՙ ապրիլի 12-ին, ղազախական «Егемен Казахстан» թերթը հրատարակեց Նուրսուլթան Նազարբաեւի «Ապագայի ուղեգիծ. հոգեւոր վերածնունդ» հոդվածը, որտեղ նա բացատրում էր, թե ինչու Ղազախստանը մինչեւ 2025 թ. պետք է սլավոնական գրից անցնի լատինականին: Դա կապված է արդի տեխնոլոգիաների, միջավայրի եւ հաղորդակցությունների, ինչպես նաեւ 21-րդ դարի կրթության առանձնահատկությունների հետ:

Զգալի է դառնում նաեւ չինական գործոնը: Ներկայումս դա զգացվում է նաեւ քաղաքական ոլորտումՙ ՄԱԿ-ում:

Հատկանշական է, որ ապրիլի 13-ինՙ Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի Ղազախստան եւ Չինաստան կատարելիք այցելություններից հինգ օր առաջ այդ երկու երկրները ձեռնպահ քվեարկեցին ՄԱԿ-ի ԱԽ-ում, երբ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան առաջարկեցին բանաձեւ ընդունել սիրիական Խան-Շեյխունում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Սպիտակ տունը մարտավարական հաղթանակ էր տոնում: «Շատ կարեւոր է, որ ձեռնպահ մնաց Չինաստանը, իսկ Ղազախստանի դեպքում որոշակի դեր խաղաց Ռուսաստանի հետ նրա ընդհանուր պատմությունը, իսկ Անդրկասպյան նախագծի դեպքում նա հեռացավ Ռուսաստանից եւ միացավ ԱՄՆ-ի եւ մնացյալ աշխարհի դիրքորոշմանը», հայտարարեց ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Շոն Սպայսերը :

Վաշինգտոնի հանդեպ Պեկինի եւ Աստանայի բարյացակամությունը բացատրվում է նրանով, որ վերջին մեկ տարում Պենտագոնը Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների սահմանափակմանը միտված վճռական միջոցներ չի ձեռնարկել: 2016 թ. ՉԺՀ-ից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների ծավալը կազմեց 104,5 հազար քսանֆունտանոց համարժեք, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Իսկ մինչեւ 2020 թ. ծավալը կկազմի 800 հազար քսանֆունտանոց համարժեք: Ինչ վերաբերում է Ղազախստան-Չինաստան բեռնափոխադրումներին, դրանք 2016 թ. կազմել են ավելի քան 8 մլն տոննա, ինչը 16 %-ով գերազանցում է 2015-ի ցուցանիշը: Նախատեսվում է 2017-ին հասնել 10 մլն տոննայի բնագծին: Այնպես որ Մոսկվան հիմա այնքան էլ չի հետաքրքրում Աստանային: Պատահական չէ, որ Ղազախստանը նոր բեռնապահեստներ է կառուցում Աքթաու բնակավայրում: Աշխաբադը իր հերթին մտածում է Անդրկասպյան գազամուղի անցկացման մասին: Reuter գործակալությունը հաղորդում է Թուրքմենստանի ծովափնյա Ուզունադա բնակավայրի մոտ 7 կմ խորության վրա հայտնաբերված գազի հանքավայրի մասին: Նախնական հաշվարկների համաձայն, այնտեղ օրական հանույթը կարող է կազմել մինչեւ 500 հազար խմ գազ եւ 150 տոննա խտանյութ: Մանավանդ որ ենթակառույցը նպաստում է դրան. Թուրքմենստանի իշխանությունները Կասպից ծովում 2009 թվականից կառուցում են հեղուկ գազի խոշոր պահեստարաններ, իսկ 2007 թ. 1,5 մլրդ դոլար հատկացրին Թուրքմենբաշի քաղաքի մոտ միջազգային նավահանգստի շինարարությանը, որը ենթադրում է մարդատար, լաստանավային եւ կոնտեյներային տերմինալների առկայություն: Ապագայում դա Թուրքմենստանին հնարավորություն կտա հրաժարվել «Транснефть»-ի ծառայություններից, որի միջոցով նավթն արտամղվում է Նովոռոսիյսկ:

Աստանան եւ Աշխաբադը հույս են դնում Բաքվի վրա, որը 1990-ականների սկզբից փորձում է տնօրինել դեպի Եվրոպա ածխաջրածինների փոխադրումների Անդրկասպյան երթուղին: Տվյալ նախագծի գլխավոր օպերատորը British Petroleum կորպորացիան է, որը նախատեսում է 2018 թ. ավարտել Անդրանատոլիական եւ Անդրադրիատիկական գազամուղների վրացական հատվածի շինարարությունը: Նախագծով հետաքրքրվում են նաեւ ամերիկացիները ի դեմս Exxon Mobil եւ Chevron ընկերությունների: Ենթադրվում է, որ Անդրկասպյան գազամուղը հնարավորություն կտա ածխաջրածինները Թուրքմենստանից Եվրոպա տեղափոխել հենց Ադրբեջանով: Այդուհանդերձ Լոնդոնում նախընտրում են չհիշատակել Աշխաբադի անունը, որպեսզի բթացնեն Մոսկվայի զգոնությունը: Սակայն թուրքմենական գազի գործոնը զգացվում է. British Petroleum-ը հույս ունի, որ «Հարավային գազային միջանցքը» թույլ կտա սկզբնական փուլում դեպի Եվրոպա գազի մատակարարումը հասցնել տարեկան մինչեւ 16 մլրդ խմ-ի:

Նկատի ունենալով, որ ադրբեջանական գազի ծավալները 2015-2016 թթ. 29,2 մլրդ խմ-ից իջել են 23,1 մլրդ խմ-ի, կարելի է ենթադրել, որ Լոնդոնը հազիվ թե հույսը դնի միայն Բաքվի վրա: Պատահական չէ ապրիլին նախագահ Բերդիմուհամեդովի արտահայտած այն միտքը, թե Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ միջազգագիր կստորագրվի 2017 թ. Աստանայում կայանալիք մերձկասպյան պետությունների գագաթաժողովում: Ս.թ. մարտի 6-ին համանման տեսակետ էր արահայտել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կազմակերպված մամլո ասուլիսում: Դեռ 2016 թ. հուլիսին Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը հայտարարել էր, որ նախատեսվում է միջազգագիր ստորագրել Կասպից ծովի կարգավիճակի մասին:

Ներկա իրավիճակում տուժում է միայն Ռուսաստանը, որին ԱՄՆ-ը եւ Չինաստանը Սիրիայից դուրս են մղում ի նպաստ թուրքական տրանսպորտային միջանցքի: Մոսկվան, իհարկե, չպետք է անուշադրության մատնի այդ վտանգավոր զարգացումները, ընդգծում է «Ռեգնում» գործակալությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ