RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



Տեղադրվել է` 2017-09-29 15:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 15704, Տպվել է` 2476, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԳԱՅԼԸ

Հ. ԱՖՅԱՆ

Վանաձորում կանգնեցրել են Պուտինի արձանը, սովորական չէ, ստվարաթղթից: Բայց այնքան տպավորիչ, որ անգամ BBC-ն հոդված է գրելՙ «Ինչպես Պուտինը հայտնվեց Հայաստանի խաղահրապարակներից մեկում» վերնագրով:

Ուրեմն ասեմ, թե ինչպես հայտնվեց: 1990-ականներին Տիգրան Ստեփանյանը, որը հիմա Վանաձորի մանկական խաղահրապարակի սեփականատերն է (ըստ ասեկոսեների, Վանաձորի մանկակական խաղահրապարակը բացի սեփականատերից ունի նաեւ գործադիր տնօրեն, տնօրինության խորհուրդ, բաժնետերեր, առանձին վարչություններՙ իրենց պետերով, ու երկու քարտուղարուհի եւ մեկ հավաքարարՙ մեկ օգնականով), ապրում եւ աշխատում էր Մոսկվայում: Օրերից մի օր, երբ հավանաբար աշխատավարձ է ստացած լինում, նա որոշում է մի քիչ զբոսնել քաղաքում եւ գնում է հանրահայտ Արբատ փողոցը: Հենց այնտեղ էլ տեսնում է Գորբաչովին, իրական չէ, արձանը, սովորական չէՙ ստվարաթղթից: Հետաքրքրասեր Տիգրանը մոտենում է ԽՍՀՄ նախագահին ու ցանկություն հայտնում լուսանկարվել հետը: Գորբաչովի սեփականատերն էլ նրան ասում է, որ կարելի է, բայց 25 ռուբլով: Տիգրանն էլ հանում է գրպանից 25 ռուբլին ու նկարվում Գորբաչովի հետ:

Հետո Տիգրանը մտածում է ոչ թե 25 ռուբլին իզուր վատնելու մասին, այլ նման մի բիզնես Հայաստանում դնելու շուրջ: Մի քանի տարի էլ Մոսկվայում մնալուց, կարգին փող աշխատելուց հետո Տիգրանը վերադառնում է հայրենիք ու ձեռք է բերում Վանաձորի մանկական խաղահրապարակը (գուցե կառուցում է, հայտնի չէ): Հետո նա հիշում է Գորբաչովին, բայց քանի որ ԽՍՀՄ նախագահն այլեւս նորաձեւ ու եկամտաբեր չէ, որոշում է, որ իր սեփական խաղահրապարակում պետք է լինի ստվարաթղթե Պուտինը: Որոշում է եւ անում: Բայց քանի որ Տիգրան Ստեփանյանը մեծ քաղաքականության մեջ կոմպլիմենտարիզմի կողմնակիցն է, Պուտինի կողքին տեղադրում է նաեւ ԱՄՆ նախկին նախագահ (այն ժամանակ գործող) Բարաք Օբամային, կրկինՙ ստվարաթղթից: Ինչպես Աստվածՙ Երկրի ստեղծման յուրաքանչյուր օրվա ավարտին, այնպես էլ Տիգրանը, վերջում նայում է իր ստեղծագործությանը եւ ասումՙ բարի է: Հետո խաղահրապարակ են գալիս երեխաները ու խաղում են Պուտինի ու Օբամայի հետ: Վերջիններս էլ, քանի որ հայերեն չեն հասկանում ու երբեք էլ չեն հասկացել, լուռ կագնած են մնում: Տիգրանը պատմում է, սակայն, որ երեխաները ոչ միայն խաղում են Պուտինի հետ, այլեւ նկարվում են հետը, հասկանալի էՙ փողով, հավանաբար 25 ռուբլուն համարժեք դրամով: Ավելինՙ խաղահրապարկ եկած զբոսաշրջիկները, օրինակ Իտալիայից, Տիգրանի վկայությամբ նույնպես մեծ ոգեւորությամբ լուսանկարվում են ՌԴ նախագահի հետ: Տիգրանը սկսում է Պուտինի օգնությամբ փող աշխատել:

Բայց մի օր, վաղ առավոտյան, երբ Տիգրանը գալիս է իր սեփական խաղահրապարակը, զարմանքից ու զայրույթից քարանում է: Նա տեսնում է Պուտինին, բայց Օբաման չկա: Ավելի մոտենալով հայտնաբերում է, որ Օբամային պատռել են: Հետաքննությունը պարզում է, որ ԱՄՆ նախագահին պատռել են մի խումբ վանաձորցիներ, որոնք ալկոհոլի ազդեցության տակ գիշերը եկել են մանկական խաղահրապարկ ու դոլարի կուրսի տատանման հետ կապված իրենց ողջ զայրույթը թափել պարոն Օբամայի վրա:

Հիմա Վանաձորի մանուկներիՙ Տիգրան Ստեփանյանի սեփական խաղահրապարակում, նախագահներից միայն Պուտինն է մնացել, հավանաբար այդպես ավելի ճիշտ էլ է, անշուշտ ռազմավարական նկատառումներից ելնելով: Բայց Պուտինը խաղահրապարակում մենակ չէ, նրա կողքին կանգնած է ստվարաթղթե Գայլըՙ «Դե սպասիր» հայտնի մուլտից:

Պուտինի հետ լուսանկարվել ցանկացող երեխաները, սակայն, ավելի շատ են, քան գայլի հետ ցանկացողները, բայց սաՙ իմիջիայլոց: Կարեւորն այն է, որ Վանաձորի մանկական խաղահրապարակում Պուտինը մենակ չէ, նրա կողքին է գայլը, որն ասում էՙ «դե սպասիր»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ