ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ... ՈՒՍՏԻ ՊՍԱԿՎՈՒՄ Է Թբիլիսիում տեղի ունեցած շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթեց Լեւոն Արոնյանը: Եզրափակիչում Արոնյանը չորս դասական պարտիա խաղաց չին Դին Լիժենի հետ, սակայն բոլորն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Թայ-բրեյքում Արոնյանը երկու պարտիայում էլ հաղթեց չին գրոսմայստերինՙ հռչակվելով գավաթակիր: Ի դեպ հայ շախմատիստը երկրորդ անգամ է նվաճում հեղինակավոր մրցանակը. Արոնյանը Աշխարհի գավաթի առաջին խաղարկության դափնեկիրն է նաեւ ու միակ շախմատիստը, ով հաղթել է այս մրցաշարում երկու անգամ: Այսպիսով Լեւոն Արոնյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք, որը կանցացվի եկող տարվա մարտինՙ Բեռլինում: Շաբաթավերջին էլ Արոնյանն ամուսնանում է ֆիլիպինուհի Արիանայի հետ: Զույգը 11 տարի միասին է, Արիանան Լեւոնի կողքին էր նաեւ Թբիլիսիում: Ինչպես ասել է Լեւոնը, Թբիլիսիում հաղթանակից հետոՙ «Հիմա ժամանակն է հանգստանալ շախմատից եւ հաճույք ստանալ կյանքից»: |