RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-09-29 15:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 14757, Տպվել է` 2027, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԵՎ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. միջազգային անվտանգության եւ էներգետիկ շխարհաքաղաքականության մասնագետ

Հեռավոր 1916թ. մայիսի 16-ին կնքված հայտնի Սաքս-Պիկոյի համաձայնագիրը վերջնականապես դադարում է գործել. այդ պայմանագրի վերջը տվեցին քրդերը սեպտեմբերի 25-ին կայացած հանրաքվեի արդյունքներով: Ինչպես հայտնի է, Իրաքի քրդական շրջանների ղեկավարության որոշմամբ այդ ինքնավարությունը հանրաքվեով հայտարարեց իր անկախության մասին: Չնայած շատ մասնագետներ պնդում են, որ դա դեռ չի նշանակում, որ Քրդստանը վերջնականապես կանկախանա, սակայն քվեարկության արդյունքները` մոտ 93% կողմ արդյունքով, ապացուցեցին, որ այդ տարածաշրջանի քուրդ բնակչությունը վճռական է տրամադրված անկախության հասնելու իր ձգտման մեջ եւ ոչ ոք այլեւս չի կարող այն հաշվի չառնել:

Հիշեցնենք, որ Սայքս-Պիկոյի համաձայնագրով Օսմանյան կայսրության արաբական տարածքները բաժանվեցին ազդեցության գոտիների Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ: Հետագայում այդ տարածքների մի մասի վրա ստեղծվեցին պետական միավորներ` Սիրիան եւ Իրաքը, որոնք էլ համապատասխանաբար հայտնվեցին Ֆրանսիայի եւ Բրիտանիայի ազդեցության ներքո: Ստեղծված այդ պետական միավորները արհեստական էին եւ միավորում էին սուննի, շիա ու քուրդ բնակչությանը, որոնց հարաբերությունները միշտ չէ, որ աչքի էին ընկնում բարիդրացիությամբ: Ինչեւէ, չնայած արհեստական պետական այդ միավորումները շատ խոցելի էին, սակայն դրանք գոյատեւեցին մոտ 100 տարի եւ արդեն 21-րդ դարասկզբին ի հայտ եկած քաղաքական ճգնաժամերը պատճառ հանդիսացան պետությունների` Սիրիայի եւ Իրաքի քայքայմանը: Հասկանալի է, որ այդ քայքայմանը ակտիվ կերպով նպաստեցին բոլոր այն տերությունները, որոնք իրենց պարտքն էին համարում ակտիվ կերպով խառնվել այդ պետությունների ներքին գործերին:

Այստեղ կարեւոր է շեշտել, որ Սայքս-Պիկոյի համաձայնագիրը գաղտնի էր եւ այն հրապարակեցին բոլշեւիկները Ռուսաստանում իշխանությունը վերցնելուց հետո: Այդ համաձայնագրի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ կողմերը` Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան դեմ էին ոչ միայն քրդական, այլեւ հայկական պետության ստեղծմանը: Նրանք այդ պետությունների ստեղծումը դիտարկում էին որպես սպառնալիք իրենց տարածաշրջանային շահերին: Ինչեւէ, այդ համաձայնագիրը գործեց ուղիղ 101 տարի եւ փաստորեն դադարեց գործել քրդերի կողմից կազմակերպված հանրահավաքի արդյունքում, երբ անկախ միջազգային հիմնական խաղացողների կողմից, դրա արդյունքների ճանաչման խնդրից, կարող ենք փաստել, որ Իրաք պետությունը որպես մեկ միասնականություն այլեւս դադարում է գործել, եւ քրդական խնդիրը քաղաքական-էթնիք գործոնից վերածվում է քրդական պետության եւ բացառված չէ, որ այն կարող է վերածվել նաեւ քրդական... հակամարտության:

Եվ այսպես, քրդերը փոխում են ռազմաքաղաքական այն հավասարակշռությունը, որը Սայքս-Պիկոյի համաձայնագրով ձեւավորվել էր տարածաշրջանում, չնայած մասնագիտական շրջանակների համար միշտ էլ պարզ էր, որ այն երկար կյանք չի կարող ունենալ, սակայն միաժամանակ հասկանալի էր, որ նմանատիպ համաձայնագրերի խախտումը վաղ թե ուշ կարող է հանգեցնել քաղաքական խորը ճգնաժամի եւ ռազմական գործողությունների ծավալման այդ շրջաններում: Քրդստանի անկախության հանրաքվեն Իրաքի համար կատարվեց այդ պետության համար ծանր մի շրջանում, երբ, չնայած Մոսուլի ազատագրմանը, պետության մի մասը դեռ գտնվում է, այսպես կոչված, «Իսլամական պետության» ահաբեկիչների վերահսկողության ներքո, հետեւաբար Բաղդադի համար առավել քան ծանր է սկսել հակամարտություն պետության ներսում այս անգամ քրդերի հետ, երբ դեռ չլուծված հակամարտություն կա ահաբեկիչների հետ:

Այս իրավիճակը շատ լավ հասկանում են նաեւ քրդերը, որոնք հենց այս պահին են ձեռնարկում անկախության իրենց հանրաքվեն, երբ Բաղդադը հնարավորինս թուլացած է եւ որ դիմադրել անկախական այս շարժմանը նա չի կարող, բացի այդ այս թուլությունը Էրբիլին հնարավորություն է տալիս վերահսկողություն հաստատել Քրդստանի ինքնավարության պաշտոնական սահմաններից դուրս գտնվող տարածքների նկատմամբՙ մասնավորապես Քիրքուկի: Նավթով ու գազով հարուստ այդ տարածաշրջանը նաեւ անվտանգային նշանակություն ունի պաշտոնական Էրբիլի համար:

Քրդերը իրենց գոյությունը եւ հետագա զարգացումը տեսնում են նավթի ու գազի արդյունահանման ու վաճառքի միջոցով, հետեւաբար նրանց համար ռազմավարական նշանակություն ունի պաշտոնական Քրդստանի սահմաններից դուրս գտնվող նավթագազային շրջանների նկատմամբ վերահսկողությունը: Դեռ մինչեւ հանրաքվեն, քրդերը ձեռնարկել էին այդ տարածքների նավթի ու գազի արդյունահանման շուրջ պայմանագրերի կնքումը աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունների հետ: Ամենախոշոր պայմանագիրը կնքվեց նավթային հսկա ամերիկյան Էքսնմոբիլ (ExxonMobil) ընկերության հետՙ հետագայում այդ տարածքի էներգակիրների շահագործման մասին, շրջանցելով պաշտոնական Բաղդադը, պայմանգրեր կնքվեցինՙ ֆրանսիական Տոտալ (Total), Արաբական Միացյալ էմիրությունների պետական ՏԱՔԱ (TAQA) ընկերության, ռուսական Գազպրոմ Նեֆթ եւ այլ ընկերությունների հետ, որոնք իրենց գործունեությամբ ներկայացնում են ոչ միայն բիզնեսը, այլեւ այդ ընկերությունների թիկունքում գտնվող պետությունների քաղաքական շահերը: Անկախության ձգտող քրդերը մասամբ նաեւ այս ընկերությունների ու դրանց թիկունքում կանգնած պետությունների աջակցությունն են ակնկալում, հուսալով, որ վերջիններս կպաշտպանեն այդ ընկերությունների ներդրումները Քրդստանի տարածքում:

Ինչեւէ, տարածաշրջանում սկիզբ առած ռազմաքաղաքական հավասարակշռության խախտումը նոր երանգներ է ձեռք բերում եւ Քրդստանի անկախ պետության ի հայտ գալը հարվածում է հարեւան բոլոր երկրների քաղաքական ու անվտանգային շահերին: Սա նշանակում է, որ ռազմաքաղաքական այս հանգույցը կարող է «լուծվել» կա՛մ ռազմական միջամտությամբ, կա՛մ մեծ տերությունների կողմից Քրդստանին տրվելիք անվտանգության որոշակի երաշխիքների միջոցով: Մինչ այս պահը կողմերը չունեն հստակ դիրքորոշում այս հարցում, սակայն սա չի նշանակում, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը զերծ կմնան այս գործընթացից, քանի որ հասկանալի է, որ վերականգնել Իրաքի ամբողջականությունը այլեւս հնարավոր չէ: Վերջիններս չեն կարող թույլատրել նաեւ Թուրքիայի ռազմական ներխուժումը տարածաշրջան, քանի որ այն կհարվածի նաեւ իրենց հեղինակությանը, եւ բացի այդ, ի հայտ եկող քաղաքական նոր խաղացողը կարող է վճռական նշանակություն ունենալ տարածաշրջանում իրենց քաղաքական դիրքերի ամրապնդման համար ընթացող պայքարում:

Իրադարձությունները Քրդստանի շուրջ նոր-նոր են սկսում զարգանալ: Թուրքիայի փորձերըՙ խեղդել այս անկախությունը, գնալով միայն կաճի: Հիշեցնենք, որ Քրդստանի նավթը եւ գազը արտահանվում է հիմնականում Թուրքիայի տարածքով եւ ընդհանրապես արտաքին առեւտրի առյուծի բաժինը անցնում է քուրդ-թուրքական սահմանով, հետեւաբար այս սահմանի փակումը լուրջ հարված կլինի Քրդստանի տնտեսական շահերին: Սակայն ակնհայտ է, որ քրդերը հետ քայլ կատարել չեն պատրաստվում, ինչն էլ ավելի կսրի իրավիճակը տարածաշրջանում, բացի այդ, սրվող հակասությունը կանցնի արդեն բուն Թուրքիայի տարածք, որտեղ կարող են ակտիվանալ քրդական Բանվորական կուսակցության (PKK) մարտիկների հարձակումները թուրքական զորամիավորումների դեմ:

Այսինքն, հնարավոր զարգացումների սցենարները այստեղ լավատեսական չեն, եւ քրդերը, կարելի է ասել, իրենց քվեարկությամբ բացել են Պանդորայի արկղը, ինչը կարող է հանգեցնել երկարատեւ արյունալի բախումների, հիմնականում քրդերի ու թուրքերի միջեւ: Տարածաշրջանը կարիք ունի ռազմաքաղաքական հավասարակշռության նոր մոդելի, որի կառուցվածքը պարզ կլինի միայն թուրք-քրդական բախումների հետեւանքով ձեւավորված ռազմաքաղաքական բալանսի վերլուծության արդյունքում: Ու ամբողջ հարցը այստեղ այն է, թե այս նոր հավասարակշռության համակարգում ինչ տեղ է զբաղեցնելու Հայաստանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ