RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ

Տեղադրվել է` 2017-09-29 15:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 8313, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԶՐԱՍ ՍՐԲԱԶԱՆ. «300 ՏԱՐԻ ՌՈՒՍԱՑ ԵՐԿՐՈՒՄ. Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ, ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄԵՐ ՆԵՐԿԱՆ ԵՎ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՓՈԽԱՆՑԵՆՔ ԳԱԼԻՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Օրերս Մոսկվայում` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի 300-ամյակին նվիրված միջազգային երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում էին շուրջ 60 հայագետներ, պատմաբաններ, աստվածաբաններ, արվեստագետներ եւ մշակութաբաններ` Հայաստանից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Համաժողովի ընթացքում քննարկվեցին Ռուսաստանում Հայ եկեղեցու թեմի հիմնադրման, ազգային-եկեղեցական, գիտական, գրական ու մշակութային կյանքում ունեցած դերի մասին հարցերը:

Միջոցառումը մեկնարկեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի բացման խոսքով:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը գիտաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին բերեց հայրապետական իր օրհնությունն ու պատգամը. «Անգնահատելի գոհունակությամբ ենք անդրադառնում, որ մեր ժողովրդի կյանքում դերակատարություն ունեցած Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի պատմական այս թեմը թեւակոխում է իր հոբելյանական 3-րդ հարյուրամյակը: Մեր ժողովրդի հավատավոր եւ ազգասեր զավակների ջանքերով այստեղ կառուցվել են հայկական եկեղեցիներ, ստեղծվել մեր ազգային դպրության ու լուսավորության, գիտության ու մշակույթի նշանավոր կենտրոններ ու հաստատություններ: Ռուսիո օրհնյալ տերության հովանու ներքո ապրող մեր ժողովրդի զավակները, հասնելով մեծ հաջողությունների, նաեւ իրենց բարի ավանդն են բերել երկրի պետական, հասարակական ու տնտեսական կյանքին, ռազմական փառքին, գիտությանը ու մշակույթի զարգացմանն ու առաջընթացինՙ զորացնելով եղբայրական սերը հավատակից հայ եւ ռուս ժողովուրդների»:

Աղոթելով երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման եւ Հայաստանի ու Ռուսաստանի փոխհարաբերությունների եւ գործակցության արգասավորման համար` Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված Իր Սուրբ Աջով օրհնի Հայոց թեմի եկեղեցանվեր, հայրենաշեն ու ազգանպաստ բոլոր բարի ջանքերն ու իրագործումները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան տիար Վարդան Տողանյանը:

Գիտաժողովին զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Երկօրյա գիտաժողովը կազմակերպվել էր թեմի Հայագիտական կենտրոնի կողմից` համագործակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայաստանի Ազգային արխիվի, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան եւ Մոսկվայի մարզի գլխավոր արխիվային վարչության:

Միջոցառման ընթացքում Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «Ազգ»-ի թղթակցի հետ զրույցում մասնավորապես նշեց. «Մեծագույն շնորհ ու պարգեւ է յուրաքանչյուր հայ քրիստոնյա մարդու համար, եւ առավել եւս` եկեղեցու սպասավորի, որ արժանացել է մասնակիցը դառնալու պատմական այսպիսի հոբելյանական միջոցառման, երբ թեմը, եկեղեցին, նշում է իր առաքելության 300-ամյակը` Ռուսաստանի օրհնյալ հողի վրա: 300 տարին, անշուշտ, դարերի հոլովույթի մեջ կարճ ժամանակաշրջան է, առավել եւս` ավելի քան 1700-ամյա մեր սուրբ առաքելահաստատ եկեղեցու առաքելության մեջ: Բայց այնուհանդերձ, սա անբաժան մասնիկն է մեր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության: Եվ մենք չէինք կարող չօգտվել այս պատմական առիթից եւ անդրադարձ չկատարել, թե ինչպիսին է եղել մեր անցյալը Ռուսաց երկրում, ինչպիսին է մեր ներկան, ուր ենք հասել այսօր եւ ինչ պետք է փոխանցենք գալիք սերնդին: Ռուսաստանում Հայ Եկեղեցու թեմի ստեղծման հոբելյանական տարին մեզ համար մի նոր պատմական սկիզբ է դեպի ապագան: Իսկ ապագայի անելիքներն ու ծրագրերը շատ են, որոնց մի զգալի մասը լիահույս ենք կյանքի կոչել մոտ առաջիկայում: Արդեն բավականին աշխատանքներ ենք տարել մեր Սուրբ Պայծառակերպության եկեղեցու տարածքում 7-ից 11-րդ դասարանների աշակերտների համար վարժարան հիմնելու նպատակով: Վարժարան կհաճախեն շնորհալի երեխաներ` առանց ազգային խտրականության, ուսուցումը կտարվի ռուսերեն, կդասավանդվեն հայոց լեզու եւ գրականություն, կրոնի պատմություն եւ հայ ժողովրդի պատմություն: Երախտագիտությամբ ուզում եմ նշել, որ վարժարանի ուսուցման գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Երեւանի մանկավարժական համալսարանը` հայոց լեզու, գրականություն եւ մանկավարժություն առարկաների գծով: Մեր ուսուցողական ծրագիրն այսքանով չի սահմանափակվում. եկեղեցու տարածքում մտադիր ենք հիմնել նաեւ ճեմարան, որը կշարունակի հայոց պատմության ընթացքում մեր ունեցած ճեմարանների փառավոր ավանդույթները: Մեր եկեղեցին բազմաթիվ նվիրյալներ ու հավատարիմ բարեկամներ ունի, որոնցից այսօր ցանկանում եմ առանձնացնել Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին: Նա մասնագիտությամբ պատմաբան է, հիանալի մասնագետ եւ լավ մարդ, որ մշտապես համագործակցում է եկեղեցու հետ եւ պատրաստակամ է աջակցելու մեզ...»:

Պրպտուն միտք ունեցող, մշտապես հետաքրքրական ու ինքնատիպ մտահղացումների տեր մարդ է Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Երկար տարիներ բնակվելով Ռուսաստանում եւ հետեւելով նրա հայապահպան գործունեությանը` կարող եմ ասել, որ Եզրաս սրբազանն ամենուրեք անգերազանցելի է եւ ունիկալ: Շարունակելով եւ զարգացնելով Հայ առաքելական եկեղեցու ավանդույթները` նա կարողանում է իր շուրջը հավաքել մարդկանց, նրա մեծ հավատը հուսադրում է բոլորին` նորանոր գործերի լծվելուՙ ի բարօրություն մեր ազգի ապագայի...

Այդպես եղավ նաեւ տարիներ առաջ, երբ Մոսկվայի կենտրոնում հայերիս տեսադաշտում վեհորեն հառնեց Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցին: Վեհություն եւ հանդիսավորություն հաղորդող եկեղեցին կառուցվել ու կյանքի է կոչվել առավելապես Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գործադրած հերոսական ջանքերի եւ Ռուսաստանում ապրող մեկենասների աջակցությամբ: Իսկ 2001 թվականից ի վեր, Տեր Եզրասի պաշտոնավարության սկզբից մինչեւ օրս Ռուսաստանի տարբեր մասերում կառուցվել են երկու տասնյակից ավելի եկեղեցիներ, որոնք մեր տարագիր հայրենակիցներին ճշմարիտ ու ազգապահպան հավատի շուրջ համախմբելու յուրօրինակ փարոսներ են: Իսկ ամենալուսատու փարոսը, թերեւս, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմն է, որ արդեն երեք հարյուրամյակ իր շուրջն է համախմբում մեր հայրենակիցներին: Հարատեւություն ենք ցանկանում Աստծո այս լուսատու օրրանին եւ անսպառ ուժ ու եռանդ` նրա ազնիվ, հայրենասեր եւ հավատավոր սպասավորներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ