ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ՎԵՐՋԱՊԵՍ (Quousque tandem) ՆԱԶԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2016թ. մայիսին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը «Հայ կրոնաեկեղեցական բառապաշարը եւ նրա պատմական զարգացումը» դոկտորական ատենախոսության համար «Ս.Պապիկյանին բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի վկայագիր հանձնելու մասին 019 մասնագիտական խորհրդի միջնորդությունը» մերժել էր «հետեւյալ հիմնավորմամբ. Ս. Պապիկյանի ատենախոսության մեջ փոխառված են հատվածներՙ առանց հեղինակներին եւ աղբյուրները նշելու»: 2017թ. ապրիլին երկրորդ անգամ հրապարակային պաշտպանության ներկայացված «Հայ կրոնաեկեղեցական բառապաշարը եւ նրա պատմական զարգացումը» դոկտորական ատենախոսությունը 2017թ. հունիսին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերադարձրել էրՙ դոկտորական ատենախոսության վերաբերյալ ԲՈՀ -ի ստացած նյութերը խորհրդում ստեղծվելիք հանձնաժողովում «ուսումնասիրելու եւ կարծիք ներկայացնելու խնդրանքով»: Եվ ահա կարծիքի անաչառությունը ստուգելու համար մասնագիտական խորհրդի նախագահ պարոն Լավրենտի Հովհաննիսյանի կազմած «մասնագիտական հանձնաժողովը ԲՈՀ-ի տրամադրած նյութերի ուսումնասիրության հիման վրա....դոկտորական ատենախոսության մեջ արձանագրել է հըղումների բացակայության փաստը»ՙ փաստորեն հաստատելով, որ կրկին «ատենախոսության մեջ փոխառված են հատվածներՙ առանց հեղինակներին եւ աղբյուրները նշելու»: 2017թ. սեպտեմբերի 11-ին «Հայ կրոնաեկեղեցական բառապաշարը եւ նրա պատմական զարգացումը» դոկտորական ատենախոսությունը երրորդ անգամ ներկայացվեց մասնագիտական խորհրդի քննարկմանը: Ըստ մասնագիտական խորհրդի նախագահ պարոն Լավրենտի Հովհաննիսյանիՙ ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Լ.Ս. Արզումանյանին ուղղված գրությանՙ «Ատենախոսը ներկայացրեց իր կատարած փոփոխություններըՙ ըստ հանձնաժողովի արած առաջարկների: Այնուհետեւ ելույթ ունեցավ բ.գ.թ. Ն.Հովհաննիսյանը, որը ներկայացրեց իր դիտարկումները ատենախոսության վերաբերյալ: Քանի որ ելույթը բավական ընդարձակ էր, եւ ատենախոսը հանպատրաստից չէր կարող պատասխանել ելույթի մեջ եղած բոլոր նկատառումներին, գիտխորհրդի անդամների կողմից (Յու.Ս.Ավետիսյան, Գ.Կ.Խաչատրյան) առաջարկվեց ընդհատել քննարկումը եւ ժամանակ տալ ատենախոսինՙ ծանոթանալու եւ պատասխանելու ելույթի մեջ եղած դիտարկումներին: Այս առաջարկը գիտխորհրդի անդամների կողմից ընդունվեց միաձայն»: Խնդիրն այն է, որ Ն.Հովհաննիսյանի ելույթում բացարձակապես ոչ մի նորություն չկար, որին տեղյակ չլիներ ատենախոսը, քանի որ Ն.Հովհաննիսյանի ելույթը մինչ այդ քննարկումը ԲՈՀ ուղարկված նրա կարծիքների ամփոփումն էր: Իսկ Ն. Հովհաննիսյանն առաջին կարծիքում գրել էր. «Հայերենի կրոնաեկեղեցական բառապաշարին եւ նրա պատմական զարգացմանը վերաբերող սույն ատենախոսության ներածության մեջ նշվում է, որ «Կրոնին, նրա պատմությանը, կրոնադավանաբանական զանազան հարցերի նվիրված են բազմաթիվ աշխատություններ, սակայն այդ բնագավառին վերաբերող տերմինների համակարգված լեզվաբանական (Sic) քննություն կատարվում է առաջին անգամ»: Ատենախոսության կառուցվածքից ելնելով` «առաջին անգամ համակարգված լեզվաբանական (Sic) քննությունը» սույն ատենախոսության մեջ «կատարվել է» հետեւյալ ձեւովՙ հայերենի (հին, միջին, արդի) բառարաններից (արմատական, ստուգաբանական, բացատրական, բարբառային), որոշ գիտական աշխատություններից, առանձնացվել եւ դուրս են գրվել` ա) կրոնաեկեղեցական բառապաշարին վերաբերող բառերը, բ) կրոնաեկեղեցական բառապաշարին վերաբերող բառերի ստուգաբանությունները, գ) կրոնաեկեղեցական բառապաշարին վերաբերող բառերի իմաստները. կրոնաեկեղեցական բառապաշարին վերաբերող բառերի բառիմաստների փոփոխությունները նույնպես տրվել են ըստ բառարանների: Այսինքնՙ դարձյալ ելնելով ատենախոսության կառուցվածքից ` կարելի ասել, որ ատենախոսը, «համակարգված լեզվաբանական (Sic) քննություն» ասելով, հասկանում է բառարաններից եւ որոշ գիտական աշխատություններից բառերը հավաքելը եւ մեկտեղելը, մեզանում արդեն իսկ ըստ ծագման եւ փոխատու լեզուների դասակարգված այդ բառերը ըստ ծագման եւ փոխատու լեզուների ներկայացնելը: Մինչդեռ կրոնաեկեղեցական տերմինների համակարգված քննությունը ենթադրում էր, որ առաջին հերթին պետք է տրվեր կրոնաեկեղեցական տերմինների դասակարգումը, եւ բացահայտվեին համակարգային կապերը նրանց միջեւ: Դասակարգումն էլ պետք է ունենար մոտավորապես հետեւյալ տեսքըՙ ա) ընդհանուր հասկացություններ եւ գաղափարներ, բ) կազմակերպություններ (հաստատություններ), գ) պաշտամունքային շինություններ, դ) պաշտամունքի օբյեկտներ, ե) դավանաբանական տերմիններ եւ այլն, եւ այլն, եւ այլն: Ատենախոսության մեջ կրոնաեկեղեցական տերմինահամակարգ, իբրեւ այդպիսին, չի երեւում: Արդյո՞ք «առաջին անգամ» այսպիսի «համակարգված լեզվաբանական (Sic) քննություն» կատարելը բավարարում է դոկտորական ատենախոսությանը ներկայացվող կարեւորագույն պահանջը. ըստ «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ի 8-րդ կետիՙ «Դոկտորի գիտական աստիճանի.... հայցման համար ներկայացված ատենախոսությունն աշխատություն է, որը կարող է գնահատվել իբրեւ էական նվաճում գիտության տվյալ բնագավառում կամ գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական, տեխնոլոգիական այնպիսի լուծում, որը հիմնավորապես կնպաստի գիտատեխնիկական առաջընթացին»: Դատելով ս.թ. սեպտեմբերի 11-ի քննարկման ժամանակ մասնագիտական խորհըրդի անդամների արձագանքից` մասնագիտական խորհուրդը մինչ օրս էլ տեղյակ չէ, թե ինչու է առաջին անգամ մերժվել մասնագիտական խորհրդի միջնորդությունը. խնդիրն այդպես էլ չի քննարկվել մասնագիտական խորհրդում: Եվ փաստորեն ատենախոսը պետք է չորրորդ անգամ հայցի դոկտորի գիտական աստիճանՙ մասնագիտական խորհրդին խնդրելով իր ատենախոսությունը գնահատել իբրեւ էական նվաճում գիտության տվյալ բնագավառում: Խնդիրը, սակայն, նաեւ այն է, որ մասնագիտական հանձնաժողովի կարծիքին ծանոթանալու հնարավորություն ընձեռվեց միայն մասնագիտական խորհրդի քըննարկումից հետո (ատենախոսությունը քննարկելու օրը այն չկար ատենախոսի անձնական գործում. չգիտես ինչու, այն հիմնավորապես գաղտնի էր պահվում), եւ պարզվեց, որ մասնագիտական խորհրդի նախագան պարոն Լավրենտի Հովհաննիսյանի կազմած հանձնաժողովիՙ «Ս.Պապիկյանի «Հայ կրոնաեկեղեցական բառապաշարը եւ նրա պատմական զարգացումը» դոկտորական ատենախոսության վերաբերյալ ԲՈՀ-ի տրամադրած նյութերի մասին» կարծիքում փաստերը խեղաթյուրվել, կեղծվել են: Ամենազավեշտալին էլ ի պատասխան ԲՈՀ-ի տրամադրած նյութերի Բ կետում նշված «Բ. Ատենախոսության հետեւյալ հատվածները չեն տարբերվում բառարաններում առկա բառահոդվածների նյութերից (Հ.Աճառյանի «Հայերեն արմատական», Գ. Ավետիքյանի, Խ. Սյուրմելյանի, Մ. Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», նաեւ այլ. երբեմն ատենախոսը հղում է, երբեմնՙ ոչ): Ստորեւ ներկայացվող «բառահոդվածների» բոլոր նախադասություններից հետո ատենախոսության մեջ նշվում է, թե որ բառարանից են դրանք» հատվածիՙ հանձնաժողովի կարծիքի մեջ 16 ենթակետերի համար արձանագրվածն էՙ «Բոլոր հղումները կան»: Թվում էՙ կարիք չկար մանրամասնելու ԲՈՀ-ի տրամադրած նյութերի վերն առանձնացված հատվածը, սակայն, ինչպես հուշում է «Բոլոր հղումները կան» ձեւակերպումը, հարկ է մանրամասնել, որ վերն արձանագրվածը նշանակում էՙ ատենախոսության եւ հղված բառարանների բառահոդվածները նույնն են, այսինքնՙ ատենախոսության այդ հատվածները մեղմ ասելու դեպքում փոխառվել են, իսկ կոպիտ արտահայտվելու դեպքումՙ արտագրված են բառարաններից, եւ բնականաբար նաեւ հարց է ծագում, թե որն է բառարաններից հղումներով արտագրելու իմաստը: Եվ ուրեմն այս դեպքում այս հատվածի առնչությամբ արտագրության փաստը, ինչպես ասում են, «բաց է մնում», քանի որ հենց հանձնաժողովի կարծիքի մեջ է նշվում, որ «Բոլոր հղումները կան», «Բոլոր նախադասությունները հղումներ ունեն»: Հանձնաժողովի կարծիքի մեջ առկա մյուս ձեւակերպումներից էլ պարզ է դառնում, որ պետք է մանրամասն բացատրել բոլոր «դիտողությունները», որովհետեւ փաստորեն հանձնաժողովի կարծիքին ծանոթանալիս այնպիսի տպավորություն է ձեւավորվում, որ «դիտողությունները» խմբագրական եւ տեխնիկական բնույթի են (այդ ձեւակերպումները հնչեցին նաեւ մասնագիտական խորհրդիՙ սեպտեմբերի 11-ի քննարկման ժամանակ): Եվ ուրեմն ըստ կարգիՙ ա) Ըստ ԲՈՀ-ի տրամադրած նյութերիՙ ատենախոսության 15-րդ էջի «Աղօթքը միջնադարյան մեկնություններում տարբեր կերպ է մեկնաբանվել: Այսպես` Գրիգոր Տաթեւացին աղոթքի սրբությունները երեքն է համարում` ձեռքերի, լեզվի եւ սրտի: Ըստ նրա` ձեռքերի սրբությունը այն է, որ դրանք մաքուր պահեն արյունից, լեզվի սրբությունն այն է, որ պետք է Աստծուն աղոթել առանց բարկության եւ աղաղակների, իսկ սրտի սրբությունը աղոթքի ժամանակ սերն է առ Աստված» հատվածը «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանից է փոխառված (էջ 40), այնինչ ատենախոսության մեջ տրվում է հղումՙ «Գ. Տաթեւացի, Գիրք հարցմանց, Կոստանդնուպոլիս, 1729... էջ 620»: Հանձնաժողովի կարծիքի մեջ նշվում է միայն, որ «Ատ. էջ 15. Աղօթք - բառի առաջին հատվածի մեջբերման էջը ճիշտ չէ» (ատենախոսը հենց այդպես էլ ներկայացրեց, որ էջը ճիշտ չէր, եւ ինքը հանել է), այսինքնՙ անտեսվում է եւ չի արձանագըրվում «Քրիստոնյա Հայաստան» (այսուհետեւՙ ՔՀ) հանրագիտարանից ատենախոսիՙ առանց հղելու փոխառելու, արտագրելու փաստը. տե՛ս ստորեւ. բ) Ըստ ԲՈՀ-ի տրամադրած նյութերիՙ ատենախոսության 26-րդ էջի «Աստվածաշունչ բառը (հուն. theopneustos` Theos-աստված եւ pneuma-շունչ) առաջին անգամ գործածել է Պողոս առաքյալը. Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար (Բ Տիմ. 3. 16): Սա միակ վկայությունն է Ս.Գրքում: Հայերս առավելաբար գործածում ենք Աստվածաշունչ բառը» հատվածը դարձյալ փոխառված է ՔՀ հանրագիտարանից (էջ 104). Մինչդեռ հանձնաժողովի կարծիքի մեջ նշվում է, որ «3. Ատ. էջ 26. Մեկնաբանությունը չի նույնանում «Քրիստոնյա Հայաստան».... հանրագիտարանի հետ, հեղինակը օգտվել է Աստվածաշնչի համաբարբառից»: Եվ այս դեպքում իրավացիորեն հարցեր են ծագումՙ արդյոք «Աստվածաշնչի համաբարբառը» գրաբար չէ՞, եւ այդ դեպքում ինչու՞ է ատենախոսության մեջ բնագրային օրինակը արեւելահայերեն: Արդյոք «Աստվածաշնչի համաբարբառում» նշվու՞մ է, որ բառն «առաջին անգամ գործածել է Պողոս առաքյալը», եւ կամ «Հայերս առավելաբար գործածում ենք Աստվածաշունչ բառը»: Պարզապես դժվար է հավատալ, որ ըստ հանձնաժողովի կարծիքիՙ «Աստվածաշնչի համաբարբառում» նշվում է այս ամենը: Չի բացառվում նաեւ, որ նշված հատվածը ատենախոսն արտագրել է Վիքիպեդիայի (ազատ հանգարան) «Աստվածաշունչ» հոդվածից, ըստ որիՙ «Հատկանշական է այն, որ հայերիս մեջ Սուրբ Գիրքը առավելաբար անվանվում է Աստվածաշունչ.... Աստվածաշունչ բառը (hունարենն (theopneustos) (theos) - Աստված եւ pnen'ma (pneuma) - շունչ բառերից) առաջին անգամ գործածում է Պողոս առաքյալըՙ ասելով. «Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու եւ արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմ. 3:16)»: Կարելի՞ է արդյոք դոկտորական ատենախոսություն գրելՙ արտագրելով «Վիքիպեդիայից»: Ի դեպ, փաստ է, որ ատենախոսը օգտվել է «Վիքիպեդիայից», քանի որ առկա են հղումներՙ «http. Wikipedia. Opg /Narakasura. hy. Wikipedia.org./wiki/ Քորեպիսկոպոս: hy. Wikipedia.org /Азазел. hy. Wikipedia. org/ Կատեխիզիս»: գ) Ըստ ԲՈՀ-ի տրամադրած նյութերիՙ ատենախոսության 61-62-րդ էջերի «Մարանաթայ: Սա նզովքի բանաձեւ է, որ մեկ անգամ գործածված է Նոր կտակարանում` «Եթէ ոչ ոք սիրէ զտէր Յիսուս, եղիցի նզովեալ. մարանաթայ» (Ա Կրնթ. ԺԶ. 22), ռուսերեն` Кто не любит Господа Иисуса Христа, анафема: маранафа :... Հունարենում նույնպես պահպանվել է այդ անեծքի բանաձեւը» հատվածի եւ Հ.Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» (այսուհետեւՙ ՀԱԲ) համապատասխան բառահոդվածի համեմատությունից պարզ երեւում է, որ Հ.Աճառյանը նշում է Նոր Կտակարանում նզովքի բանաձեւի մեկ անգամ գործածվելը, այլեւ հունարենից տառադարձված լինելը. տեԲս ՀԱԲ, 3, էջ 275: Հանձնաժողովի կարծիքի մեջ նշվում է, որ «6. Ատ. էջ 61-62. Մարանաթայ: Հղումը էջ 62-ում է: Եզակի վկայության փաստը արձանագրված է Աստվածաշնչի համաբարբառում»: Հանձնաժողովը միանգամայն իրավացի է, որովհետեւ «էջ 62-ում» հղում կա, սակայն այն վերաբերում է «Ասորերեն m r-an at արտահայտությունը Աստվածաշնչի թարգմանության ժամանակ հունարենից գրադարձվել է (Sic) հայերեն» նախադասությանը, իսկ մինչ այդ հղումը այլ հղումներ էլ կանՙ «Մ.Սեբաստացի, Բառգիրք հայկազեան լեզուի...., Վէնէտիկ, 1749» եւ «(ՀՀԲ, 622)»: Հետեւաբար այս հղումներին նախորդող հատվածի հղումը չէր կարող լինել այս հղումներից հետո: Բացի այդՙ այս դեպքում էլ կարելի է կրկնել նույն հարցըՙ արդյոք «Աստվածաշնչի համաբարբառում» նշվու՞մ է «Մարանաթայ»-ի «նզովքի մի բանաձեւ» լինելը: դ) Ըստ ԲՈՀ-ի տրամադրած նյութերիՙ ատենախոսության 62-րդ եւ 63-րդ էջերի «Մծղնեությունը քրիստոնական աղանդ էր, որ ծագել էր Միջագետքում, ապա 4-5-րդ դարերում տարածվել Ասորիքում, Եգիպտոսում, նաեւ Հայաստանում: Ընդ որում, Հայաստանում ընդգրկել է ոչ միայն աշխարհականների, այլեւ հոգեւորականների շրջանակը: Աղանդի հետեւորդները մարմնական խիստ պատիժների են ենթարկվել, ճակատներին աղվեսադրոշմ է խարանվել, երեխաներին հեռացրել են ծնողներից եւ հանձնել հոգեւորականների խնամքին: Հայ մատենագրության մեջ նրանց մասին ուղղակի տեղեկություններ չկան, այլ միայն լուտանքներ են արձանագրված: Այսպես, Եզնիկ Կողբացին նրանց մասին գրում է. Զամուսնութիւնն տուեալ յԱստուծոյ` պղծութիւն համարիցին, որպէս Մարկիոնն եւ Մանի մծղնէայք (Եզնիկ, 287): Այս նախադասությունից պարզ է դառնում, որ մծղնեությունը մերժում էր ամուսնությունը» հատվածը դարձյալ ՔՀ հանրագիտարանից է (էջ 743-744) եւ դարձյալ առանց հղումիՙ «ՄԾՂՆԵՈՒԹՅՈՒՆ, քրիստոնական աղանդ: Ծագել է Միջագետքում, տարածվել Ասորիքում, Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Հայաստանում: ...աղանդը... ընդգրկել է ոչ միայն աշխարհականների, այլեւ հոգեւորականների... շրջանակը: ...Աղանդավոր հոգեւորականին կարգալույծ են հայտարարել, ճակատին աղվեսադրոշմ խարանել, ...դիմել են մարմն. խիստ պատիժների... երեխաներին հեռացրել են ծնողներից եւ հանձնել հոգեւորականների խնամքին:...Հայկ. աղբյուրներում մծղնեների գաղափարախոսության մասին ուղղակի տեղեկություններ չկան, եղածներն էլ նրանց դեմ ուղղված լուտանքներ են: Եզնիկ Կողբացին միայն վկայում է, որ մծղնեները մերժել են ամուսնության խորհուրդը»: Հանձնաժողովի կարծիքի մեջ նշվում է, որ «6. Ատ. էջ 62-63. Մծղնեություն աղանդի մասին պատմական տեղեկությունների համար հղվում է Օրմանյանի «Ազգապատում»-ը, ՔՀ-ի աղբյուրը ըստ երեւույթին նույնն է»: Ատենախոսության մեջ «Օրմանյանի «Ազգապատում»-ը հղվում է» «Մծղնեների գլխավոր շեղումը քրիստոնեությունից այն էր, որ նրանք արհամարհում եւ մերժում էին եկեղեցական խորհուրդներն ու առհասարակ եկեղեցական աստվածպաշտությունը: Նրանց համար իսկական կրոնական խորհուրդը աղոթքն էր, եւ աղոթքը բավական էր բոլոր մեղքերից ազատվելու համար» հատվածի համար, իսկ ԲՈՀ-ի տրամադրած նյութերի առանձնացված հատվածը մեկ պարբերություն վեր է եւ առանց որեւէ հղման: ե) Ըստ ԲՈՀ-ի տրամադրած նյութերիՙ ատենախոսության 76-րդ էջի «Բամա (< հուն. bama < եբր. ba-ma-` "զոհի բարձր սեղան, բեմ, բարձունք") (ՀԱԲ, 1, 400, ՀՍԲ, 116): Ըստ ՆՀԲ-ի` բեմ : Վկայված է Հին կտակարանում. Պատասխանի ետ Սամուէլ եւ ասէ ցՍաւուղ. ես ինքնին իսկ եմ, ել առաջի իմ ի Բամա, եւ կերիցես ընդ իս այսօր... (Ա Թագ. Թ. 19) ....Բառը հունարեն թարգմանության մեջ գործածված է իբրեւ հատուկ անուն, հայերենում` նույնպես, ռուսերեն թարգմանության մեջ հասարակ անուն է` ՉօրՏՑՈ» հատվածի եւ ՀԱԲ-ի համապատասխան բառահոդվածի համեմատությունից պարզ երեւում է, որ Հ.Աճառյանը նշում է Հին կտակարանում վկայված լինելըՙ «Ա թագ. թ. 19», եւ բառիՙ հունարեն թարգմանության մեջ եւ հայերենում իբրեւ հատուկ անուն գործածված լինելը. տես ՀԱԲ, 1, էջ 400-401: Հանձնաժողովի կարծիքի մեջ նշվում է, որ «10. Ատ. էջ 76. Բամա բառի հղումը հենց շարադրանքի սկզբում է: Հեղինակի գրած նախադասությունը վերագրվում է Աճառյանին»: Հետաքրքիր էՙ գիտնականը կարո՞ղ է «հղում տալ շարադրանքի սկզբում»: Հանձնաժողովի նշած «Հեղինակի գրած նախադասությունը Աճառյանին վերագրվել»-ն էլ հավանաբար վերաբերում է «ռուսերեն թարգմանության մեջ հասարակ անուն է` высота» նախադասությանը, որը նույնպես որեւէ հղում չունի: զ) Ըստ ԲՈՀ-ի տրամադրած նյութերիՙ ատենախոսության 160-րդ էջի «Գոմէզ (գումէզ).... Բառը մեկ անգամ գործածել է Եղիշեն` Ձեռք առանց գոմիզոյ մի՛ լուասցին ` Ձեռքերն առանց գոմիզի չլվացվեն (Եղիշե, 1971, 58): Զրադաշտականության մեջ ընդունված էր, որ հավատացյալները կովի ախտահանող մեզով լվանան ձեռքերը» հատվածը ՀԱԲ-ից է, բայցՙ առանց հղումիՙ «Գոմէզ ... (որ եւ գումէզ).... մեկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ ... մի՛ լուասցին»: (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանիչ էր, եւ հաւատացեալները նրանով էին լուանում իրենց ձեռքերը)» (ՀԱԲ, 1, էջ 575): Հանձնաժողովի կարծիքի մեջ նշվում է, որ «19. Ատ. էջ 160. Եզակի վկայությամբ բառերի համար ատ. էջ 50-ում նշվում է, որ այդ բառերի համար բերվում է դրանց ծագումը ըստ ՀԱԲ-ի, օրինակները ՆՀԲ-ից կամ բնագրային են: Եզակի գործածությամբ բառը ներկայացնելու այլ տարբերակ չկա»: Ենթադրենքՙ այդպես է. այդ դեպքում որտեղի՞ց է ատենախոսը վերցրել «Զրադաշտականության մեջ ընդունված էր, որ հավատացյալները կովի ախտահանող մեզով լվանան ձեռքերը» նախադասությունը, որովհետեւ այն «բնագրային օրինակ» չէ, եւ ՆՀԲ-ն էլ չունի այս մեկնաբանությունը: Եվ ուրեմն մեկ անգամ եւս հաստատվում է այն փաստը, որ ատենախոսն այնպես է ներկայացնում, որ տպավորություն ստեղծվի, թե իբր ինքն է գտել «բնագրային օրինակը»: է) ԲՈՀ-ի տրամադրած նյութերի մեջ նշվածՙ ատենախոսության 183-րդ եւ 184-րդ էջերի հատվածների մասին հանձնաժողովի կարծիքի մեջ արձանագրվում էՙ «Հըղման անհրաժեշտություն չկա: Հանրահայտ է», «Հայտնի պատմական փաստեր են: Հղման կարիք չկա»: Իսկ արդյոք անհրաժեշտություն չկա՞ բացատրելու, թե այդ ինչպես է, որ բառացի համընկնում են ատենախոսության մեջ «հղման կարիք չունեցող» «հանրահայտ» ու «հայտնի պատմական փաստերը» եւ ՔՀ հանրագիտարանի համապատասխան հատվածները, ինչպես, օրինակ, ատենախոսության 184-րդ էջի «Հայ եկեղեցում աբեղայությունը կուսակրոն քահանայության ամենացածր աստիճանն է: Կուսակրոն քահանաները կոչվում են աբեղա, երբ ստանում են վեղար. ձեռնադրվում են եպիսկոպոսի կողմից» հատվածը եւ ՔՀ հանրագիտարանի 8-րդ էջի ստորեւ ներկայացվող սույն հատվածը. ը) ԲՈՀ-ի տրամադրած նյութերի մեջ նշվում է, որ ատենախոսության մեջ նկատվում է «հետաքրքիր» երեւույթ. «....ատենախոսությունից քաղված եւ ստորեւ բերվող բոլոր «բառահոդվածներում» ատենախոսը, օգտագործելով ՀԱԲ-ի (նաեւ ՆՀԲ-ի) նշած սկզբնաղբյուրները, նյութերը (փաստերը) այնպես է ներկայացնում, ասես ինքն է գտել այդ սկզբնաղբյուրները, բնագրային օրինակները»: Հանձնաժողովի կարծիքի մեջ արձանագրվում էՙ «Ատ. էջ 16. Օրինակը բնագրային է»: Այնինչ ԲՈՀ-ի տրամադրած նյութերի մեջ նշվում էՙ « Ատենախոսություն, էջ17. «Միջին հայերենում վկայված է անէծք ածել կապակցությունը` անիծել` Վարդապետն անէծք էած ». հղումՙ «Հովհ. Թլկուրանցի, Տաղեր, Ե., 1960, էջ 206»: «Միջին հայերենի բառարանում» վկայվում է « անէծք ածել կապակցությունը` անիծել» նշանակությամբ եւ Թլկուրանցուց բերված օրինակով եւ էջով (էջ 51) եւ այլն: թ) Ըստ ԲՈՀ-ի տրամադրած նյութերիՙ «Ատենախոսության մեջ առկա են արտասովոր, տարօրինակ ձեւակերպումներ: 1. ատենախոսության 80-րդ էջում «քննելով» «հունարենի միջոցով հայերենին անցած եբրայական բառերից կրոնաեկեղեցական բառաշերտին» պատկանող բառերըՙ ատենախոսը նշում է, որ «Քննությունից պարզվում է, որ ...2) եզակի վկայությամբ կամ նվազ հաճախական են ազազայէլ, բամա, նեսար, քովմարիմ, բէեղզեբուղ, բելիար, դաբիր, Էլ, թերափիմ, թուրէ, կորբան, պասքա, սէրսէրիմ....»: Բայց արդյո՞ք այս ամենը պարզվում է ատենախոսի «քննությունից», որովհետեւ ակամա հարց է ծագումՙ արդյո՞ք ՀԱԲ-ը եւ ՆՀԲ-ն չեն նշում այս ամենը: Եվ ինչպես պարզ է դառնում ատենախոսի «ուսումնասիրության» եւ Հ.Աճառյանի հեղինակած բառարանի համեմատությունից, այդ ամենը ոչ թե ի՛րՙ ատենախոսի քըննությունից է պարզվում, այլ պարզվում է, որ Հ. Աճառյանն արդեն ամեն ինչ պարզել էր: Հանձնաժողովի կարծիքի մեջ նշվածների առնչությամբ հետեւյալ խիստ «տրամաբանական» դիտարկումն էՙ « Դիտողության մեջ բաց է թողնված (Sic) ատենախոսության էջ 80-ի հատվածի մի մասը, որտեղ ատենախոսը շեշտել է այլ բան. այն էՙ հայերենին անցած եբրայական բառերի քանակային եւ տոկոսային տվյալները: Նշված բոլոր բառերը համապատասխան էջերում ունեն հղումներ»: Եվ այս ամենին հետեւում է «Եզրակացություն»-ը: Եվ կրկին հարց է ծագում, թե քանիցս պետք է մասնագիտական խորհուրդը քննարկի, իսկ ԲՈՀ-ն էլ մերժի կամ քննարկման ուղարկի «Հայ կրոնաեկեղեցական բառապաշարը եւ նրա պատմական զարգացումը» աշխատանքը, մինչեւ գիտակցվի, որ սույն դոկտորական ատենախոսությունը լի է «առանց հեղինակներին եւ աղբյուրները նշելու եւ անգամ արդեն նշելով փոխառված հատվածներով», «այլ հեղինակներից օգտագործված նյութերով եւ որոշակի դրույթներով», եւ փաստերն էլ անժխտելի են: Բոլոր կեղծված փաստերը հնարավոր չէր ներկայացնել շաբաթաթերթի էջերում. դրանց վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԲՈՀ-ի նախագահին: |