ԱՐՄԱՎԻՐԻ ՌԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ Սեպտեմբերի 21-ին Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբը նախաձեռնել էր «Անկախության սերունդ» խորագիրը կրող բարեգործական բնույթի նկարչական ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսը տեղի էր ունենում քաղաքի Մշակույթի պալատում, իսկ միջոցառման նպատակն էր օժանդակել Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայում վճարովի հիմունքներով սովորող ուսանողներինՙ ուսման վարձի որոշակի մասը վճարելու համար: Միջոցառմանը ներկա էին հյուրերՙ ինչպես Սփյուռքի ՌԱԿ կառույցներից, այնպես էլՙ Հայաստանից, որոնք փորձում էին իրենց նվիրատվությունների կամ նկարներ գնելու միջոցով օգնել ուսանողներինՙ տալով կրթության մեջ առաջընթացին նպաստող քայլեր կատարելու հնարավորություն: Ցուցահանդեսին ներկա էին նաեւ Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներ, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր տարբեր վայրերից: Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել 16-ից ավելի նկարիչներ, որոնց մեծամասնությունը ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամներ են, իսկ նրանցից մի քանիսն էլ կուսակցության շարքերն են համալրել վերջերս: Երիտասարդ նկարիչների համար կազմակերպված ցուցահանդեսը դրական ու օգտակար նշանակություն ունեցավ. բացի նկարների վաճառքից ստացած եկամուտներից, երիտասարդները արժանացան քաջալերանքի, խրախուսանքի ու գովասանքի խոսքերի, բարոյական ու հոգեբանական աջակցության, որը, անշուշտ, յուրաքանչյուր սկսնակ արվեստագետի համար շատ կարեւոր է: Միջոցառումը անցավ ջերմ, մտերմիկ ու ոգեշնչող միջավայրում: Բոլոր ներկաներինՙ ե՛ւ հյուրերին, ե՛ւ նկարիչներին պարուրել էր արվեստով ապրելու ու արարելու զգացումը: Ցուցահանդեսի հյուրերի թվում էր նաեւ ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ ընկեր Վարդան Նազիրյանը , որ «Հայ ձայնի» հետ զրույցում կիսելով ցուցահանդեսից ստացած տպավորությունները, նշեց, որ ցուցահանդեսը տարբերվում է կուսակցության երիտասարդների նախաձեռնած նախորդ միջոցառումներից, եւ այս մեկը կազմակերպված էր շատ ավելի բարձր մակարդակով, հանրության շրջանում ավելի մեծ հնչեղություն էր ստացել: «Շատ տպավորված եմ ու հուզված, երիտասարդների խանդավառությունը, դրական լիցքերը մեզ էլ են փոխանցվել: Նկարիչների աշխատանքներն իսկապես շատ գեղեցիկ էին, բարձրորակ, արժեքավոր ու խորիմաստ, եւ իրենքՙ նկարիչներն էլ հաճախ մեկնաբանում էին իրենց աշխատանքներըՙ ներկայացնելով դրանց խորքում թաքնված իմաստն ու նկարների փոխանցած ասելիքը: Ցուցահանդեսին մասնակցող բոլոր երիտասարդների նպատակներն էլ իրականացան թե՛ նյութապես, եւ՛ բարոյապես»,- նշեց ընկեր Նազիրյանը: Մեզ հետ իր տպավորությունները կիսեց նաեւ Լիբանանից Հայաստան ժամանած ՌԱԿ անդամ ընկեր Պետրոս Թոփչյանը , որ բարձր գնահատեց երիտասարդների կատարած աշխատանքը, շեշտեց ցուցահանդեսի բարձր որակը: «Գովելի է նման միջոցառումների կազմակերպումը երիտասարդների կողմից: Ցանկալի է, որպեսզի դրանք շարունակական բնույթ կրեն, երիտասարդները միշտ նախաձեռնեն այսպիսի միջոցառումներ, ժամանակ տրամադրեն ու պատրաստեն նման գեղեցիկ ու բովանդակալից ցուցահանդեսներ»,- ասաց մեր զրուցակիցը: |