ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆՈՒՄ Պ. Ք. Ճանաչումը պահանջում է տեւական ու դժվարին պայքար Իրաքի քրդական ինքնավարության տարածքում սեպտեմբերի 25-ին անցկացվեց անկախության հանրաքվե: Քվեարկությանը ընդհանուր առմամբ մասնակցում էր 5,2 մլն մարդ: France 24 հեռուստաալիքը հաղորդեց, որ հանրաքվեի մասնակիցների 92,5 տոկոսն արտահայտվել է անկախության օգտին: Նույն աղբյուրի տվյալներով, երեքշաբթի առավոտյան, Քիրքուկ եւ Էրբիլ քաղաքներում ցնծություն էր տիրում: «Ռեգնում» գործակալությունը հետեւել է Իրաքի, Իրանի, Թուրքիայի եւ այլ երկրների արձագանքներին: Այդ բոլոր երկրների լրատվական թողարկումները սկսվում էին Էրբիլից հեռարձակվող հաղորդումներով, բայց միայն թուրքական լրատվամիջոցներն էին ընդգծում, որ «կրիտիկական օր» է սկսվել: Իրոք, Էրբիլում քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի, նրա մրցակից Թալաբանիի կուսակցության եւ Քրդստանի հայրենասիրական միության քաղաքական գործիչների քվեարկությունից ընդամենը երկու-երեք ժամ անց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը Անկարայում իր նստավայրում թուրքական չորս հեռուստաալիքների լրագրողներին հավաքեց հանրաքվեի արդյունքները մեկնաբանելու համար: Նրա խոսքերով, ներկայումս գլխավորն այն է, որ Թուրքիան առայժմ մտադիր չէ պատերազմ սկսել Իրաքյան Քրդստանի դեմ: Ինչպես ասաց վարչապետը, «Մենք պատերազմ չենք սկսում, մեր քաղաքացիները թող հանգիստ լինեն, մենք միայն պաշտպանում ենք մեր ազգային անվտանգությունը»: Ընդ որում, վարչապետը խոստովանեց, որ Էրբիլի վրա քաղաքական ճնշում գործադրելու Անկարայի եւ Թեհրանի բոլոր ջանքերն ավարտվել են ապարդյուն: Նախօրեին Թուրքիան եւ Իրանը զորավարժություններ էին սկսել Իրաքյան Քրդստանի սահմանի մոտ, Իրանը փակել էր ինքնավարության օդային տարածքը, Թուրքիանՙ սահմանային անցակետերը: Թուրքիան խոստացել էր փակել իր տարածքով քրդական էներգակիրների տարանցման ուղիները: Վարչապետի ելույթից մեկ ժամ հետ Անկարայում նախագահ Էրդողանը ելույթ ունեցավ համաժողովումՙ փաստորեն կրկնելով բոլոր հայտնի սպառնալիքները, ինչպես նաեւ ակնարկելով, որ Անկարան Բաղդադի հետ մեկտեղ կարող է շրջափակել Քրդական ինքնավարության տարածքը: Ընդսմին, թուրք փորձագետներից շատերն ընդգծում են, որ թեեւ Իրաքյան Քրդստանի հանրաքվեն վերաբերում է դրա անկախությանը, իրականում դա կապված է իշանությունը պահպանելու Բարզանիի մտադրության հետ: Հավանական է նաեւ, որ նա «ձգտում է առավելագույնս շահավետ դիրք ստանալ Բաղդադի հետ սպասվող բանակցություններից առաջ: Այս առիթով ոմանք հիշեցնում են, որ Բարզանին արդեն 2014 թվականին փորձել էր անկախության հանրաքվե անցացնել Իրաքյան Քրդստանում: Ինչպես այժմ, այն ժամանակ բարձրացվել էր վիճելի տարածքների, մասնավորապես Քիրքուկ քաղաքի հարցը: Իրաքի կառավարական զորքերը այդ տարածքից հեռացել էին «Իսլամական պետության» գրոհայինների հարձակման հետեւանքով: Դրանից հետո քրդերն այդ տարածքն առել էին իրենց վերահսկողության տակ: Մերձավոր Արեւելքում առավել փորձառու քաղաքական գործիչներից մեկը հանդիսացող Մասուդ Բարզանին հասկանում է, որ առաջիկայում իրեն բավական ծանր քաղաքական սակարկություն է սպասում ինչպես Բաղդադի, Թեհրանի եւ Անկարայի, այնպես էլ մի շարք արտաքին խաղացողների հետ: Դատելով բազմաթիվ արտաքին նշաններից, նա հաշվարկել էր իր քայլերը, սակայն ամեն ինչ չէ, որ հաջող ստացվեց: «Մենք կարծում էինք, թե կարող ենք հույս դնել Թուրքիայի վրա, բայց, ըստ երեւույթին, սխալվել ենք», խոստովանում է Բարզանին : «Թուրքիան իրավունք ունի սեփական տարածքում անել իր ուզածը, բայց մենք չենք ուզում, որ նրա գործողություններն ուղղված լինեն մեր դեմ: Ինչպես այս կապակցությամբ հայտարարել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային բարեգործական կազմակերպության հիմնադիր Բեռնար Կուշները , քրդերն անկախության են ձգտում արդեն 100 տարի, այնպես որ նրանց հանրաքվեն անսպասելի չէ ողջ աշխարհի համար: Կուշների կարծիքով, «հենց ազատ ու անկախ Քրդստանը կկանգնեցնի ապակայունացման գործընթացը Մերձավոր Արեւելքում»: Ամեն դեպքում, սեպտեմբերի 25-ը նշանակալից օր կդառնա քրդերի պատմության մեջ: |