RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



Տեղադրվել է` 2017-09-29 15:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 8247, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

DIE TAGESZEITUNG. ԹԵՀՐԱՆԸ ՊԱՌԱԿՏՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ ԵՎ ԵՄ-ԻՆ

Պ .Ք.

Մոսկվան կհասնի՞ Թել-Ավիվ-Թեհրան փոխզիջմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում իր հերթական գրառումը նվիրել է Իրանին: «Իրանը փորձարկեց բալիստիկ հրթիռ, որը կարող է հասնել Իսրայել: Նրանք նաեւ աշխատում են Հյուսիսային Կորեայի հետ: Մենք այնքան էլ շատ բան չենք ստանում համաձայնագրից», գրել է Թրամփը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ինքը որոշում է ընդունել Իրանի միջուկային ծրագրին նվիրված բազմակողմ համաձայնագրից դուրս գալու հնարավորության մասին, բայց չի հրապարակել այն: Ամենայն հավանականությամբՙ այն պատճառով, որ ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանում ԱՄՆ-ը տանուլ տվեց «իրանական պարտիան»:

Խոսքը ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահի ունեցած ելույթի թեզիսների մասին չէ: Թրամփը հայտարարեց, որ միջազգային միջնորդների մասնակցությամբ Իրանի հետ 2015 թ. կնքված գործարքը վնասակար է ԱՄՆ-ի համարՙ ավելացնելով, որ Իրանը շարունակում է ապակառուցողական եւ խաղաղությանը սպառնացող վարքագիծը: Հետեւաբար միջազգային ընկերակցությունը պետք է կանգնեցնի նրան: Իրանի նախագահ Հասան Ռուհանին պատասխանեց յուրովիՙ ՄԱԿ-ում Թրամփի ելույթն անվանելով «տգետ, անհեթեթ եւ ատելությամբ լի»: Նա հավաստեց, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ը մենակ մնաց եւ ինքնամեկուսացվեց:

Իրոք, 2015 թ. ամռանը համաձայնագիրը ստորագրած վեցյակի անդամները հրաժարվեցին պաշտպանել ԱՄՆ-ի առաջարկությունը: Ինչպես հայտարարեց ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին , համաձայնագիրը կատարվում է եւ արդյունքներ է տալիս: Բայց գլխավորը, նրա խոսքերով, այն է, որ ԱՄՆ-ը կամ մեկ ուրիշը չի կարող որոշել համաձայնագրի ճակատագիրը, քանի որ այն ամրագրվված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Դա համահունչ է նաեւ Ռուսաստանի դիրքորոշմանը: Եթե Սպիտակ տունը որոշի վերանայել իր դիրքորոշումը միջուկային համաձայնագրի նկատմամբ, ապա դա կլինի միայն իր միակողմանի որոշումը:

Այսպիսով, ինչպես նշում է գերմանական Die Tageszeitung թերթը, «Ռուհանիին հաջողվեց ոչ միայն պառակտել ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, այլեւ ամրապնդել իր ներքաղաքական դիրքերը, քանի որ սկսել էր ենթարկվել արմատական ուժերի քննադատությանը, որոնք հանդես են գալիս առհասարակ Արեւմուտքի հետ որեւէ դաշինքի դեմ»:

Բացի դրանից, ինչպես նշում են եվրոպացի շատ փորձագետներ, ստեղծված իրադրության շնորհիվ Թեհրանն ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում: The Washington Post-ի գնահատման համաձայն, այդ ամենը տեղի է ունենում ԱՄՆ-ի խնդիրների ֆոնի վրա: Երկիրը բախվում է Իսրայելի դժգոհությանը, որը վախենում է, թե «Իսլամական պետությունից» ազատագրված տարածքներ կմտնի Իրանը: Իսրայելին մտահոգում են նաեւ ԱՄՆ-ի արաբ դաշնակիցները, ինչպես նաեւ քրդերը, որոնց անկախական ձգտումներին Վաշինգտոնը հրապարակավ չի աջակցում: Սիրիայի ուղղությամբ արդեն գործում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը, իսկ հիմա, արդեն քրդական ուղղությամբ, կարող է ի հայտ գալ Թուրքիա-Սիրիա-Իրան դաշինք: Ինչպես նշում են վերլուծաբանները, ներկայումս ոչ թե ԱՄՆ-ը, այլ Ռուսաստանը կարող է հաշտարարի դեր խաղալ ինչպես Իրանի, Թուրքիայի եւ քրդերի միջեւ, այնպես էլ սուննի արաբական պետությունների եւ շիա առանցքի միջեւ: Չի բացառվում, որ Մոսկվան ավելի ուշ կարող է ինչ-որ փոխզիջման հասնել Թել-Ավիվի եւ Իրանի միջեւ:

Նման սցենարը միանգամայն իրատեսական է թվում, քանի որ «Թրամփին չի հաջողվում լցնել Մերձավոր Արեւելքում Օբամայի վարչակազմի թողած վակուումը»: Թուրքական Sabah թերթը գրում է, որ նույնիսկ Անկարան «թռավ ամերիկյան վանդակիցՙ համաձայնագիր ստորագրելով հ-400 համակարգերի վերաբերյալ: Պարադոքսն այն է, որ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի նման ուժեղ խաղացողները, որոնք 250 տարի միմյանց հետ մրցակցել են Բալկաններում, Կովկասում եւ Միջին Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում, սկսել են միավորել իրենց ջանքերը, ինչը իր հերթին ցույց է տալիս, որ Մերձավոր Արեւելքում հարաբերությունների մոդելը արմատապես փոխվում է»:

Իհարկե դա չի նշանակում, թե տարածաշրջանում Վաշինգտոնը կորցրել է ազդեցության հնարավորությունները: Այսպես, թուրքական Sabah թերթը նշում է, որ ԱՄՆ-ը սահմանադրական հեղաշրջում է իրականացնում Չինաստանի դաշնակից Պակիստանումՙ պատրվակ բերելով հյուսիսկորեական ճգնաժամը, Պեկինի դեմ ուղղված հակահրթիռային համակարգեր է տեղադրել Հարավային Կորեայում: Եվրոպացի եւ թուրք փորձագետների կարծիքով, երկդիմության տպավորություն է թողնում նաեւ տարածաշրջանում Վաշինգտոնի կողմից «քրդական խաղաքարտի» խաղարկումը, Իրանը Իրաք կամ Սիրիա դարձնելու սցենարի հայտնվելը, Աֆղանստանում, գուցե նաեւ Անդրկովկասում նոր ուղեգծի որդեգրումը: Ամեն ինչի սկիզբը կդառնա ԱՄՆ նախագահի այն քայլը, որով նա, չանսալով իրանական գործարքի մյուս մասնակիցների հորդորներին, կհայտարարի համաձայնագրից դուրս գալու մասին:

Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովն իր հերթին նշում է, որ առայժմ Թրամփը պատրաստ չէ դրան, բայց Եվրոմիության վրա գործադրվող ճնշումը, Իրանի հետ եվրոպական խոշոր ընկերությունների ու բանկերի գործարքների կասեցմանն ուղղված փորձերը կուժեղանանՙ աստիճանաբար կապակցվելով հյուսիսկորեական ճգնաժամի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ