ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ԱՄՆ-Ը ՁԳՏՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՁԵՎԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ Պ.Ք. ԱՄՆ-ը եւ Իսրայելը Սիրիայում լարվածության սրման ուղին են բռնել, ըստ որումՙ արդեն զուգահեռաբար: Դա ուղղված է Սիրիայում Ռուսաստանի եւ Իրանի ներկայության դեմ: Միանգամից հօդս ցնդեցին Իսրայելի այն պնդումնեը, թե ինքը մեղսակից չէ Սիրիայի հակամարտությանը: Ակնհայտ դարձավ, որ հենց Իսրայելն է Սիրիայի ողբերգության սկզբնաղբյուրը: Այն տպավորությունն է ստեղծվում, որ երբ խոսքը Սիրիային է վերաբերում, հենց Իսրայելն է ղեկավարում ԱՄՆ-ին ու Թուրքիային: Հօդս ցնդեցին նաեւ ամերիկացիների այն պնդումները, թե իրենք իբր պայքարում են ահաբեկիչների դեմ, այլ ոչ թե փորձում են կործանել Սիրիան որպես պետություն: Համաշխարհային ըկերակցությունը հասկանում է, որ սիրիացիները, որքան էլ քաջաբար մարտնչեն, չեն կարողանա միայնակ հաղթել ահաբեկչական խմբավորումների համակցությանը, որոնց ստեղծմանը անցյալում մասնակցել են ԱՄՆ-ը եւ Իսրայելը, ինչպես նաեւ Թուրքիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Եվրոմիության անդամ որոշ պետություններ: Հենց Ռուսաստանը եւ Իրանն են, որ թույլ չեն տալիս Սիրիան դարձնել միջազգային ահաբեկչության կենտրոն: Այդ երկու երկրները Մերձավոր Արեւելքում լուծում են հետեւյալ խնդիրըՙ իրենց սահմաններից հնարավորինս հեռու պահել սեփական աշխարհաքաղաքական թշնամիների մարտիկներին: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, հենց ԱՄՆ-ը եւ Իսրայելն են Ռուսաստանի եւ Իրանի թշնամիները, որքան էլ որ այդ երկրների ղեկավարները միմյանց անվանեն գործընկերներ: ԱՄՆ-ը եւ Իսրայելը ձգտում են տարածաշրջանը վերաձեւել եւ դարձնել Գլոբալ Մերձավոր Արեւելք, ինչը ենթադրում է ոչ միայն Սիրիայի եւ Իրաքի, այլեւ, մասնակիորեն, Ռուսաստանի եւ Իրանի ոչնչացում: Ռուսական հց-25 գրոհիչի խոցումը եւ օդաչու Ռոման Ֆիլիպովի սպանությունը ցույց տվեցին, որ աշխարհը գործ ունի արդեն ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Իսրայելի հատուկ ծառայությունների վաղուց մշակած բազմաստիճան ծրագրի հետ: Իրադարձությունների ընթացքը դիտարկենք դրանց զարգացման մեջ: Ինչ-որ մեկը խոցում է հց-25 գրոհիչը, եւ ինչ-որ մեկն էլ սպանում է ռուս օդաչու Ֆիլիպովին: Ամեն ինչ տեղի է ունենում Իդլիբ նահանգում Թուրքիայի զավթած տարածքում: Դրան հաջորդում են վրիժառության երկու պատժիչ ձեռնարկումներՙ օդայինՙ ռուսական օդատիեզերական ուժերի մասնակցությամբ, եւ ցամաքային, երբ խառը կազմով ուժերը, ըստ որում ոչ միայն ռուսներն ու սիրիացիները, բառացիորեն հատում են թուրքամետ խմբավորումները հց-25-ի անկման շրջանում: Դրան հաջորդում է ամերիկյան օդուժի գործողությունը Սիրիայի կառավարամետ ուժերի դեմ: Ուկրաինական մի շարք կայքեր չարախնդում են, թե ամերիկացիները ոչնչացրել են ռուսաստանցի 200 զինվորականների: Եփրատի ափամերձ այդ շրջանում շիա մարտիկներ եւ սիրիական բանակի ուժեր վաղուց չկան: Դա անուղղակիորեն հաստատում են իրանական ոչ այնքան հեղինակավոր ԶԼՄ-ները, որոնք մակերեսայնորեն հաղորդեցին, որ ամերիկացիների հարձակման ժամանակ հակամարտության գոտում սպանվել են քսան խորհրդատու սպաներ: Իրանը, որպես կանոն, հաղորդում է միայն սեփական կորուստների եւ շիի կամավորների կորուստների մասին: Դա չի նշանակում, թե Սիրիայում չեն կարող լինել ռուսաստանցի կամավորներ կամ Սիրիայում նման անձինք չեն զոհվում: Նաեւ հարկ է նշել, որ այնտեղ, որտեղ կան իրանցի զինվորական խորհրդատուներ, լինում են ընդամենը երկու-երեք կամ ամենաշատը տասը ռուս խորհրդատուներ: Եվ դժվար թե ռուսները համաձայնեին հանդես գալ իրանցների հրամանատարության ներքո: Կարելի է հիշատակել նաեւ ամերիկյան CBS հեռուստաընկերության հաղորդումը, որը վկայակոչում է Պենտագոնի անանուն աղբյուր: Եվ դրան հաջորդում է Իսրայելի մասնակցությունը պատերազմինՙ հօգուտ ահաբեկիչների: Հարվածներ են հասցվել Սիրիայում գտնվող իրանական որոշ հրամանատարական կետերի եւ սիրիական բանակի տեղաբաշխման վայրերին: Այս անգամ իսրայելցիների վրա պատասխան կրակ բացվեց: Սիրիացիները պնդում են, թե իրենց հակաօդային պաշտպանության ուժերը իսրայելական մի քանի օդանավ են խփել: Իսրայելը խոստովանեց մեկ F-16 ռազմօդանավի կործանումը: Հայտնի չէ, թե իրականում քանի օդանավ է խփվել եւ ում կողմիցՙ սիրիացիների, թե՞ ռուսների: Ակնհայտ է միայն, որ ԱՄՆ-ը բացեիբաց բռնել է Իսրայելի կողմը եւ փորձում է Ռուսաստանին ու Իրանին դուրս մղել Սիրիայից: Իրանը եւ լիբանանյան «Հզբոլլահը» տվեցին իրենց մեկնաբանությունը: Խփված իսրայելական F-16-ը նշանավորում է տարածաշրջանի նոր ստատուս-քվոն եւ ռազմավարական նոր փուլի մեկնարկը: Իրանի բարձրագույն ռազմական խորհրդի նախագահ Ալի Շամխանին փետրվարի 11-ին ասել է, որ արդեն ավարտվել է անպատիժ հարվածների ժամանակաշրջանը: ԱՄՆ-ի եւ սիոնիստական վարչակարգի գործողություններին դիմակայելու միակ միջոցը դիմադրության շարունակումն է: Սիոնիստական վարչակարգը պետք է պատրաստ լինի կրելու Սիրիայում իր նախահարձակման հետեւանքները, ասել է նա: Իրանը եւ շիա կազմավորումները ինչո՞ւ են կարեւորում իսրայելական օդուժին ներկայումս տրվող հակահարվածները: Իսրայելցիները պնդում են, թե իրենց օդային տարածքը արդեն անհեթեթություն է, քանի որ, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, միջադեպը տեղի է ունեցել Գոլանի բարձունքների վերեւում, իսկ միջազգային պայմանագրերի համաձայնՙ դա սիրիական տարածք է, որտեղ իբր նկատվել էր իրանական ինչ-որ անօդաչու թռչող սարք, ուստի իբր պատասխան հարված էր հասցվել սիրիական ուժերին եւ իրանցիների հրամանատարական կետերին: Հենց փետրվարի 11-ին Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ դա ակնհայտ ազդանշան է Իրանին, որի ներկայությունը Իսրայելի սահմանների մոտ անհանդուրժելի է: Նույն օրը Շամխանին հանդես եկավ պատասխան հայտարարությամբՙ նշելով, որ Սիրիայում Իրանն ունի ոչ թե ռազմական ներկայություն, այլ զինվորական խորհրդատուներ: Փետրվարի 12-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հավելեց, որ իրանական անօդաչու թռչող սարքի վերաբերյալ պնդումները առնվազն ծիծաղելի են: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Հոսեյն Սալամին իր հերթին հայտարարեց, որ սիրիացիները իրենք կարող են կռվել, իսկ Իրանը ի զորու է դժոխք ստեղծել սիոնիստների եւ նրանց ամերիկացի հովանավորների համար, քանի որ տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր ռազմակայանները հասանելի են իրանական հրթիռների համար: BBC-ն հաղորդել էր, թե իրանցիները մշտական ռազմակայան են ստեղծում Սիրիայում: Ավելի վաղՙ 2017-ի սեպտեմբերին, Իսրայելը Մոսկվային եւ Վաշինգտոնին խնդրել էր թույլ չտալ իրանցի զինծառայողների եւ շիա կազմավորումների ներկայություն Սիրիայի հարավումՙ Իսրայելի սահմանների մոտ: Մոսկվան ի վերջո չէր համաձայնել: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերովՙ Սիրիայում Իրանի ներկայությունը օրինական է: ԱՄՆ-ում բարձրացված այն աղմուկը, թե ս.թ. փետրվարին ամերիկացիները Սիրիայում ռուսներ են ոչնչացել, այժմ հանդարտվել է: Ավելին, այս կապակցությամբ սաուդցիների տարածած տեսանյութերը պատկերում են ոչ թե սպանված ռուս զինծառայողների, այլ Իդլիբում սիրիական բանակի ոչնչացրած գրոհայինների: Պենտագոնի մամլո քարտուղար Դանա Ուայթը հայտարարել է, որ իրենք որեւէ տեղեկություն չունեն ռուս զինծառայողների զոհվելու մասին: Նա ասել է, որ իրենք մշտական կապ են պահպանում ռուսական հրամանատարության հետ, որպեսզի խուսափեն կոնֆլիկտային իրավիճակներից: Ամերիկյան օդուժի գրոհից առաջ եւ դրանից հետո կանոնավոր կապ է պահպանվել կողմերի միջեւ: Ռուսական կողմը հավաստիացրել է, որ մարտի մեջ չի մտնի կոալիցիայի ուժերի հետ: Պենտագոնի գլխավոր տեսուչի փետրվարի 12-ի հաշվետվության մեջ նշվում է, որ ռուսական ռազմօդանավերը վտանգավոր մանեւրներ են կատարել ամերիկյան օդանավերի մոտակայքում, ինչը մեծացնում է չկանխամտացված փոխհրաձգությունների վտանգը: Ըստ Պենտագոնի, Սիրիայում ռուսների ներկայությունը դժվարցնում է գործողությունը «Իսլամական պետության» դեմ: Ռուսական կողմը քանիցս հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պատերազմն ավարտված է, ուստի ամերիկացիները եւ կոալիցիոն մյուս ուժերը պետք է հեռանան Սիրիայից: Ըստ այդմ, հնարավոր է, որ այս տարի դիվանագիտական տարբեր ճնշումների գործադրման միջոցով Մոսկվան ձգտի հասնել Սիրիայից կոալիցիոն ուժերի դուրսբերմանը: Մինչդեռ փետրվարի 1-10-ը ամերիկացիների եւ իսրայելցիների ձեռնարկած ակտիվ գործողությունների նպատակն է հասնել Սիրիայից ռուսական եւ իրանական ուժերի դուրսբերմանը: Ըստ որում, կատարվել է աշխատանքի բաժանում. ամերիկացիները ստուգում են ռուսների նյարդային համակարգը, իսրայելցիներըՙ իրանցիների: Կան նաեւ հակազդեցություններ, ըստ որումՙ ոչ միայն Իրանից: ՌԴ արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարության մեջ Իսրայելին փաստորեն մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու մեջ եւ զսպվածության կոչ է արել Սիրիային ու Իսրայելին. «Անհրաժեշտ է հարգել Սիրիայի եւ տարածաշրջանի մյուս երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Հարկավոր է ապահովել ռուսաստանցի զինծառայողների անվտանությունը, որոնք Սիրիայի իշխանությունների հրավերով այդ երկրում են հակաահաբեկչական պայքարին օժանդակելու համար»: Իսրայելը չի թաքցնում դժգոհությունը Մոսկվայի հայտարարությունից: Al Arabiya հեռուստաալիքը հաղորդում է, որ Իրաքի շիա կազմավորումների հրամանատարը իր հերթին սպառնացել է հարվածել ամերիկացիներին, եթե նրանք տարածաշրջանից չհեռանան «Իսլամական պետության» ոչնչացումից հետո: Ամերիկացիներն ու իսրայելցիները ամեն ջանք գործադրել էին, որպեսզի իրենց օդային հարվածները ժամկետի առումով համընկնեն Իրանի Իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձին: Հարկ է նշել, որ Իրանի վրեժը պատմական կտրվածքով երբեմն դարեր է տեւում: Հետաքրքրական զուգադիպությամբ հենց փետրվարի 11-ին սիրիացի քրդերը երկրի հյուսիսում խոցեցին թուրքական ուղղաթիռ: |