ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՖՐԻՆԻ Հ.Ծ. Գերմանիայում «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հատուկ թղթակից Մուրիել Միրաք-Վայսբախը հաղորդում է, որ Աֆրինում թուրքական զինվորական միջամտության եւ գազանային հարձակումներին զուգահեռ ճնշումները գերմանական կառավարության վրա սաստկացել ենՙ պահանջելով դադարեցնել արյունահեղությունը այդ շրջանում: Քանի որ Գերմանիան զինամթերք է մատակարարել Թուրքիային, կառավարությունը սուր քննադատության է ենթարկվել: Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերը հաստատել են, որ գերմանական «Լեոպարդ 2» տանկեր մասնակցել են թուրքերի վայրագ գործողություններին: Արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ սառեցվելու է թուրքական բանակը արդիականացնելու գործընթացը: Հունվարի 27-ին եւ դրանից հետո քուրդերի կազմակերպած զանգվածային ցույցերից հետո, փետրվարի 2-ին մոտ հարյուր գերմանացի մտավորականներ եւ արվեստագետներ բաց նամակ են հղել կանցլեր Մերկելին եւ արտգործնախարար Գաբրիելինՙ պահանջելով անտարբեր չմնալ. «Եթե դուք հավատում եք, որ ժողովրդավարությունը եւ միջազգային իրավունքները ավելին են քան դրանց մասին ճոռոմախոսելը, ապա Եվրոմիությունն ու Գերմանիան ամեն միջոց պետք է գործադրեն, որպեսզի Թուրքիան անհապաղ վերջ դնի ագրեսիային», գրված է նամակում, որի տակ ստորագրել են պրոֆեսորներ, գրողներ, դերասաններ եւ ֆիլմարտադրողներ: |