RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-07-06 11:21:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 5545, Տպվել է` 664, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՏԱՏԵԼ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Դժվար է կիսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի լավատեսությունը, թե «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ կապված գայթակղության բացահայտումը հայկական սփյուռքում կմեծացնի վստահությունը հիմնադրամի նկատմամբ: Դժբախտաբար վստահության կորստի դարմանումը, անվստահությունը վստահությամբ փոխարինելը երբեք չի լինում այդքան արագ եւ անմիջական: Նույնիսկ անձնական հարաբերություններում, ուր ներողամտությունը կարեւոր տարր է, նախկին անվստահությունը թողնում է իր հետքը: Հետեւաբար, գործադիր տնօրենի պաշտոնանկությամբ չի վերանում անվստահության խնդիրը, որը ոչ միայն եւ ոչ այնքան կապված է անհատի բարոյական նկարագրի, որքան հանրային ընկալումների հետ: Իսկ այդ ընկալումներում, կոնկրետՙ «Հայաստան» հիմնադրամի պարագայում, եթե ոչ կասկածելի, ապա առնվազն ենթադրելի անպարկեշտության դրսեւորումները միշտ էլ առկա են եղել, եւ ոչ միայն սփյուռքյան պատկերացումներում: Ի վերջո, համատարած անմաքուր մթնոլորտում, որի բացահայտումները մեր համապատասխան մարմինները մազոխիստական հրճվանքով եւ ամենօրյա կշռույթով ցուցադրում են լայն հանրությանը, չի կարող լինել իդեալական մաքրությամբ օազիս, տարածք, հատված, կետ:

Այսուհանդերձ, հանրային ընկալումներից անդին, մեր ամենահամահայկական կառույցիՙ «Հայաստան» հիմնադրամի ներքին կառուցվածքը, ինստիտուցիոնալ կարգապահության վիճակը, պրոֆեսիոնալ պարկեշտության մակարդակը, թափանցիկությունը եւ հոգաբարձական ժողովների ընթացքում քննադատությունների եւ քննարկումների առաջ բաց լինելու, ավելի շուտՙ չլինելը, թերի եւ անկատար է եղել իր ստեղծման առաջին օրվանից, 1992 սեպտեմբերից, երբ ՀՀ առաջին նախագահը իրականացնում էր հիմնադրամի ստեղծման հրաշալի գաղափարը: Հոգաբարձուների հիմնադիր նիստում նա առաջարկեց իրեն եւ իր խմբակին վստահելի Մանուշակ Պետրոսյանին նշանակել հիմնադրամի նախագահ: Եվ միայն այն բանից հետո, երբ ընդմիջմանը կարճ խորհրդակցություն ունենալուց հետո, ամենաազդեցիկ հոգաբարձուներ Լուիզ Մանուկյան-Սիմոնը, Արշավիր Կէօնճյանը եւ Հրայր Հովնանյանը, առաջինի բերանով մերժեցին հաստատել նման որոշումը, կատարվեց զիջումՙ տիկին Մանուշակը նշանակվեց գործադիր տնօրեն, այսինքնՙ ենթակա պաշտոնյա, հաշվետուՙ հոգաբարձուների խորհրդին: Սակայն, այդ ենթակայությունը, հավատարմությունը այնուհետեւ միշտ մնաց ՀՀ առաջին եւ հաջորդ նախագահների տրամադրության ներքո, իսկ հոգաբարձական կազմըՙ կաթողիկոսներով ու բարերարներով հանդերձՙ վավերացնող-հաստատողի կարգավիճակում:

Այլ խոսքով, հիմնադրամի հաջորդական տնօրենները միշտ մնացել են երկրի իրարահաջորդ ղեկավարներին ու նրանց թիմին սպասարկողի կարգավիճակում, մինչ սփյուռքահայերըՙ միայն գումար հանգանակողի եւ հանդիսանքային անհրաժեշտ դեկորացիան ապահովողի դերում: Եվ սկսվեցին ավերածություններն եւ շորթումները:

Նկատի ունենալով հիմնադրամի ղեկավար մարմնիՙ հոգաբարձական խորհրդի անգործունյա այդ վիճակը եւ, մանավանդ, հետզհետե նվազող արդյունավետությունը (իր գոյության 16 տարիների ընթացքում հիմնադրամը հանգանակել է ընդամենը շուրջ 245 միլիոն դոլար), դեռեւս 2015 թվականից ի վեր մի քանի անգամ առաջարկել եմ ապապետականացնել հիմնադրամի ղեկավարումը եւ ՀՀ գործադիր իշխանությանը վերապահել բացառապես միայն ծրագիր առաջադրողի եւ նախահաշիվ ու հաշվետվություն ներկայացնողի պարտականությունը: Կրկնենք հայտնի ճշմարտությունըՙ կառավարությունները վատ տնտեսվարողներ են, մանավանդ մեր պարագայում, ուր միշտ առկա է եղել, եւ ոչ մեկ երաշխիք, որ հետագայում չի լինի, ազգի ու պետության միջոցները սեփականի հետ շփոթելու հոռի սովորույթը; Հետեւաբար պետական-կառավարական մարմինները պետք է դուրս թողնվեն նմանՙ համազգային կառույցներից: Փոխարենը այդ գործը պետք է թողնել հենց իրենցՙ մեծ ու փոքր նվիրատուներին, մեծ ու փոքր բարերարներին, որոնց մեջ, բնականաբար, քիչ չեն գործից հասկացող, պարկեշտ եւ նվիրյալ մարդիկ, որոնց կարելի է վստահել հանգանականությունների կազմակերպման, միջոցների վերահսկողության ամբողջ գործը:

Միայն այդ պարագայում կարելի է հետզհետե հաստատել վստահությունը հիմնադրամի նկատմամբ, բազմապատկել ցարդ հանգանակված ճղճիմ գումարները, գործնականորեն արդյունավորել համահայաստանյան կարեւոր ծրագիրները:

Դա չի լինի անմիջապես, դա ժամանակ է պահանջում, եւ ոչ միայն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ