Ի ՆՊԱՍՏ ՀՕՖ-Ի ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ Հ.Ծ. Ուիհոուկենի (Նյու Ջերսի, ԱՄՆ) «Չարտ հաուս» (Chart House, Weehawken, NJ) հաստատությունում հունիսի 7-ին տեղի է ունեցել ոգեշնչող դրամահավաք ի նպաստ Երեւանի Հայ օգնության ֆոնդի երեխաների կենտրոնի, տեղեկացնւոմ է Ֆլորենս Ավագյանը «Միրոր-Սփեքթեյթրի» էջերում: Ներկա են եղել այդ ծրագրի երկարամյա նախագահ (այժմ փոխնախագահ) Խաժակ արք. Պարսամյանը, նրան փոխարինող ԱՄՆ-ի արեւելյան թեմի նորընտիր առաջնորդ հայր Դանիել Ֆինդիքյանը եւ Սբ. Խաչ հայկական եկեղեցու հովիվՙ հայր Վազգեն Գարայանը: ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնը սկսել է գործել 2000 թվականի նոյեմբերի 1-ից: Նրա եռանդուն տնօրեն դոկտ. Մայրա Անտոնյանի եւ հոգատար անձնակազմի ջանքերի շնորհիվ ավելի քան 11 հազար ծնողազուրկ երեխաներ օգտվել են կենտրոնի ծառայություններից: «ՅՈՒՆԻՍԵՖ» կենտրոնի ծառայությունները «լավագույնը եւ ամենաարդյունավետն է» ճանաչել: Պարսամյան սրբազանի աղոթքից հետո միջոցառման մասնակիցներին բացման խոսքով դիմել է Սիլվա Թորոսյանը : Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՕՖ-ի վարչության անդամ Անետ Չուլֆայանը: Երեկոն եզրափակել է «Ախթամար» պարի համույթը: |