ԳԼԵՆԴԵՅԼԻ ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ Հ. Ծ. Վերջին երկու-երեք տարիների ընթացքում, ըստ «Լոս Անջելես Թայմս» պարբերականի, Գլենդեյլի ոստիկանական բաժանմունքում աշխատող Ջոն Սարո Բալյանը Հետաքննությունների Դաշնային բյուրոյի ուշադրության կենտրոնում է եղել: Մեկ տարվա մեջ կայացած չորս հանդիպումների ընթացքում քառասունհինգամյա Բալյանը խաբել է իշխանություններին ժխտելով իր կապը մեքսիկական մաֆիայի եւ Հարավային Կալիֆոռնիայում հայկական կազմակերպված հանցագործությունների հետ: Նրան հիմնականում կասկածում են այլ հանցագործների հետ ավտոմեքենաներ գողանալու եւ վաճառելու մեջ: Հանցանքը ապացուցելու դեպքում մինչեւ հինգ տարվա բանտարկություն է սպասում նրան: Երեք տարբեր գաղտնի ամբաստանողներ ցուցմունք են տվել նրա դեմ, կազմվել է 47 էջանոց գործ, որի մեջ ներառված են նաեւ կաշառքի եւ թմրադեղերի հետ կապված հարցեր: Դաշնային իշխանությունները խուզարկել են Բալյանի Սիլ Բիչում գտնվող տունը: Հետաքննությունը շարունակվում է: Առավել մտահոգիչ են հանցագործ աշխարհի հետ կապված հայերի ձերբակալության լուրերը Իսպանիայում: |