ԵՂԾ` ԱՂԱՆԴՈՑ ՀՐԱՉՅԱ ԽԱՉԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, 28. 06. 2018թ. Նամակ` ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին Մեծարգո պարոն վարչապետ Մենք այժմ ապրում ենք սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ փոխվում է մեծ արագությամբ: Նմանօրինակ արմատական փոփոխություններ եղան նաեւ Հայաստանի Հանրապետությունում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին: Խոսքը համաժողովրդական խաղաղ եւ ոչ բռնի հեղափոխության մասին է, որը ոմանք այդպես էլ չընկալեցին: Երկիրն այժմ ապրում է հոգեփոխման (կատարսիս) պատմական ժամանակում, երբ վերանայվում են շատ արժեքներ: Ներկայումս համընդհանուր պատերազմ է հայտարարված ապօրինություններին, մենաշնորհին եւ կաշառասունությանը (կոռուպցիա), որը դրական գործընթաց է եւ արմատապես վերափոխում է Հայաստանը: Բայց կան նաեւ ուժեր, որոնք կամենում են ձախողել դրական այս քայլերը: Մենք առաջին հերթին նկատի ունենք ամբողջատիրական ու քայքայիչ աղանդները, որոնք ուղղված են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլեւ Հայոց իշխանության եւ ընդհանրապես Հայոց քաղաքակրթության դեմ: Դրանք գրանցվել են նախորդ իշխանությունների հակաժողովրդական եւ հակահայկական քաղաքականության հետեւանքով: Խոսքը հատկապես Եհովայի վկաների մասին է: Սա համաշխարհային ստվերային կառավարության հոգեւոր ջոկատն է, որը կործանել է բազմաթիվ երկրներ եւ ժողովուրդներ: Եվ բնավ էլ պատահական չէ, որ այն որոշ երկրներում արգելված է, օրինակՙ Ռուսաստանի Դաշնությունում: Եհովայի վկաները մեզ բառացիորեն հետապնդում են ամենուրեքՙ մտնելով մեր բնակարանները, խախտելով մեր մարդկային եւ ազգային իրավունքները, մեզ սադրելով հակապետական քայլերի: Ցավոք սրտի, Մայր աթոռը կրավորական անհասկանալի դիրք է գրավել եւ շատ թույլ պայքար է մղում դրանց դեմՙ պատճառաբանելով հավատի ազատության կեղծ ու պատիր դրույթը, որն արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում եւ խաթարում է մեր հոգեւոր եւ ազգային նկարագիրը: Նախկինում հոգեւոր ներխուժումների պատճառով մենք կորցրինք մեր հայրենակիցներին եւ երկրի զգալի մասը: Այնպես որ, այժմ այդ պայքարը խիստ արդիական է եւ հրատապ: Մինչդեռ մեր եկեղեցու առաջնորդը նախաձեռնություն չի դրսեւորում եւ, որքան էլ զարմանալի է, անգամ արգելում է պայքարել աղանդների դեմ: Այս մասին են վկայում որոշ հոգեւորականներ եւ հայրենասեր գործիչներ: Ստացվում է մի շատ տարօրինակ իրավիճակ. տկարանում է պայքարի մեր ոգին: Մինչդեռ աղանդի ներկայացուցիչները շատ ճկուն են ու համառ եւ օգտվում են մեր հասարակության սոցիալական ծանր վիճակից: Նրանք ձրի բաժանում են գրականությունՙ զբաղվելով օրենքով արգելված հոգեորսությամբ: «Նարեկ» աղոթքների խումբը անզիջում եւ անդրդվելի է այս խնդրում, քանի որ դա վերաբերում է մեր կեցությանը, հոգեւոր անվտանգությանը եւ հավատի մաքրությանը: Մենք քարոզում եւ ներկայացնում ենք հոգեւոր մեր հայրերի գործերն ու մտքերը, Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը, նաեւ հայոց քաղաքակրթության արժեքները, կազմակերպում ուխտագնացություններ եւ սերտացնում հոգոր մեր կապերը Սփյուռքի հետ: Նշենք, որ մեր հայրենակիցներն ապրում եւ շնչում են Հայաստանով եւ զորավոր մեր հավատով: Նահանջային հոգեբանությունը եւ կրավորականությունը մեզանում տեղ չունեն: Մեր խումբն ամեն կերպ աջակցում է ժողովրդի ընտրած ներկայիս իշխանություններին եւ պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում հաստատվի օրինականությունը, արդարությունը, ազնվությունը եւ հոգեւոր արժեքների գերակայությունը: Մենք համոզված ենք, որ գործընթացներն անշրջելի են ու շուտով կլինի կյանքի առողջացում, եւ կամրապնդվեն չորրորդ հանրապետության հիմքերը: Մեր խումբը մասնակիցն է այս պատմական իրադարձությունների եւ պատրաստակամ է հակահարված տալ ամեն տեսակ թափթփուկների եւ սինլքորների: Աղանդների խնդիրը նաեւ ծանր հարված է մեր բանակին եւ պաշտպանունակությանը, քանի որ այդ աղանդի անդամները քարոզում են չծառայել բանակում: Սա արդեն լուրջ հանգամանք է, որը սթափության յուրօրինակ ուղերձ է մեզ: Մենք հոգ ենք տանում հոգեւոր դաշտի մաքրության, որը մեզ համար կենսական նշանակություն ունի: Մեր խորին համոզմամբՙ հարկավոր է վերացնել ոչ թե հետեւանքը, այլ պատճառը: Հաշվի առնելով այս ամենըՙ մենքՙ ՀՀ եւ Սփյուռքի հպարտ եւ բարեպաշտ քաղաքացիներս պահանջում ենք արգելել Եհովայի վկաների գործունեությունը Հայաստանի ողջ տարածքում: «Նարեկ» աղոթքների խմբի (29.000 հոգի) ղեկավարՙ |