RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-07-06 11:21:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3113, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՐՈՂ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏԵԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ

Գ. Գ.

Հուլիսի 4-ին Երեւանի պետական համալսարանի «Պալեանների» դահլիճում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ գրող, գրականագետ, բանասեր Գրիգոր Պըլտեանի հետ: Ներկա էին գրականագետներ, ուսանողներ, գրասերներ: Քննարկման բուն թեման թիֆլիսահայ գրող, թարգմանիչ, Թիֆլիսում ֆուտուրիզմի առաջին կրողներից ու տարածողներից Կարա-Դերվիշն էր: Գրականագետը խոսեց հայկական ֆուտուրիզմի, Կարա-Դերվիշի եւ գրական այդ ուղղության մի շարք ակնառու դեմքերի մասին, որոնք հետագայում մեծ դեր ունեցան ֆուտուրիստական շարժման մեջ: Թեժ զրույցի ընթացքում թեման ընդլայնվեց, որի արդյունքում քննարկման առարկա դարձավ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարի հայ գրական կյանքը: Խոսվեց նաեւ 1914 թ. Պոլսում լույս տեսած «Մեհեան» ամսագրի ու այնտեղ տպագրվող հեղինակների մասին (Վարուժան, Զարյան, Թեքեյան եւ այլք): Պըլտեանն այդ ամսագիրը բացառիկ համարեց, քանի որ այն, չնայած ընդամենը յոթամսյա գոյության, նշանակալի ու անջնջելի գաղափարական հետք է թողել հայ գրականության մեջ:

Հարց ու պատասխանի տեսքով խոսվեց նաեւ գրականության մեջ հոր ու որդու կերպարների մասին, ի զարմանս բոլորի, Պըլտեանը որպես հոր ու որդու կերպարի դասական օրինակ բերեց հայկական հնագույն Արտաշես եւ Արտավազդ վիպերգը, հավելելով, որ յուրաքանչյուր հասարակության մեջ շատ են արտաշեսները, բայց նրանց չեն զիջում նաեւ արտավազդները:

Խոսելով իր գրականագիտական ուսումնասիրությունների մասին, Գրիգոր Պըլտեանն ասաց, որ այդ գործում ինքն էապես օգտվել է մամուլից, եւ ներկա գտնվող ուսանողներին էլ խորհուրդ տվեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել մամուլը, քանի որ առանց դրա հնարավոր չէ ոչինչ անել: Գրիգոր Պըլտեանը մի շարք վեպերի («Սեմեր», «Հարուածը», «Պատկերը» եւ այլն), բանաստեղծական ժողավածուների («Ելք», «Ինչ որ չես տեսներ» եւ այլն), մի շարք գրաքննադատական («Տարմ», «Մարտ», «Հայկական ֆուտուրիզմ», «Կրակէ շրջանակը Դանիէլ Վարուժանի շուրջ», «Ի գործ արկանել» եւ այլն) աշխատությունների հեղինակ է: Վերջինը «Ֆրանսահայ Գրականութիւնն» է, որն արտացոլում է ֆրանսահայ գրականության 1922-1972 թթ: Հեղինակը խոսելով այս գրքի մասին, ասաց, որ մանրամասնորեն ու համակողմանիորեն ներկայացրել է ֆրանսահայ գրականության կես դարը, քննել ու համադրել հաճախ ընթերցողից թաքնված մանրուքները: Հուրախություն բոլորի, հայտնի դարձավ, որ այժմ Գրիգոր Պըլտեանը պատրաստվում է ընթրեցողի սեղանին դնել «Հայկական սիմվոլիզմ» աշխատությունը, որը, դեռեւս պատրաստման փուլում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ