RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



Տեղադրվել է` 2018-09-16 18:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 5735, Տպվել է` 548, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԵՖԸ ԿԱ, ՀԱՑԸՙ ՈՉ

Հ. ԱՖՅԱՆ

Սեպտեմբերի 15-ից հետո Հայաստանում քրեական բացահայտումներն ու հոգեբանական նվաստացումները նոր թափ են ստանալու: Բանն այն է, որ հենց վաղվանից Վրաստանը փակում է Ռուսաստանիցՙ Հայաստան ներկվող ցորենի վերգետնյա ճանապարհը, այսինքն այն բեռնատարները, որոնցով Հայաստան ռուսական ցորեն էր բերվում, այլեւս չեն աշխատելու: Թբիլիսին, որպես այլընտրանք, առաջարկում է, օրինակ, ծովային ճանապարհը. չի բացառվում, որ վրաց կառավարությունը համոզված է, որ Հայաստանը ծովափնյա երկիր է, մյուս կողմիցՙ չի բացառվում, որ Թբիլիսին պարզապես ուզում է Հայաստանին նվիրել Փոթիի նավահանգիստը, հենց այնպես, սիրուն աչքերի համար:

Հիմա, ցորեն բեռնափոխադրողները հայտարարում են, որ եթե Վրաստանի որոշումը չփոխվի, ներկրվող հացահատիկի տարբերությունը մեկ տոննայի համար կկազմի 140 դոլար, ընդ որում, եթե նույնիսկ վրացական կողմը կիրառի խոստացած զեղչը, ապա միեւնույն էՙ ցորենի գինը կբարձրանա 46-52 դոլարով, ինչի հետեւանքով էլ կբարձրանա հացի գինը. չեն ասում, թե որքան, որպեզի տրամադրություններս շատ չընկնի: Այս սոցիալական աղետը, իսկ հացի թանկանալը նույնիսկ Կանադայում սոցիալական աղետ է, կանխելու համար բեռնափոխադրողները բողոքում են, ավելինՙ ճանապարհ փակում, ինչը, ինչպես գիտենք, Հայաստանում այսուհետ հաջողության գրավականն է:

Ուշագրավ է, որ անցնող շաբաթ, երբ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությունը Երեւանում էր, այդ պատվիրակության կազմում էր նաեւ անձամբ հարեւան երկրի տրանսպորտի նախարարը, որն էլ հենց դեպի Հայաստան ցորենի ճանապարհը փակող որոշման հեղինակն է: Ես, իհարկե, չգիտեմ, թե նա հանդիպե՞լ է արդյոք հայ գործընկերոջը, վերջինս նրան ասե՞լ է, որ նման բան չանեն, կամ վարչապետեր Փաշինյանն ու Բախտաձեն իրենց առանձնազրույցում այս հարցը քննարկե՞լ են: Չգիտեմ, քանի որ պաշտոնական հաղորդագրություններում, ավանդույթի ուժով, մնում են հայ-վրացական բաժակաճառերն ու դարավոր բարեկամության գովքը: Հետեւաբար հիմք կա եզրակացնելու, որ ցորենի հարցը հայ-վրացաան վերջին բանակցություններում չի արծարծվել: Սա նշանակում է, որ մեր կառավարությունը այլ միջոց ունիՙ հացի թանկացման դեմ պայքարելու համար: Պետք է պարզապես այնպես անել, որ Հայաստանի հանրապետության որեւէ քաղաքացի չզգա, որ հացը թանկացել է, ընդ որումՙ ե՛ւ հաց գնի, ե՛ւ չզգա: Դրա համար էլ եկող շաբաթվանից քրեական բացահայտումներն ու հոգեբանական նվաստացումները նոր թափ կստանան, ավելինՙ դրանք ավելի ու ավելի կդառնան մասսայական թամաշայի նյութ, դե իսկ մեր ժողովուրդն էլ գերադասում է սոված մնալ, բայց արդարություն հաստատել, ինչի մեջ, իմիջիայլոց, հոգեբանական նվաստացումը չի մտնում, քանի որ այն վենդետտայի դասական տարր է:

Որքան կդիմանա՞նք: Կարծում եմ ճիշտ հարցադրում չէ. հայերիս պարագայում դիմանալով հետաքրքրվելը ծիծաղելի է, քանի որ մենքՙ հինավուրց, մազապուրծ...դե դուք հասկացաք: Հարցն այլ տեղ է, եթե հանկարծ մի օր Հայաստանում բոլոր կաշառակերները, մարդասպանները, գողերն ու ավազակները, լկտիներն ու չոբանները (չխառնել հովիվների հետ), բարի համբավի համար կռիվ տվող չարքերը, օլիգարխներն ու նրանց թիկնապահները բացահայտվեն, չեզոքացվեն, վերացվեն, իսկ դատելով կառավարության տեմպիցՙ դա կլինի մոտ ժամանակներս, մնանք միայն սպիտակներով, անկաշառներով, նույնիսկ ճանճ կյանքում սատկեցնել չկարողացողներով, ...ի՞նչ է ուտելու ժողովուրդը, ավելի ճիշտՙ ինչ-որ ուտելու բան լինելո՞ւ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ