RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



Տեղադրվել է` 2018-09-16 18:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 5296, Տպվել է` 559, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐԿԵԼԸ «GASERBAIDSCHAN»- ՈՒՄ ԷԼ ԸՆԴԳԾԵՑՙ ՍԱՏԱՐԵԼՈՒ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական լրատվամիջոցներում Անգելա Մերկելի Հարավկովկասյան այցի լուսաբանմանը վերածանոթանալիս համոզվեցինք, որ մի կարեւոր դիտարկում պատշաճ ուշադրությամբ չենք առանձնացրել: Գերմանացի մեր գործընկերները, բնականաբար, քննադատության ամենամեծ բաժինն ուղղել էին Ադրբեջանին, որի «բռնակալ նախագահը ոտնահարում է մարդու իրավունքները, լրագրողներին զրկում խոսքի ազատությունից, բանտարկում, սպանում»: Որոշ լրագրողներ չէին վարանել կտրուկ ձեւակերպել, թե Մերկելի 3-օրյա այցի առանցքը Բաքվից գազ ստանալու հավանականությունն է, ինչը նպաստելու է Ռուսաստանից կախվածության թուլացմանը:

Այց «Gaserbaidschan», դիպուկ ձեւակերպել էր «Նորդկուրիեր» թերթը, բայց, ինչպես չէր պնդել եւ ոչ մի լրատվամիջոց, հիշատակված պարբերականն էլ խուսափել էր պնդել, թե պայմանավորվածությունն իրողություն դառնալու շատ մեծ հավանականություն ունի:

Մեջբերենք «Լյուբեքեր նախրիհթեն»-ի հետեւյալ դիտարկումըՙ «Բաքվում Ալիեւը ցուցադրելով, թե հետաքրքրված է ԵՄ գազ արտահանելու հարցով, ձեռնպահ մնաց պատասխան հնչեցնել, թե Թուրքմենստանը նույնը կանի՞ՙ Ադրբեջանի վրայով Եվրոպա գազ կմատակարարի՞: Դա ինքը չի որոշում», ըստ վերոհիշյալ աղբյուրի ասել է Ալիեւը: Թուրքմենստանից էլ գազ ստանալու հավանականությունն աճել է, բայց արմատական հարցերից մեկըՙ Կասպիցի ջրային եւ ընդերքի բաժանումը դեռ լուծված չէ, ծանուցում է գերմանական «Լյուբեքեր նախրիհթեն» թերթը:

«Բիլդը» ուշադրության առանցքում է պահում այն հանգամանքը, որ կանցլերը Ադրբեջան կարճառոտ այցի ընթացքում հասցրեց հանդիպել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ Բաքվում չգիշերելովՙ փաստորեն, այսպես ձեւակերպենք, ձեռնպահ մնաց Ալիեւին հարստացնելուց: Իսմայիլովան հարց էր ուղղել կանցլերինՙ «երկրի բոլոր մեծ հյուրանոցները պատկանում են նախագահի ընտանիքին, գիշերելո՞ւ եքՙ հարստացնելով Ալիեւներին», ի թիվս այլ հարցերի ակնարկել էր լրագրողը:

«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե» թերթի թղթակիցը Բաքվից ուղարկված իր թղթակցության մեջ նկատել էր տվել, թե Բաքվիՙ Վայլերի առջեւ պայմանն ու մուտքի արգելքը ստվերեցին Մերկելի այցն իհարկե, բայց առիթ տվեցին մարդու իրավունքների ոտնահարման հարցում առավել խիստ քննադատության: Ըստ նույն աղբյուրի, Մերկելը Բաքվում, ինչպես նախապես Երեւանում, պատրաստակամություն էր հայտնել սատարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Թերթն ընդգծում է, թե «Փաշինյանը Երեւանում Մերկելի հետ հանդիպմանն հավաստիացրել է, թե Հայաստանը պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մերկելն էլ փոխադարձել է, թե Հայաստանում իշխանափոխությունը միգուցե նոր հնարավորություն ընձեռնի հակամարտության լուծման համար: Մեր ոգեւորությունն այժմ նորից ավելի է աճել », գրում է գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»ՙ մեջբերելով կանցլերի խոսքը:

Ղարաբաղյան հարցի խաղաղ լուծման անհրաժեշտության մասին է գերմանական ռադիոյիՙ «Դոյչլանդֆունկի»ՙ սոցիալ դեմոկրատ քաղաքական գործիչ Յոհաննես Կահրսի հետ հարցազրույցը, որ եթեր է սփռվել կանցլերի Բաքու այցի օրը: «Եվրոպական շահերից է բխում, որ ԼՂ հակամարտությունը պատերազմի չվերածվի», ասում է Կահրսը:

Տեղի սղության պատճառով մեր դիտարկումները կշարունակենք «Ազգի» հաջորդ համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ