RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-09-16 18:33:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 5354, Տպվել է` 537, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆՍ, ՀԱՄՈՎՍ, ՍԵՐՍ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ոչ երանի նրան, ով թավշյա հեղափոխության միջով անցած նոր Հայաստանում քաղաքական կողմնորոշում չունի, ամեն օր վերլուծում է երկրում տիրող իրավիճակը, ծանրութեթեւ է անում, բայց այդպես էլ քաղաքական հայացքներում չի կողմնորոշվում: Որովհետեւ երբ նախկինում երկիրդ ու հասարակությունդ բաժանված էին ՀՀԿ-ականների ու ոչ ՀՀԿ-ականների, սկզբունքներիդ հարցում կողմնորոշվելը հեշտ էր: Իսկ հիմա, երբ երկիրդ ու հասարակությունդ բաժանված են հազար մասի, սկզբունքներդ ճեղքում են ներսդ ու դուրս չեն գալիս, որովհետեւ եթե դուրս գան, քեզ քո երկրում մենակ ես զգալու:

Երկիրդ շախմատի տախտակ են դարձրել ու սեւ-սպիտակի բաժանածՙ շախմատի տախտակի վրա շաշկի են խաղում: Նախկինում հստակ էրՙ պետք էր պայքարել իշխանությունների դեմ, հիմա էլ է հստակՙ պետք է պայքարել անիշխանության դեմ: Բայց փորձիր հրապարակավ ասել, որ երկրում անիշխանություն է տիրում. հում-հում կուտեն: Սոցցանցերը, ինչպես միշտ, հասարակական տրամադրությունների լակմուսի թուղթն են: Համարյա ժողովրդի թշնամու պիտակ «կվաստակի» նա, ով հատկապես Նիկոլ Փաշինյանին կասիՙ աչքիդ վերեւում սեւ հոնք կա: Եթե անգամ քննադատությունն առողջ է, հիմնավորված, փաստարկված, հանրությունը «հակահեղափոխականին» կտանի ուղիղ ֆեյսբուքյան կառափնարան: Քաղաքացիական սառը պատերազմի հոտը «Սանիտեքի» կուտակած աղբի հոտին տվել-անցել է: Նախկինում իշխանություններին հասցեագրված քննադատությունները սվիններով էին ընդունում հենց իշխանություններըՙ որպես հասցեատեր, ու դա բնական էր: Հիմա իշխանություններին հասցեագրված քննադատությունները սվիններով է ընդունում հասարակությունըՙ մոռանալով, որ քննադատել նշանակում է իշխանություններին սթափեցնել, կարգի հրավիրել, որ նրանք աշխատեն հանուն հասարակության բարեկեցության ու արժանապատիվ կյանքի: Չքննադատե՞ս, աչք փակե՞ս, երբ իշխանության առաջնորդը շարունակում է իրեն ընդդիմության պես պահել, երբ նրա ընդդիմադիր կեցվածքը դարձել է կենսակերպ ու ոճ: Չնայած եթե հաշվի առնենք, որ որոշ քաղաքական ուժեր իրենց իշխանության պես են պահում, բնական է թվում, որ բուն իշխանությունն էլ պետք է շարունակի իրեն ընդդիմության պես պահել:

Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավին ընդառաջՙ Գագիկ Ծառուկյանը «Փարավոն» համալիրում կազմակերպեց «Կայուն եւ հարմարավետ քաղաքներ» խորագրով համաժողով: Հայաստան էր հրավիրել աշխարհի 23 քաղաքների քաղաքապետերի, որպեսզի նրանք իրենց խորհուրդներով ու փորձով կիսվեն Երեւանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ: Ըստ էությանՙ Գագիկ Ծառուկյանն իր վրա էր վերցրել պետական գործառույթՙ ցույց տալով, որ ինքն այնքան ազդեցիկ ու հարուստ է, որ կարող է իրեն պատկանող բիզնես-կառույցներից մեկում օտար քաղաքների քաղաքապետերի, իր ելույթը համակ ուշադրությամբ, քար կտրած լսող հանրության առաջ ճոխ պայմաններում ներկայացնել քաղաքապետի իր թեկնածուին. ավելինՙ խոստանալ, որ քաղաքապետի իր թեկնածուին անց կացնելու համար ընտրակաշառք չի բաժանի, բարեգործություն չի անի: Իսկ Երեւանը կառավարելը հեչ էլ դժվար չէ, շատ էլ հնարավոր է Երեւանի 170 միլիոնանոց բյուջեն դարձնել 300 միլիոն, վերելակները փոխել, աղբահանությունը, ասֆալտապատումը ճիշտ կազմակերպել, տարեկան 100 հազար քմ. բնակֆոնդ կառուցել: Ու այս ամենը տեղումՙ ամբիոնի մոտ թվերը գումարել-հանելով, բաժանել-բազմապատկելովՙ ապացույց, որ Երեւանը խելքի բերելն իր համար մեկից մեկ է: Հզոր ու ազդեցիկ մարդը քաղաքապետի առնվազն երկու թեկնածու պետք է ունենա. միայն Նաիրա Զոհրաբյանը քիչ է: ԲՀԿ-ի շարքերից Արարատ Զուրաբյանը եւս քաղաքապետի պակաս թեկնածու չէ: Ու ստացվում էՙ նույն կուսակցությունից երկու հոգի քաղաքապետի ընտրություններում պայքարում են իրար դեմ: Իհարկե, Զուրաբյանը գլխավորում է ՀՀՇ-ի ցուցակը «Երեւանցիներ» եւ ոչ թե «Ծառուկյան» դաշինքում:

Եվ առհասարակ բոլոր 12 թեկնածուները բուռն պայքար են սկսել. ամեն մեկը փորձում է երեւանցիներին համոզել, որ իրեն ընտրեն: Նախընտրական ծրագրերի, քարոզչության, խոստումների, երդումների մրցավազք, իսկ Երեւանի գովքն ու նեբողները թեկնածուներին մի-մի գուսան են դարձրել, բոլորը բլբուլ կտրածՙ Երեւանին սեր են խոստովանումՙ համով-հոտով, սիրուն-նախշուն, քաղցր-քնքուշ Երեւանս: Մի սեր է բուսնել, մի սեր, որ Ռումեոի ու Ջուլիետի, Տրիստանի ու Իզոլդայի սիրո դրսեւորումները ծալել-մի կողմ է գցել: Էլ ի՞նչ դարդ, Երեւանում ապրելն ընտրություններից հետո դրախտի վայելք է լինելու, աջ ենք նայելուՙ կանաչ, ծառ ու ծաղիկ, ձախ ենք նայելուՙ նորացված բնակֆոնդ, բոլոր կարիքավորների համար բազմաբնակարան շենքեր, շուրջբոլորը մաքուր, անուշաբույր, ի՜նչ «Սանիտեք», ի՜նչ կուտակված աղբ: Անգամ աղբի մշակման գործարան ենք ունենալու, այլընտրանքային էներգիա ենք արտադրելու, վերելակների գործարան էլ ենք ունենալու: Իսկ հասարակական տրանսպորտի խնդիրը մեկից մեկ լուծված է: Ի՜նչ երկտակված խցկվել երթուղայինի մեջ, ի՜նչ կեղտոտ, խարխլված ԳԱԶԵԼ-ներ: Մարդիկ սեւով սպիտակի վրա գրել են, ամբիոններից խոստանում ենՙ ոչ միայն տրանսպորտի հարցն են լուծելու, այլեւ մետրոյի կայարաններ են ավելացնելու: Ու բոլոր գործողություններըՙ արդար, թափանցիկ, բաց ներկայացնելու են երեւանցիներին, որպեսզի նրանք իրենց աչքով տեսնեն, թե ինչպես է օգտագործվում Երեւանի բյուջեն:

«Սանիտեքը» կրակի վրա յուղ լցրեց, նախընտրական ծրագրերի մեջ հիմնարար դրույթ ավելացրեց: Քաղաքապետի ու ավագանու թեկնածուներն աղբահաությունը դրոշակ ու մատի փաթաթան են դարձրել: Ոչ ոք պատճառների մեջ չի խորանումՙ ի՞նչ եղավ հանկարծ, որ «Սանիտեքը» հուլիսից սկսեց անգործության մատնվել: Իրական պատճառները կբացահայտվեն ու կհրապարակվեն, թե ոչ, կպարզվի՞ արդյոք, թե ում պոչը որ մեկի տակն է:

Մակընթացությունների ու տեղատվությունների այս քաոսում դժվար է ասել, բայց որ մեր թեկնածուներն օգտվում են երեւանյան աղբի գարշահոտությունից ու բուրավետ խոստումներ տալիս, ակնհատ է: Երկրի կառավարման մեջ փայ մտնելու ձգտումները մայիսից են սկսվել: Աններելի ազնիվ պետք էր լինելՙ կարծելու համար, թե քանդված, թալանված պետությունը ոտքի կանգնեցնելու պարտավորությունից շատերն ինքնակամ կհարաժարվեին: Ոչ միայն չհրաժարվեցին, այլեւ մրցավազքի մեջ մտան, անգամ իրենք իրենց հետ չանկեղծացան, իրենք իրենց չփորձեցին խոստովանել, որ անփորձ են, անտեղյակ, որ Նյուտոնի երեք օրենքներն անգիր անելը, դրսի համալսարանները A-երով ավարտելը երկիր ղեկավարելու հետ ոչ մի կապ չունի: Չգիտակցեցին, որ նույնիսկ մի վարչության ենթաբաժին ղեկավարելու համար ոլորտն ուղնուծուծով ճանաչել է պետք, արմատացած խնդիրը կոսմետիկ թղթաբանությունից տարբերել է պետք, չհասկացան, որ ֆեյսբուքյան հաստաշուրթ սելֆիներով ու լայվ-երով խորազնին աշխատանքի իմիտացիա չի ստեղծվում: Որ սեւ-սպիտակի արանքում իրական գույներ տեսնող, սուր հոտառություն ունեցող, չլվացվող ուղեղով հանրություն կա, որն անփորձ, հավակնոտ ինքնասիրահարվածների պատանեկան սայթաքումներն ու գայթակղությունները կարող է ներել, բայց ո՛չ պետության կառավարման համակարգում:

Պետության կառավարման այսօրվա համակարգի ոչ փոքր ձեւաչափը սպասվում է Երեւանին: 12 թեկնածու, որոնցից կարգին ճանաչվածը Կարգին Հայկոն է մասսայական արվեստում ունեցած շուրջ 20 տարվա ավանդի շնորհիվ: Զարուհի Փոստանջյան, Արտակ Զեյնալյան, Նաիրա Զոհրաբյան, Մհեր Շահգելդյան, Րաֆֆի Հովհաննիսյան, էլ չասենք Անահիտ Թարխանյան, Միքայել Մանուկյան. երեւանցիները թեկնածուներից քչերին են լավ ծանոթ, իսկ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության դարձած Կարգին Հայկոյին «Մեր բակից» մինչեւ «Ազիզյաններ» ճանաչում են 0-100 տարեկան բոլոր երեւանցիները: Չի բացառվում, որ մասսայական արվեստում ունեցած նրա ներդրումը սեպտեմբերի 23-ին գործի նրա իսկ օգտին, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի առաջին իսկ օրը նախընտրական հարթակի վրա հենց Կարգին Հայկոյի կողքին կանգնեց: Իսկ Նիկոլ Փաշինյանին անվերապահորեն ընդունող, նրա կարծիքն ու խոսքն ականջներին օղ անող հասարակական լայն շերտեր դեռ կան, որոնք կարող են դիմացինի կոկորդը կրծել, եթե ներկա իշխանությունների ու հատկապես վարչապետի թեկնածուի մասին մի թթու խոսք ասվի:

Հնուց եկած ճաշակ ու փափագ էՙ իշխանությունը քաղցր բան է: Իշխանությունը շարունակում է ընկալվել ոչ թե ծանր, պատասխանատու աշխատանք ու նվիրում, այլ փառք, արտոնություն, առավելություն: Այլապես կունենայինք Երեւանի քաղաքապետի ոչ թե 12, այլ ամենաշատը մեկ-երկու թեկնածու: Այնքան խնդիր, որ մեր մայրաքաղաքն ունի, այնքան անելիք, որ 30 տարում է կուտակվել, Գագիկ Ծառուկյանի բերած 23 քաղաքապետերն էլ խելք խելքի որ տան, էլի գլուխ չեն հանի: Բայց մի Կարգին Հայկո, մի Արարատ Զուրաբյան, մի Զարուհի Փոստանջյան, Արտակ Ավետյան եւ ուրիշներ տենչում են քաղաքագլուխ դառնալ: Պատրաստ են Երեւանի ու երեւանցու հանդեպ իրենց սիրո մասին երգել, բանաստեղծել, դերասանություն անել, փողոցներում աղբ հավաքել, հեծանիվ քշել, 12 օր Երեւանի ամեն բակ ոտքով չափել, ամեն երեւանցու ձեռքը երկար սեղմել, նրա երեխաներին գրկել ու նրան օծել փառահեղ խոսոտումներով, սիրատոչոր ժպիտներով:

Դեժավյու. մենք սա տեսել ենք նախկինում, այսօր նույնն ենք տեսնում ու լսում, միայն դեմքերն ու կուսակցական դրոշներն են փոխվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ