ՌԴ-ՉԺՀ. ՄԵՂՐԱՄԻՍ, ԹԵ՞ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պ.Ք. Հեռավոր Արեւելքում գոյանում է ուժի նոր կենտրոն. Չինաստանի հետ ռազմավարական մերձեցումը եւ համատեղ զորավարժությունները դարձել են դեպի Արեւելք Կրեմլի վաղուց հռչակած շրջադարձի դրսեւորումը: Ինչպես նշում են արեւմտյան լրատվամիջոցները, դա ԱՄՆ-ին հասցեգրված ուղերձ է: Սակայն, չնայած միմյանց թեւ ու թիկունք կանգնելու Մոսկվայի եւ Պեկինի խոստումներին, չպետք է մոռանալ, որ Ռուսաստանն ու Չինաստանը համագործակցում են ոչ հավասար պայմաններով: Ֆրանսիական La Croix թերթը գրում է երկու երկրների համաձայնեցված գործողությունների մասին: Այս օրերին անցկացվող «Արեւելք-2018» լայնընդգրկուն զորավարժություններում Ռուսաստանը ցուցադրում է իր զորությունը: ՆԱՏՕ-ում կարծում են, որ խոսքը ինչ-որ խոշոր հակամարտության նախապատրաստվելու մասին է: Ներկայիս զորավարժությունները ռուսական զինված ուժերի տասը տարվա արդիականացման արդյունքն է: Զորավարժանքների ընթացքում Ռուսաստանը ցուցադրում է իր մերձեցումը Չինաստանի հետ: Ռազմավարական գործընկերության տեսակետից երկու երկրները մեղրամիս են ապրում: Պեկինն ու Մոսկվան կարծում են, որ Արեւմուտքի մեծ տերությունները ոչնչի առջեւ կանգ չեն առնի իրենց առաջատար դիրքը պահպանելու համար: Երկու երկրները ռազմավարական եւ գաղափարախոսական շատ ընդհանրություններ ունեն ԱՄՆ-ի նախահարձակ քայլերի հակադարձման առումով: Նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը ունեն ընդհանուր տեսակետներ, որոնք արտահայտվում են ՄԱԿ-ի ԱԽ-ում անցկացվող քվեարկությունների ժամանակ: Երկու տերությունները անվտանգության հարցեր են քննարկում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում: Տվյալ կառույցը հիմք է ստեղծում համատեղ զորավարժությունների համար, սակայնՙ ոչ ՆԱՏՕ-ի նմանությամբ: Չինաստանում նախընտրում են ընդհանուր գործի վրա աշխատել պրագմատիկ ձեւով: Արեւելքում Ռուսաստանի սկսած զորավարժությունների մասին է պատմում նաեւ ավստրիական Der Standard թերթը: Հեղինակի կարծիքով, Չինաստանի հետ այդ երկրի համագործակցությունը հանգեցնում է ուժային նոր կենտրոնի ստեղծմանը: Համատեղ զորավարժությունների միջոցով Ռուսաստանն Արեւմուտքին ցուցադրում է իր վերստացած հզորությունը: Դեպի Արեւելք ռուսների շրջադարձը երկար ժամանակ եղել էր ավելի շուտ սպառնալիք, հռետորական ձեւակերպում, քան իրական գործողություն: Սակայն մշտական քննադատությունը, ինչպես նաեւ հարաճուն մեկուսացումը Ռուսաստանին ստիպեցին բարեկամություն փնտրել հեռավորարեւելյան հարեւանի հետ: Եվրասիայում ձեւավորվող ուժի նոր կենտրոնը պահպանողական է եւ քաղաքական առումով բնավ ոչ առաջադիմական: Տնտեսության տեսակետից դրանից հազիվ թե գոյանա գործընկերություն հանուն արդիականացման, որպիսին դեռ մի քանի տարի առաջ Ռուսաստանին առաջարկում էր Եվրոպան: Շարժիչը կանոնավոր է գործում միայն Չինաստանում, իսկ Ռուսաստանը լոկ վառելիքի մատակարարի դեր է կատարում, արձանագրում է հոդվածագիրը: Ռուսաստանի ու Չինաստանի անհավասար համագործակցության մասին է պատմում նաեւ գերմանական Handelsblatt թերթը: Պեկինի ու Մոսկվայի կառավարիչները ցուցադրում են իրենց համախմբվածությունն ընդդեմ ԱՄՆ-ի, բայց նրանց հարաբերությունները լարված են: Երկու երկրների համագործակցությունը խելամիտ է տնտեական եւ քաղաքական տեսակետներից, բայց երկուսից ոչ մեկը չի կարողանում լիովին վստահել մյուսին եւ կուրորեն հույս դնել նրա վրա: Ռուսաստանի Հեռավոր Արեւելքը սակավաբնակ է, եւ այնտեղ աստիճանաբար ավելանում է չինացիների թիվը, որոնց ռուս բնակչությունը բնավ չի սիրում: Տնտեսության ասպարեզում Չիանստանը մեծապես գերազանցում է Ռուսաստանին եւ դա Մոսկվային հաճախակի զգալ է տալիս ռուսական գազի գների կապակցությամբ: Պուտինի եւ Սի Ցզինպինի օրերս կայացած հանդիպման արդյունքը ավելի շատ խոսքերն են, քան գործերը, նշում է հեղինակը: Վլադիվոստոկումՙ Արեւելյան տնտեսական համաժողովում Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների հանդիպման մասին հաղորդում է բրիտանական The Times թերթը: Սի Ցզինպինը առաջին անգամ է մասնակցում այդ համաժողովին եւ մեկ տարվա ընթացում երեք հանդիպում է ունեցել Պուտինի հետ: Երկու ղեկավարների զրույցը տեւել է մի քանի ժամ: Սի Ցզինպինը Պուտինին խոստացել է համատեղ ուժերով պայքարել ներհովանավորչության դեմ: Դա գրեթե անսքող սպառնալիք է ԱՄՆ-ի հասցեին, ինչը կարող է ուժեղացնել արդեն իսկ սկսված առեւտրական պատերազմը: Չին ղեկավարը տվյալ հայտարարությունն արել է այն պայմաններում, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է բարձր մաքսատուրքեր սահմանել եւս 200 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական ապրանքների վրա: Այս տարի Թրամփը արդեն մաքսատուրքեր էր սահմանել 50 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների վրա, ինչին Պեկինը նույնական պատասխան էր տվել: ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի բանակցությունները չփոխեցին իրավիճակը: Ռուսաստանի արեւելքում անցկացվող զորավարժություններին մասնակցում է 300 հազար զինծառայող: Մի քանի շաբաթ հետո ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Նորվեգիայում: Հյուսիսատլանտյան դաշինքը այդ ձեւով արձագանքում է ռուսների գործողություններին, արձանագրում է շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթը: Ռուսական բանակի ներկայիս բարձր մարտունակությունը որոշակիորեն կապված է զորավարժությունների անցկացման հետ: ՆԱՏՕ-ն ջանում է հնարավորության սահմաններում հետ չմնալ: 2014 թ. Ուելսում կայացած դաշինքի գագաթաժողովում որոշվեց ծանրության կենտրոնը տեղափոխել պաշտպանության հավաքական սցենարի վրա, մանավանդՙ Ղրիմի բռնակցման պայմաններում, գրում է թերթը: Նորվեգիայում հոկտեմբերին կայանալիք Trident Juncture 2018 զորավարժություններին կմասնակցի մոտ 40 հազար զինծառայող ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներից: Զորավարժանքին կմիանան Շվեդիան եւ Ֆինլանդիան: ՆԱՏՕ-ի այդ զորավարժությունները կդառնան խոշորագույնը սառը պատերազմի ավարտից ի վեր: |