RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-09-16 18:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 5303, Տպվել է` 561, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՅԼՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կրեմլում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ ամենահաճախը հնչել է «հարաբերություն» բառը: Կոնկրետՙ 25 անգամ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը արտասանել ենՙ «հարաբերություն», ընդ որումՙ 20 անգամ դա արել է Փաշինյանը: Ընդ որում, ամեն անգամ հարաբերություն բառն ասելիսՙ ՀՀ վարչապետը դիմացը կիրառել է որեւէ ածական-որոշիչ, օրինակՙ «փայլուն», «առանց անլուծելի խնդիրների», «իրապես բարեկամական», «զարգացման մեծ ներուժով»: Մի խոսքով: Պուտինն ավելի կարճ է խոսել. ՌԴ նախագահը հիմնականում արտահայտվել է երկկողմ առեւտրաշրջանառության մասին, որի թվերը, ըստ Պուտինի, աճել են, եւ գազի մասին, որը ինչպես ՌԴ նախագահն է շեշտելՙ Ռուսաստանն աշխարհում ամենաէժանը Հայաստանին է վաճառում: Ի դեպ, ըստ Հայաստանի վարչապետիՙ Պուտինը լրջորեն զարմացել է, երբ իմացել է, որ հայ սպառողները (ՀՀ հպարտ քաղաքացիները) գազի դիմաց թանկ են վճարում, եւ հիմա ինքն ու Պուտինը պետք է ուսումնասիրեն, թե ինչո՞ւ է աշխարհում ամենաէժան գազը հայաստանցիների համար թանկ հաճույք: Անկեղծ ասած, եթե Պուտինին սա զարմացրել է, ապա պատկերացնո՞ւմ եք, թե որքան կզարմանա, երբ նույն Փաշինյանից իմանա, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում: Ամեն դեպքում, արժի հայտնել ՌԴ նախագահին այդ մասին, մարդը հնարավոր է տեղյակ չէ՞...

Կատակըՙ մի կողմ, Ռուսաստանի նախագահը տեղյա՞կ է, որ հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես վարչապետ Փաշինյանն է ասում, փայլուն են: Եթե տեղյակ է, ապա ինչո՞ւ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, երբ 5 անգամ օգտագործել է «հարաբերություններ» բառը, գոնե մի անգամ չի ասել, որ դրանք փայլուն են: Ավելին, երբ Փաշինյաննՙ իր եւ Պուտինի նախորդ հանդիպման համեմատ կատարելագործված ռուսերենով ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ՌԴ նախագահը նույնիսկ գլխով հավանության նշան ցույց չի տվել: Կնշանակի կա՛մ Պուտինը համաձայն չէ այս հարցում Փաշինյանի հետ, կա՛մ էլ ՌԴ նախագահը համեստ մարդ է ու ուզում է, որ ոչ թե ինքը նման ճոխ բառեր ասի, այլ զրուցակիցները: Օրինակ, մի քանի օր առաջ Մակրոնը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահն ուզում է քանդել Եվրոմիությունը, չնայած դրանՙ ինքը հարգում է նախագահ Պուտինին: Կրեմլից էլ պատասխանել էին. նախագահ Պուտինը եւս հարգում է նախագահ Մակրոնին: Մի խոսքով, համարենք, որ ՌԴ նախագահը համաձայն է մեր սիրելի վարչապետի հետ ու եւս կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:

Բայց ի՞նչ է դա նշանակում, ո՞ր պարագայում պետք է Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները հայտարարեն, թե երկկողմ հարաբերությունները փայլուն են: Օրինակ, եթե Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է աշխարհում ամենաէժան գնով, կնշանակիՙ Հայաստանի համար մեր հարաբերությունները փայլուն են, բայց եթե Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է աշխարհում ամենաէժան գնով, փոխարենը Հայաստանին ձրի թույլատրում է իր տարածքում ռազմաբազա ունենալ, ուրեմն Ռուսաստանի կարծիքով էլ մեր հարաբերությունները փայլուն են: Այսինքն, որպեսզի երկու ղեկավարներն արձանագրեն երկկողմ հարաբերությունների փայլը, պետք է երկուսն էլ զգան: Հիմա, բնական է, որ ըստ Փաշինյանի հայ-ռուսական հարաբերությունների փայլից բոլորիս աչքերը կկոցվում են, մարդուն, ի վերջո, լավ ընդունել են Կրեմլում, այն էլՙ Չինաստանից ավելի բազմանդամ պատվիրակությամբ: Պուտինի հետ լուսանկարների մեծ հավաքածու ունի արդեն, Լավրովի հետ կատակով է շփվում, մի խոսքով...

Բայց, ի՞նչ եղավ Պուտին-Փաշինյան փայլուն հանդիպումից հետո: Հանկարծ տարածվեց ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որի բովանդակությունը... կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ այդ երկուսի գաղտնի խոսակցությունը հնարավոր է հրապարակել: Որքանով դա կապ ունի Ռուսաստանի հե՞տ, չգիտեմ, բայց գիտեմ երկու բան. Հայաստանում կապի բոլոր օպերատորները Ռուսաստանի հետ կապ ունեն եւ նախագահ Պուտինը վարչապետ Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը միայն 5 անգամ է օգտագործել «հարաբերություններ» բառը ու դա արել է առանց ածականների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ