ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՐԾԱՐԾՈՒՄ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԸ Պ.Ք. Ռուսաստան-Իրան-Թուրքիա դաշինքի փորձություն Երբ սեպտեմբերի սկզբներին, բառացիորեն Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների թեհրանյան հանդիպման նախօրեին, թուրքական բավական հայտնի Sozcu թերթի մեկնաբան Զեյնաբ Գյուրջանլին հաղորդեց, որ Անկարայում լուրեր են պտտվում Նախիջեւանում ռազմակայանի բացման մասին, անմիջապես ծագեցին բազմաթիվ հարցեր: Բանն այն է, որ տվյալ թեման թուրքական լրատվամիջոցներում պարբերաբար արծարծվում է 2009 թվականի վերջերիցՙ զանազան ձեւերով վերահայտնվելով ադրբեջանական եւ հայկական ԶԼՄ-ներում: Ավելի վաղ այն հայտնվել էր Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժի կողմից ռուսական ռմբակոծչի խոցումից հետո ռուս-թուրքական հարաբերությունների վատացման կապակցությամբ: Հետո դրա մասին խոսեցին այս տարվա հունիսի կեսերին, երբ Նախիջեւանում անցկացվում էին Ադրբեջանի եւ Թուրքիայի հերթական զորավարժությունները: Այն ժամանակ Նախիջեւանում թուրքական ռազմակայանի ստեղծումը ուներ գոնե ինչ-որ շարժառիթային հիմնավորում: Օրինակ Բաքվում հայտարարում էին, որ Թուրքիայի հետ ռազմական դաշինքը հիմնավորվում է Հայաստանի հետ ռազմավարական զուգակշռություն ապահովելու ցանկությամբ, երկիր, որը ռազմաքաղաքական դաշինք ունի Ռուսաստանի հետ: Իսկ ի՞նչ է տեղի ունենում այժմ: Գյուրջանլիի հաղորդման վրա գուցե կարելի էր ուշադրություն չդարձնել, մանավանդ որ այն չէր մանրամասնում, թե ինչ աղբյուրներից է տեղեկություն ստացվել Թուրքիայի ղեկավարության ծրագրերի մասին, եւ առհասարակ գոյություն ունե՞ն արդյոք նման ծրագրեր: Սակայն նրա հաղորդմանը շտապ արձագանքեց Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Իսմայիլ Հագգի Պեկինը : Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարեց հետեւյալը. «Նախիջեւանում տեղաբաշխված է Ադրբեջանի զինված ուժերի կորպուս, Անկարան նրան ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն: Այնտեղ գտնվում են մեր ռազմական խորհրդականները, Թուրքիան սերտորեն համագործակցում է Նախիջեւանում սահմանապահ զորքերի եւ հատուկ նշանակության ուժերի հետ: Երբ անհնար է լինում Բաքվից վառելիք ուղարկել զորքերի համար, Անկարան, իսկ երբեմն էլ Իրանը, վառելիքով ապահովում են ինքնավարության զինված ուժերին»: Ընդսմին գեներալը ուշադրություն դարձրեց այն բանին, որ «Նախիջեւանը սահմանակից է մի կողմից Հայաստանին, մյուս կողմիցՙ Թուրքիային» եւ «Նախիջեւանի զինված ուժերին Անկարայի աջակցությունը մտահոգում է Երեւանին, բայց դա չպետք է անհանգստություն պատճառի, մինչդեռ մոտակայքում ՆԱՏՕ-ի ռազմակայանի հայտնվելը կարող է անհանգստացնել Իրանին»: Բացի դրանից, Պեկինը հարց էր տալիսՙ ի՞նչ կարիք կա ռազմակայան ստեղծել Նախիջեւանում, եթե մոտակայքում գտնվող Դողուբայազիդ, Կարս եւ Էրզրում քաղաքներում առանց այդ էլ տեղաբաշխված են թուրքական զորամասեր: Նույնիսկ եթե նկատի ունենանք որոշ հայ փորձագետների ենթադրած սցենարը, ըստ որի Լեռնային Ղարաբաղում պատերազմի բռնկման դեպքում Ադրբեջանը կարող է հարված հասցնել Նախիջեւանից, ապա դա կլինի հարված արդեն Հայաստանի տարածքին, ինչը համապատասխան եւ համարժեք պատասխան կստանա ՀԱՊԿ-ի կողմից: Մոսկվայի եւ Երեւանի ստորագրած պայմանագրի համաձայն, Հայաստանում տեղաբաշխված ռուսական 102-րդ ռազմակայանը, Ռուսաստանի շահերի պաշտպանությունից բացի, ապահովում է նաեւ ՀՀ պաշտպանությունը նրա սահմանների ամբողջ երկայնքով: Ուստի տվյալ փուլում անհնար է ենթադրել իրադարձությունների վտանգավոր զարգացում եւ նախահարձակման վտանգ: Չպետք է ենթադրել նաեւ, թե Թուրքիան ներկայումս աշխարհաքաղաքական ճեղքում է նախապատրաստում Անդրկովկասի ուղղությամբ, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Ներկայումս Անկարան ունի աշխարհաքաղաքական ուրիշ գերակայություններ, որոնք կապված են Սիրիայի ռազմական ճգնաժամի կարգավորման զանազան կողմերի հետ, ինչին անհնար է հասնել առանց Ռուսաստանի եւ Իրանի հետ դաշինքի պահպանման: Այլ հարց է, որ Թուրքիայում որոշակի քաղաքական ուժեր հույս ունեն, թե Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակման սանձազերծման դեպքում Անկարան կարող է Նախիջեւանից երկրորդ ճակատ բացել Իրանի դեմ: Գուցե հենց այդ երեւույթների հետ է կապված Գյուրջանլիի հրապարակումը Նախիջեւանում ռազմակայանի ստեղծման հնարավորության վերաբերյալ: Ավելի վաղ, ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը պնդում էր, թե «Իրանի հետ հարաբերությունների վատթարացման կապակցությամբ ԱՄՆ-ը թերեւս նույնիսկ ողջունի Թուրքիայի ռազմական ներկայությունը Նախիջեւանում»: Բայց կան նաեւ այլ հարցեր: Ներկայումս Արցախի Հանրապետության եւ Նախիջեւանի հարցերը ոչ միայն փոխկապակցվում են, այլեւ ապագայում կարող են շաղկապվել քրդական հարցի հետ: Այս կապակցությամբ թուրքական Cumhuriyet թերթը հաղորդում է, որ «Մերձավոր Արեւելք կոչվող տարածաշրջանը արդեն փաստորեն ծնել է անկախ քրդական պետություն, եւ հարկավոր է խոսել 1920 թ. Սեւրի պայմանագրի մասին, որը նախատեսում էր Հայկական մեծ պետության ստեղծում»: Այս առնչությամբ հասկանալի են դառնում որոշ հայ փորձագետների մտահոգությունները Նախիջեւանում Թուրքիայի դիրքերի ամրապնդումից: Իսկ առայժմ Նախիջեւանիՙ որպես Ադրբեջանի պրոտեկտորատի (հովանավորյալ տարածք) անվտանգության երաշխավորի դերում հանդես է գալիս ոչ միայն Թուրքիան, այլ նաեւ Ռուսաստանը: Սա շատ բան է վկայում, եւ կասկած չկա, որ Մոսկվան ու Անկարան ուշադիր հետեւում են այդ տարածաշրջանի իրադրությանը: |