ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՎԻՐԱՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման եւ սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաեւ երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի Նորշեն գյուղի ավագ դասարանի աշակերտները: Տարբեր ոլորտների յուրահատկություններին ծանոթացող պատանիները, հեռահաղորդակցությանն առնչվող հատվածում բացահայտել են կարեւոր գիտելիքներ: Մասնավորապեսՙ ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեության պատմությանը, մեկնարկային քայլերին, պատասխանատու կառավարման մոդելի առանձնահատկություններին, ընկերության արժեհամակարգի առավելություններին, սպառողին առաջարկվող նորարարություններին եւ այլն: «Գոյություն ունեն կառավարման տարբեր մոդելներ: Յուրաքանչյուր ընկերություն ազատ է ընտրություն կատարելու հարցում, սակայն հաջողված կարելի է համարել այն մոդելը, որի հիմքում պատասխանատվությունն է, շուկայում ճկուն եւ առողջ մրցակցություն ապահովելու կարողությունը, սպառողի օրեցօր աճող պահանջները վերլուծելն ու առաջարկություններ ներկայացնելը: Պահանջներն այսքանով չեն սահմանափակվում: Այս ամենի հիմքումՙ հարգանքի վրա ձեւավորված արժեհամակարգն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ճանաչողական այցի նախաձեռնողները համոզված են, որ ստացած գիտելիքներն աշակերտների համար կարեւոր հիմք կհանդիսանան հետագայում աշխատանքային ուղիների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու ժամանակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում պատանիները ծանոթանացել են նաեւ նորարարությունների խթանմանՙ ընկերության մարքեթինգային քայլերին եւ շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին: Այցն ավարտվել է ինտերակտիվ քննարկման մթնոլորտում: |